HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

1994 թ. լուծված Արցախի հարցը իրավաբանական տեսքի պիտի բերվի

12_06-g_sahakyan2«Դու ինչ ունես, դա ճանաչում ես: Որևէ մի զավակ մեծանալուց հետո չի դնում հարց` ծնողին ճանաչու՞մ է, թե՞ չի ճանաչում: Ինչը քոնն է, դա քոնն է»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու՞ մինչ այժմ ՀՀ Ազգային ժողովում չի առաջադրվել Արցախը ճանաչելու հարցը: Ասուլիսին հարց հնչեց, որ ադրբեջանցի պատգամավորները կառավարությունից պահանջում են ԼՂ հարցի կարգավորման հայեցակարգ ներկայացնել խորհրդարան, և պե՞տք է, արդյոք, մենք ևս նման հայեցակարգ ունենանք: «Այս պահին դիրքեր ճշտելու անհրաժեշտություն չկա, որովհետև 20 տարի շարունակ ամբողջ քաղաքական ուժերը, իշխանության տարբեր թևերը հենց Ղարաբաղյան խնդիրը դարձրել են իրենց օրակարգի առաջնահերթ խնդիրը: Դա մեզ համար կարևորագույն խնդիրն է, և յուրաքանչյուր հայ տեսնում է, որ անընդհատաբար և' հասարակությունը, և' իշխանությունները (և շեշտեմ` ցանկացած իշխանություն) որևէ բանաձև չի փոխում Ղարաբաղի հարցով: Առավել ևս այսօրվա գործող իշխանությունները: Մեր ամբողջ պետական հայեցակարգերը կազմված են հենց Ղարաբաղյան խնդրի լուծման հիմքում. լրացուցիչ հայեցակարգերի կարիք չկա: Դա արդեն արյան կանչ է, մեր արյունը հենց ներարկված է այդ խնդիրները լուծելու համար: Թուղթը չի կարող որոշել. դա մեր ազգային կարևորագույն խնդիրներից մեկն է, և դա մենք համարում ենք մեր պետության ամրացման հետագա գործոն»,- ասաց Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջանում արած այն դիտարկմանը, թե ԼՂ հարցը պատմական շատ մոտ հեռանկարում լուծելու հնարավորություն կա, Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը լուծելու հնարավորություն կա, բայց ոչ մոտ ապագայում: Լրագրողներից մեկը նշեց, որ ընդդիմադիր 3 ուժերը սկսել են խոսել իրենց պլատֆորմների մասին, որոնցում առանցքային է Արցախի և ազատագրված 7 շրջանների ճանաչման հարցը խորհրդարանում դնելը: «Առայժմ նման հայեցակարգ մշակված չէ, ներկայացված չէ, քննարկման փուլում չէ: Միշտ էլ ընդդիմադիր ճակատն առավել խոսք պիտի ասի, և անկախ նրանից` դա մեր պետության համար հիմք կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, շատ կարևոր նշանակություն ենք տալիս, որովհետև, իհարկե, բոլորիս ցանկությունը դա է, որ 7 շրջաններով Ղարաբաղը մերը լինի, առավել ևս այն 400 հազ. քառ. կմ հայաստանյան տարածքները մերը լինեն»,- ասաց նա: Միաժամանակ Գալուստ Սահակյանը նշեց, որ դիվանագիտական գործընթացները տարբերվում են վերոնշյալից. «Մի բան են ցանկությունները, մի այլ բան է դիվանագիտորեն որոշակի խնդիրներ լուծելը: Իհարկե, ես ողջունում եմ, եթե քաղաքական ուժեր կան, որ ավելի կոշտ են դնում հարցը, իսկ այդ կոշտությունը նաև ապահովում է իշխանությունների` հետագա բանակցային պրոցեսներում դրականորեն հանդես գալը»: Գալուստ Սահակյանը նշեց, որ Արցախի հարցը իրենք և այսօրվա երիտասարդ սերունդը միասին պետք է լուծեն: «Ես` որպես կրտսեր սերնդի ներկայացուցիչ, չեմ հասկանում, մի՞թե 94 թ. չի լուծվել Ղարաբաղի խնդիրը» հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե լուծվել է, բայց իրավաբանական տեսքի պիտի բերվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter