HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Գալուստ Սահակյանի` Հայաստանի վերաբերյալ «Freedom House»-ի գնահատականները «շինծու» են

Ռուսաստանի քաղաքական շրջանակների բացասական արձագանքը` Հայաստանում Վրաստանի նախագահին ջերմ ընդունելություն ցույց տալու և պատվո շքանշան շնորհելու առթիվ, պայմանավորված է վրաց-ռուսական հարաբերություններով և «բնավ կապ չունի մեր և Վրաստանի հարաբերությունների հետ»: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Վրաստանն այն երկիրն է, որով մենք կարողանում ենք մեր տնտեսական խնդիրները լուծել կամ իրացնել: Վրաստանի հետ մենք պիտի կարողանանք մեր գործընկերությունը ավելի ու ավելի խորացնել»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ Միխայիլ Սահակաշվիլու այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները որևէ փոփոխություն չեն կրել: Միաժամանակ նա նշեց, որ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան արգելելը մեծ լարվածություն առաջացրեց, և հայկական կողմն անմիջապես արձագանքեց միջադեպին: «Միևնույն ժամանակ Վրաստանի իրավիճակը լարված է: Շիրակ Թորոսյանը խոսող անձնավորություն է, և իր գաղափարախոսությունը ամբողջովին ուղղված է Ջավախքին: Երևի սա է պատճառ եղել. հիմնականում բնութագրերը այդպիսին են, այսինքն` անցանկալիությունն է: Բայց կարծում եմ, որ լարվածությունը թուլացել է, և մենք պատեհ առիթներով անընդհատ խնդիրը տաք ենք պահում»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ չի կարծում, թե հաջորդ անգամ Վրաստան գնալիս Շիրակ Թորոսյանը նույն խնդրի առաջ կկանգնի: Լրագրողներից մեկը ՀՀԿ խմբակցության ղեկավարին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած զեկույցը Հայաստանը գնահատել է որպես կիսաավտորիտար ռեժիմ և կասկածի տակ առել նախագահական և խորհրդարանական ընտրություններին եվրոպացի դիտորդների տված դրական գնահատականները: Գալուստ Սահակյանը նշեց, որ վերաբերմունք չունի «Freedom House»-ի նկատմամբ: «Տեղյակ էլ չեմ և արտասահմանյան այդքան մեծ հետաքրքրությունների շրջանակ չունեմ: Իհարկե, որ դրական բան ասում են, ուրախանում եմ, բայց եթե բացասական է, միշտ քաղաքական տեսանկյունից եմ նայում. շինծու է, ինչ-որ խնդիր լուծելու երկրի ներսում»,- ասաց նա: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ հնարավոր չի համարում ընդդիմադիր դաշտի համագործակցությունը, քանի որ «ընդդիմադիր դաշտը գաղափարական տեսակետից բավականին անջատված է, իսկ եթե գաղափարներ չկան, համատեղ մոտեցումներ չեն կարող ձևավորվել»: Նա նաև համոզմունք հայտնեց, որ աշնանը երկրում քաղաքական փոփոխություններ չեն լինի, քանի որ «դրա քաղաքական նախապայմանը չկա»: Ասուլիսի ժամանակ նաև հարց եղավ, թե արդյո՞ք նպատակահարմար է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակի մնալ կոալիցիայի մեջ, քանի որ Երևանի ավագանու ընտրություններից հետո պարզ դարձավ, որ այդ կուսակցությունը քվե չունի: «Կոալիցիան երկու համապետական ընտրությունների հետևանք է, իսկ Երևանի ավագանու ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ցանկացած կուսակցություն կարելի է վերցնել և ասել. «Վանաձորում էլ չեն հաղթել, Գյումրիում էլ չեն հաղթել. կոալիցիայից դուրս պիտի գան»»,- ասաց Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով այն հացին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստվում է հետ կանչել իր քվոտայով նշանակված մշակույթի նախարարին, քանի որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` երեկ հրապարակած փաստերի համաձայն` մշակութային մեծ արժեք ներկայացնող, 10-րդ դարի վանքեր են երեսպատվել ժամանակակից շինանյութերով, և դրանով իսկ աղավաղվել, Գալուստ Սահակյանն ասաց. «Քննարկման ժամանակ ասվեց, որ հենց Հասմիկ Պողոսյանը այդ գործով դիմել է դատախազություն: Այնպես որ, իրավապահ մարմինները կվերլուծեն, դրանից հետո պարզ կդառնա: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տեսակետին, ուզում է Հանրապետականի քվոտա լինի, ուզում է ընդհանրապես քվոտա չունենա, եթե զանցանք-հանցանք է կատարվում, անպայման պիտի պատժվեն»: ԵԽԽՎ` Հայաստանին վերաբերող վերջին բանաձևի մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ «Եվրախորհրդի կողմից բավականին օբյեկտիվ գնահատական տրվեց նախորդ բանաձեւերի առումով կատարված աշխատանքին: Իհարկե, դրանով չավարտվեցին մեր երկրի խնդիրները: Մենք փորձելու ենք առաջընթաց ապահովել, իսկ դա անընդհատական պրոցես է: Եվ կարծում եմ` այդ որոշումը կնպաստի հետագայում դրական քաղաքական զարգացումներին մեր պետության ներսում»: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները բավականին «ծայրահեղ և գռեհիկ» գնահատականներ տվեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերջին նախաձեռնությանը ԵԽԽՎ-ում` Գալուստ Սահակյանն ասաց. «Իհարկե, գնահատականներ պիտի տրվեին: Կարծում եմ` որակումների առումով ինչ էլ ասվի, համենայնդեպս, արարքի գնահատականը լրիվ կերպով չի արտահայտվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter