HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի համայնքապետերը «շոկի» մեջ են ընկել` լսելով Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին

Երեկ` հունիսի 30-ին, Վերահսկիչ պալատի խորհուրդը ներկայացրեց Արմավիրի մարզում կատարած իր բացահայտումները, որի արդյունքում նույնիսկ որոշում կայացրեց Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղական համայնքի ծախսերի վերաբերյալ նյութերն ուղարկել դատախազություն: Այս համայնքում ստուգման ընթացքում պարզվել էր, որ Տալվորիկի բնակչությունից 964 հազար դրամ խմելու ջրի և հոսանքի ծախսերը փակելու համար գումար է հավաքվել, որից միայն 108 հազարն էր մուտքագրվել և փակվել, իսկ 856 հազարի վերաբերյալ որևէ բացատրություն կամ փաստաթուղթ չի եղել: Բացի այդ, Տալվորիկում գնվել են տարբեր տարիների արտադրության` 20-30 տարվա մեխանիզացիաներ, որոնք հիմնականում շատ հին են եղել, եւ վաղուց արդեն շարքից դուրս եկած: Յուրաքանչյուր մեխանիզացիայի համար վճարվել է 500 հազար դրամից մինչև 6-6.5 մլն դրամ: Տալվորիկում այլ ֆինանսական խախտումներ նույնպես հայտնաբերվել են: «Մեկ գյուղի համար այս փաստերը շատ-շատ են, որպեսզի մենք կարողանանք սա համակարգել և ամբողջ նյութերն ուղարկել դատախազություն և պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- երեկ հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանը նշեց, որ ինքը ծանոթ չէ իրենց համայնքում Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումներին: Երբ մանրամասն ներկայացրինք չարաշահումները, Կիրակոս Սաղաթելյանը շատ հանգիստ պատասխանեց. «Հայտնաբերել են, թող հայտնաբերեն, ի՞նչ անենք, հետո էլ՝ այդ թեմայով չեմ ուզում քո հետ խոսեմ»: Պարոն Սաղաթելյանի պահվածքից կարելի էր ենթադրել, որ նրան ամենեւին էլ չի հետաքրքրում, որ Վերահսկիչ պալատը Տալվորիկին վերաբերող փաստերն ուղարկել է դատախազություն, եւ դա չի բխում ո՛չ իր, ո՛չ էլ տալվորիկցիների շահերից: Նրա հանգիստ պահվածքը վկայում էր, որ համայնքապետը կամ լավ ծանոթ ունի եւ այս ամենի միջով հանգիստ կանցնի, կամ էլ դատախազության հետ «լեզու» է գտել: Բավականին լուրջ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ մարզի այլ համայնքում` հատկապես հողերի վաճառքի հետ կապված: Ասենք՝ մեկ հեկտարը 35438 դրամով վաճառվել է 10 հա հող: Համայնքի բյուջե մուտք է կատարվել 354 հազար դրամ: Մեկ օր հետո նույն հողը վերավաճառվել է 3 մլն 900 հազար դրամով: Վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ նմանատիպ դեպքերը շատ են, հատկապես Փարաքար համայնքում, ավելի կոնկրետ` օդանավակայան տանող ճանապարհի հարակից տարածքներում: Մայրաքաղաքային 10 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը գյուղապետի որոշմամբ վաճառվել է ոմն Է. Մկրտչյանի՝ 889 հազար դրամով: 3 ամիս անց նույն շինությունը տվյալ քաղաքացին վաճառել է մեկ այլ անձի` այս անգամ արդեն 15.5 մլն դրամով: Իշխան Զաքարյանը հայտարարել էր նաեւ, որ Փարաքար գյուղում խաղատների եւ կահույքի խանութների համար վաճառվել է հողատարածք` 1քմ 6.7 դրամով: 01_07-vardanyanԱյս առնչությամբ Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Վերահսկիչ պալատն իրենց մոտ ստուգումներն անցկացրել է փետրվար-մարտ ամիսներին եւ արդյունքների մասին համայնքապետարանը պաշտոնապես դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստացել ՎՊ-ից: Անդրադառնալով խաղատների եւ կահույքի խանութների համար «ջրի գնով» հողերը օտարելու՝ Իշխան Զաքարյանի արած հայտարարությանը՝ պարոն Վարդանյանն ասաց, որ նման բան չկա, քանի որ Փարաքար համայնքի եւ հատկապես Թաիրով գյուղի ճանապարհի աջ եւ ձախ կողմում կահույքի սրահները եւ խաղատները կառուցվել են 1991 թվականին հատկացված հողերի վրա, եւ այդ տարածքում ոչ մի բան չի վաճառվել: ՎՊ կողմից մատնանշված Մայրաքաղաքային 10 հասցեում կիսակառույց շինության վաճառքի հետ կապված էլ գյուղապետը նշեց, որ 30.05.1997 թ. Փարաքարի գյուղապետի թիվ 70 հրամանը կա, որով Էդվարդ Ժորայի Մկրտչյանին հատկացվել է 80 քմ հողատարածք` իրենց կողմից նախկինում օգտագործված օժանդակ հողամաս, առեւտրի սրահ եւ ավտոտեխսպասարկման նպատակով կառույց կատարելու համար: «Նույն տարածքի վրա կատարվել էր ինքնակամ շինություն, բայց դեռեւս 1997 թվականից այդ հողը հանդիսացել էր այդ մարդու սեփականությունը: Քանի որ շինարարություն կատարելու ժամանակ ինքը մի փոքր դուրս էր եկել իրեն հատկացված տարածքից, դա ճանաչվել էր որպես ինքնակամ կառույց եւ 889 հազար 772 դրամ վճարելով համայնքային բյուջե՝ օրինականացրել էր: Ինքը կարող էր նույնիսկ իր 80 քմ-ի վրա, ընդամենը 10 հազար դրամ վճարելով՝ իրականացներ շինարարություն, բայց քանի որ շինարարությունը ինքնակամ է եղել, դրա համար էլ այդքան գումար է վճարել: Դրա համար կա օրենք եւ այնտեղ գրված է, թե որ շինությունը ինչ գնով պետք է օրինականացնենք, կոնկրետ թվերը նշված են օրենքում: Այդ տարածքը մենք չենք վաճառել, դա իր սեփականությունն է եղել, ես ինչպե՞ս կարող եմ բռնանալ նրա սեփականության վրա: Մարդու սեփականությունն է եղել, եւ եթե նա որոշ ժամանակ անց վաճառել է այն, դա իր գործն է, ես ինչպե՞ս նրան ասեի՝ քո սեփականությունը մի վաճառի»,-ասաց Փարաքարի համայնքապետը: Ինչ վերաբերում է օդանավակայան տանող ճանապարհին բավականին ցածր գնով հողեր օտարելուն, Սամվել Վարդանյանն ասաց, որ օդանավակայան տանող ճանապարհին այդ մեծության հողեր չունեն, եւ այնտեղ ընդհանրապես հողեր չեն օտարվել: Համայնքապետի ասելով՝ Փարաքար համայնքում գյուղնշանակության հողի կադաստրային արժեքը 1հա-ն 56 հազար դրամ է, եւ ինքն այլ գնով վաճառելու իրավունք չէր կարող ունենալ: «Դա օրենքով է սահմանված: Ես ոչ կարող եմ փոխել, ոչ էլ ավելացնել կամ պակասեցնել` 1քմ գալիս է մոտ 6 դրամ: Բացի դա, Փարաքար համայնքում չի եղել դեպք, որ հողամասն, ասենք, այսօր առնեն ու վաղը վաճառեն: Եթե ձեզ հայտնի է կոնկրետ դեպք, ասեք, տեսնեմ ով է գնել ու վաճառել, այդպիսի բան ես չգիտեմ: Մեզ մոտ սեփականաշնորված հողերի չափաբաժինը 1500քմ է, իսկ ամենաշատ վարձակալական հողը չի անցնում 1000քմ-ից:  Բայց մի բան էլ ասեմ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից հետո նույնիսկ կադաստրային արժեքով հողեր չենք կարողանում վաճառել, որովհետեւ գնորդ չկա»,- ավելացրեց Ս. Վարդանյանը: Համայնքապետի ասելով՝ ինքն էլ է զարմացել, երբ հեռուստատեսությամբ լսել է իր համայնքի վերաբերյալ ՎՊ-ի ներկայացրած փաստերը: Հարցին, թե Իշխան Զաքարյանի ներկայացրած փաստերի ետեւում կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ կա, քանի որ համայնքապետը ՀՀԿ անդամ է, իսկ ՎՊ-ի նախագահը` ԲՀԿ-ական, Ս. Վարդանյանն ասաց. «Դե, մարդիկ աշխատանք են իրականացրել, ի՞նչ կա այդտեղ: Հանրապետակա՞ն, թե՞ անկուսակցական, ես այստեղ ոչինչ չեմ տեսնում»: Փարաքարի համայնքապետին հարցրինք նաեւ՝ «ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, եթե պարզվի, որ Իշխան Զաքարյանի ներկայացրած փաստերը իրականությանը չեն համապատասխանում, արդյո՞ք կպայքարի իր անունը արատավորողների դեմ», ասաց. «Այդ մասին մենք հետո կխոսենք երեւի, տեսնենք ոնց է լինելու, դեռ քննարկումներ կլինեն եւ այլն: Այդ պահին որ լսեցի, մի տեսակ վրդովմունք մոտս առաջացավ, որովհետեւ ես ոչ մի բան սխալ չեմ արել»: Արմավիրի մարզի Մարգարա գյուղում էլ «Արաքս-ավազան» և «Վինեկա» ՍՊԸ-ներին հատկացվել է 4-ական հեկտար հող, որն, ըստ պայմանագրի, հատկացվել էր գյուղմթերքներ արտադրելու համար: 1 հեկտար հողը ՍՊԸ-ներին տրամադրվել է 25 հազար դրամով: Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից պարզվել է, որ ոչ մի գյուղմթերք էլ չի արտադրվում հատկացված հողամասերում, եւ դրանք օգտագործվել են սև ավազի հանքավայրերը օգտագործելու նպատակով: «Մեկ մեքենա սև ավազի գինը 25-30 հազար դրամ է: Այսինքն` մեկ մեքենայի գնով մեկ հեկտարը տարեկան տրվել է վարձակալության: Սա շատ շահավետ բիզնեսի աղբյուր է իրենց համար»,- հայտարարել է Իշխան Զաքարյանը: Մեզ հետ զրույցում Մարգարայի համայնքապետ Խաչիկ Ասատրյանը նախ նշեց, որ նշված հողատարածքները ՍՊԸ-ներին հատկացվել են դեռեւս նախորդ համայնքապետի պաշտոնավարման ժամանակահատվածում, ապա ավելացրեց. «Հող հատկացված տարածքներում ավազահանում չի կատարվում: Ավազը հանվում է Արաքսի հունից, եւ հատկացված տարածքը զուտ գետին մոտենալու նպատակին է ծառայեցվում: Այդ հողերը անպիտան հողեր են, լրիվ մացառուտ է, եւ այնտեղ հնարավոր չէ գյուղատնտեսական մթերքներ արտադրել»: Համայնքապետի ասելով՝ Վերահսկիչ պալատի մասնագետներն իրենց համայնքում եղել են եւ ուսումնասիրությունների արդյունքում ոչ մի չարաշահում չեն հայտնաբերել, իսկ «Արաքս-ավազան» և «Վինեկա» ՍՊԸ-ներին հատկացված հողերի օգտագործման նպատակը, ըստ Խաչիկ Ասատրյանի, Վերահսկիչ պալատի մասնագետները լավ չեն պատկերացնում: «Պետությունն ահռելի ծախսեր է անում գետերի հունը մաքրելու համար, ի՞նչ վատ բան կա, որ Արաքսից ավազ հանելով՝ միանգամից գետի հունն էլ մաքրվում է: Գետից ավազ հանելով՝ ոչ մեկին վնաս չեն տալիս, քանի որ Արաքսը ավազոտ գետ է եւ փորած տեղում մի քանի ժամ հետո նորից ավազ է լցվում: Եթե ուրիշ հանքերում հողն են փորում, որ ավազ հանեն, այդ փորած տեղերն էլ մնում են, հողն էլ՝ փչանում, այստեղ գետից ավազ հանելով՝ ոչ մի վնաս չեն պատճառում»,- ասաց Մարգարայի համայնքապետը: Նշենք, որ ՎՊ-ի արձանագրած օրինախախտումների մի մասն էլ կատարվել է դեռեւս այն ժամանակ, երբ Արմավիրի մարզպետը Ալբերտ Հերոյանն էր: Ի դեպ, պարոն Հերոյանն էլ Արմավիրի մարզում բավականաչափ հողեր ունի: Մեր տեղեկություններով՝ նրան է պատկանում 350-400 հեկտար հողամաս, որոնց մի մասը գտնվում է Արագած գյուղի տարածքում: Փորձեցինք ստանալ նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պարզաբանումը, սակայն մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ Վերահսկիչ պալատից իրենք պաշտոնական գրությունը դեռ չեն ստացել եւ մեր հարցերին կպատասխանեն գրությունը ստանալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter