HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեզվական խտրականություն. իրական սպառնալիք, թե՞ մտացածին խնդիր

Ախալքալաք, Ա-ԻՆՖՈ.- Տարիներ շարունակ Ա-ինֆո տեղեկատվական գործակալությունը բազմիցս անդրադարձել է Սամցխե-Ջավախք տարածաշրջանում առկա հիմնախնդիրների բարձրացմանն ու հրապարակմանը` փորձելով այս կամ այն կերպ օժանդակել դրանց կարգավորմանը տարվող գործընթացներին: Վերլուծելով եւ գնահատելով վերջին տարիներին Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունները, առավել քան ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում ջավախահայերի նկատմամբ դրսեւորվող լեզվական խտրականությունը: Թեեւ վրացական կողմին մերձակա որոշ կառույցներ շարունակում են պնդել, որ ջավախահայերը ազգային իֆքնության պահպանման, առավել եւս հայերենի օգտագործման իրավունքի հետ կապված խնդիրներ չունեն, բայց պարզվում է` ջավախահայ շատ հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու գործիչներ, ճիշտ հակառակ երեւույթն են նկատում` ամեն հնարավոր առիթի դեպքում չմոռանալով ահազանգել այս մասին: Վերջերս Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից կազմակերպված «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով խորհրդաժողովի մասնակիցները, ջավախահայերի նկատմամբ դրսեւորվող լեզվական խտրականության հարցը դասակարգեցին տարածաշրջանի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում: Տարբեր ելույթներ արձանագրելով գրեթե նույնաբնույթ երեւույթի առկայությունը` վրացական իշխանություններին առաջարկում էին հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու պարտականությունները ամրագրող եվրոպական համաձայնագրում հստակորեն նշված է այս մասին: Ա-ինֆո տեղեկատվական գործակալության տնօրեն, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Արտակ Գաբրիելյանն այն կարծիքին է, որ հարգելով վրացերենի օգտագործումն ու կիրառումը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում, բայց նկատի ունենալով, որ տեղաբնակների զգալի մասը չի տիրապետում երկրի պետական լեզվին, պետք է տարածաշրջանում ընթացող գործավարական, դատավարական եւ նման այլ գործընթացներ տարվեն հայերենով, քանզի նման տարբերակն առավել քան մատչելի է ջավախահայ հասարակությանը: Բայց, սրանով հանդերձ, նա նկատում է, որ Վրաստանի կենտրոնական իշխանություններին տրամադրվելիք փաստաթղթերն ու այլ կարեւոր գրություններ, անպայման կտրվեն վրացերենով: Վերադառնալով լեզվական խտրականության դրսեւորման առավել բացահայտ ու հիմնական «օբյեկտին»` հանրակրթական դպրոցներին, Արտակ Գաբրիելյանը նշեց տարածաշրջանի հայկական դպրոցների տնօրենների` վրացերենով տարված եւ տարվելիք ատեստավորման գործընթացին ու դրա բերած հնարավոր խնդիրների մասին. «Թե ինչու է հայկական դպրոցի տնօրենին այդքան շատ անհրաժեշտ վրացերենի իմացությունը, որն ըստ երեւույթին, արդեն ստիպողական է դառնում, կարծում ենք` պարզ է: Հատկապես տարածաշրջանի պետական պաշտոն զբաղեցնողներն այս հարցում այլ ելք չունեն, քանզի խաղաքարտին է դրված հենց իրենց զբաղեցրած պաշտոնն ու հեղինակությունը: Ահա թե ինչու է շատ դեպքերում վրացական կառավարության` ջավախահայերին շտապ «ինտեգրելու» մոլուցքը, թշնամանք առաջացնում տեղի բնակչության շրջանում, քանի որ հնարավորություն չի տրվում երկրի պետական լեզվի իմացությանը հասնել կամովին ցանկությամբ»: Արթուր Գաբրիելյանի տեսակետով, խորհրդային իշխանության փլուզումից մինչեւ մեր օրերը, տարածաշրջանում տնտեսական, ազգային ու կրթամշակութային զարգացման ծրագրերի քողի տակ, հարձակում է սկսվել` ուղղված հայկական դպրոցների վերացմանն ու վրացականով փոխարինմանը: Նրա հավաստմամբ, տեղի դպրոցներում դասավանդվող հումանիտար առարկաներում, հաշվի չի առնվում ազգային առանձնահատկությունները, որոնք հատկապես նկատելի են Վրաստանի պատմության, Վրաստանի աշխարհագրության, քարտեզագրության եւ որոշ այլ թեմաների ու նյութերի լուսաբանման ժամանակ: «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը եւս այն կարծիքն արտահայտեց, որ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում շարունակվում է լեզվական խտրականության քաղաքականության դրսեւորումը. «Ազգային փոքրամասնություններին պարտադրվում է սեղմ ժամկետում տիրապետել վրացերենին: Այս պատրվակի տակ, բոլոր հայ պաշտոնյաները, դպրոցների տնօրենները վրացերենի չիմացության պատճառով, ազատվում են պաշտոններից: Սա ակնհայտ ազգային խտրականության կամ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում է»: Սակայն խոսելով եւ դրական ուղղվածության գործողությունների մասին, տեղի հասարակական-քաղաքական գործիչների կողմից շեշտվում է հատկապես 2009 թ. Վրաստանի իշխանությունների կողմից` երկրի բոլոր հանրակրթական դպրոցների մանկավարժների համար պատրաստված անակնկալը: Պարզվում է` ջավախահայ մանկավարժներին առանձնապես ոգեւորել էր այն ուշադրությունը, որին արժանացել էին նրանք` Վրաստանի ՆԳ նախարար Իվանե Մերաբիշվիլու կողմից ստանալով փոքրիկ նվերներ ու շնորհակալական նամակ, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից` շնորհավորական բացիկ, որում նա կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում է հաջողություն, երջանկություն ու երկար տարիների բեղմնավոր աշխատանք: «Երկրի նախագահի եւ ՆԳ նախարարի շնորհավորանքներն անակնկալ էր հայ մանկավարժների համար: Ինչու՞, որովհետեւ այն գրված էր ոչ թե վրացերենով, այլ հայերենով: Ողջունելի քայլ է: Ոչ մի օրենք չխախտվեց, ընդհակառակը, հայ ուսուցիչն իրեն շոյված զգաց, ակնածանքով ընթերցեց մեսրոպատառ շնորհավորանքները… Իսկ ինչը կխանգարի, եթե վրացերենը եւ հայերենը դառնան հավասարապես գործածությամբ լեզուներ: Չէ՞ որ Վրաստանի հաջողությունը նրա բազմազգ լինելու մեջ է, քանի որ այն պատմականորեն է ձեւավորվել»,- հավաստում է «Լեռնաշխարհ» միության նախագահը: Այսպիսով, շատերն են ակնհայտ համարում այն, որ տեղում անբավարար են կրթական եւ մշակութային կենսաապահովման պայմանները: Գոյություն չունի պետական ծրագիր, որը նպատակաուղղված կլինի ազգային փոքրամասնությունների լեզվի, սովորույթների եւ մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Չկա լիարժեք օրենսդրական բազա, որը կօժանդակի նրանց ընկերային եւ քաղաքացիական համարկման գործընթացներին: Եվ, ցավոք, վրացական իշխանություններին տարիներ շարունակ հասցեագրված` տարածաշրջանի հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ մտահոգություններն ու առաջարկությունները նույնիսկ պատասխանի չեն արժանանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter