HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Կոնգրեսը դիմում չի ներկայացրել, թեեւ հրաժարվել է մանդատներից

16_01-a_musinyanԵրեւանի ավագանու ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ հրաժարվում է «կեղծված ընտրությունների արդյունքում» իրենց բաժին հասած 13 մանդատներից: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՀԱԿ-ն այդպես էլ դիմումներ չներկայացրեց` պատճառաբանելով, թե իրենց համար ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել մինչեւ դատարանի կողմից որոշման կայացումը: Դատարանի որոշումից հետո էլ ՀԱԿ-ը դիմում չներկայացրեց, եւ այժմ այն դե յուրե Երեւանի քաղաքապետարանում ավագանու 13 անդամ ունի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ն այլեւս չի կարող դիմում ներկայացնել ԿԸՀ, քանի որ մանդատներից հրաժարվելու վերջնաժամկետը լրացել է: «Այժմ իրենք պետք է դիմում ներկայացնեն Երեւանի ավագանուն` իրենց լիազորությունները դադարեցնելու մասին»: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք ՀԱԿ-ից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որեւէ դիմում չեն ստացել: Սակայն ավագանին կարող է Կոնգրեսի ներկայացուցիչների լիազորությունները դադարեցնել նաեւ առանց վերջիններիս դիմումի առկայության: Մասնավորապես, մեկ նստաշրջանի ընթացքում կեսից ավելին բացակայելու, քվեարկությանը կամ հանձնաժողովի նիստերին չմասնակցելու դեպքում ավագանու անդամների ընդհանուր թվի կեսով ընդունված որոշմամբ` ավագանին կարող է չմասնակցած անդամների լիազորությունները դադարեցնել: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում կրկին հաստատեց, որ ՀԱԿ-ը մանդատները չի վերցնի: Ներկայացնում ենք Արման Մուսինյանի հետ զրույցն առանց խմբագրման: Ավագանուն դիմում ներկայացնելու եք Ձեր լիազորությունները դադարեցնելու մասին: Ես Ձեր հարցին պատասխանեցի. Ազգային կոնգրեսը հրաժարվել է նկարված թվերով իրեն առաջարկված մանդատներից: Դա գիտենք, բայց իրավական առումով դուք պետք է դիմում ներկայացնեք ավագանուն: Դուք ինձ մի բացատրեք իրավական առումը: Ես ասացի Ձեզ պատասխանը` Կոնգրեսը հրաժարվել է մանդատներից: Այդ դեպքում ինչու դիմում չեք ներկայացնում: Դուք հիմա ուզում եք մեր քայլերը մեկնաբանել, կարող եք Ձեր նյութում մեկնաբանել: Ուզում ենք Ձեզնից պատասխանը լսել: Մեզ համար դա բավարար է: Այսինքն` դուք չեք էլ պատրաստվում դիմում ներկայացնել: Ես Ձեզ պատասխանեցի` մենք չենք վերցնում մանդատները եւ վերջ: Բայց որպեսզի դա պաշտոնապես արձանագրվի, պետք է դիմում ներկայացնեք: Դուք ուզում եք ինձնից մի բան լսել, որ ես Ձեզ չեմ ասելու: Այդ դեպքում ասեք, որ չեք ուզում հարցիս պատասխանել: Չէ, ես Ձեր հարցին պատասխանեցի, այն ներկայացրեք եւ որպես լրագրող մեկնաբանեք ինչպես ուզում եք, դա ձեր խնդիրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter