HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երթուղայինները չեն աշխատում

02_07-ertuxiԱյսօր դարձյալ երթուղի դուրս չեն եկել Հայաստանի տարբեր մարզերից Երեւան եկող մի շարք տրանսպորտային միջոցներ: Մասնավորապես չեն աշխատում Էջմիածնից, Աշտարակից, Մարգարայից, Բյուրականից եւ մի շարք այլ բնակավայրերից Երեւան եկող միկրոավտոբուսներն ու  ավտոբուսները: Առավոտյան մարդկանց մեծ կուտակումներ կար Էջմիածնի ավտոկայանում: Ստուգարքի շտապող Կարապետյան Աննան «Հետքին» պատմեց, որ համալսարան է շտապում՝ ստուգարքը հանձնելու եւ չգիտի, թե ինչպես հասնի Երեւան: «Հիմա Երեւան հասնելու համար ինձ 2000 դրամ է պետք, բայց ես այդքան գումար չունեմ մոտս, չգիտեմ ինչ անեմ: Մնացած օրերին 250 դրամով էի Երեւան հասնում, ստեղ խոսում էին, որ Երեւանում միտինգ է դրա համար են ճանապարհները փակել, բայց ես միտինգ չեմ գնում, ինչի պիտի ես էլ ուրիշների հետ տուժեմ»,-ասաց Աննան: Նրա կարգավիճակում հայտնվել էին շատ ու շատ քաղաքացիներ, որոնց մի մասը ստիպված 2000 դրամով տաքսիներով էին գալիս Երեւան: Նշենք, որ Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը: Նրան է պատկանում նաեւ «Քարավան» տաքսի սերվիսը, որը նման դեպքերում «սպասարկում» է երթուղին եւ գերշահույթներ ապահովում պատգամավորին: Թե ինչու երթուղի դուրս չեն եկել տրանսպորտային միջոցները՝ մեզ չհաջողվեց պարզել, քանի որ ինչպես ամեն անգամ, այսօր էլ երթուղին սպասարկող ընկերության «Էջմիածնի ԲՈՒԱՏ»-ի տնօրեն Մանվել Վարդանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգին: Քանի որ Հրանտ Գրիգորյանը երթուղին սպասարկելու իրավունքը ստացել է մրցույթով, դիմեցինք Տրանսպորտի եւ կապի նախարարության: «Մեր թեժ գծին ոչ մի զանգ չենք ստացել այդ մասին, որ մեր տեսուչները գնան պարզեն իրավիճակը, ես էլ աշխատասենյակում նստած ի՞նչ պետք է իմանամ»,-ասաց նախարարության հասարակայնության եւ լրատվության հարցերի պատասխանատու Սուսաննա Տոնոյանը : «Եթե որեւէ մեկը ձեզ չի դիմել, հիմա մենք ենք դիմում, ձեր տեսուչները կզբաղվե՞ն երթուղիների հարցով»,-հարցրինք լրատվության պատասխանատուին: «Երեւի այո»,-հնչեց պատասխանը: Սուսաննա Տոնոյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե նախարարությունն հետեւու՞մ է մամուլի հրապարակումներին, քանի որ այս մասին մի քանի անգամ «Հետքը» գրել է, սակայն նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել: «Իհարկե, հետեւում ենք մամուլի հրապարակումներին ու դրանց ընթացք ենք տալիս»,-հնչեց պատասխանը: «Այդ դեպքում մարզերից Երեւան եկող երթուղիների քանի՞ սեփականատեր է զրկվել լիցենզիայից՝ գիծը վատ սպասարկելու համար եւ լիցենզիայից զրկելու համար ի՞նչ ընթացակարգ է սահմանված»,-հարցրինք նրան: «Լիցենզիա տալու եւ զրկելու կարգը սահմանված է «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքով, բացեք կարդացեք»,-հնչեց պատասխանը: Նախարարություն մեր զանգից հետո Էջմիածնից «գազելները» մեկնում են Երևան, բայց դատարկ. ուղևորներ չեն վերցնում: Ըստ էության, գիծը սպասարկվում է միակողմանի` Երևան-Էջմիածին ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter