Դրոշ-փարոս-սիմվոլ ու պարզապես գեղեցկուհի
Քաղաքականության մեջ որոշումներ ընդունող անձանց կարևորագույն հատկանիշներից մեկը բոլոր ժամանակներում համարվել է ճիշտ պահին շտկումներ մտցնելու կարողությունը նախկին ուղեգծում, եթե վերջինս չի բերում սպասված արդյունքներին:

Ճիշտ պահին շտկումներ մտցրեց յուր ուղեգծում փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը` երեկ, 3 փաստաբանների ուղեկցությամբ ներկայանալով գլխավոր դատախազություն:
Մինչ ոստիկանները կտեղափոխեին հեղափոխականին Կենտրոնի բաժին, նա հայտարարեց հավաքված լրագրողներին. «Պայքարելու եմ մինչև վերջ, և կասկած չունեմ, որ մեր շարժումը, ի վերջո, հանգելու է հաղթական ավարտի»:
Մ.թ.ա. 14-րդ դարում Ռամզես Երկրորդ փարավոնը պատերազմներից մեկում ջախջախիչ պարտություն կրեց, սակայն հրամայեց փառաբանել դա որպես հաղթանակ: Անցյալի հաղթանակների պատվին կառուցված հուշարձաններից քերեցին հաղթողների անուններն ու գրեցին Ռամզես Երկրորդինը: Հետզհետե Եգիպտոսում վարժվեցին ուրախանալ պարտություններով` ինչպես հաղթանակներով, ու մինչ օրս էլ չեն դադարում ուրախանալ:
Լինենք իրատես
«Թե' Մոսկվայում, թե' Երևանում պետք է առավել իրատես լինեն և հրաժարվեն ուռճացված սպասումներից: Այսօր պետք է ընդունել, որ ոչ Մոսկվան է ճանաչում ԼՂՀ անկախությունը, ոչ Երևանն է ճանաչում վրացական նախկին ինքնավարությունների անկախությունը: Կրեմլը չի հրաժարվելու Բաքվի հետ համագործակցությունից և վերջնականապես չի կողմնորոշվելու Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը»,- գտնում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Բյուջեի ճեղքվածքը շարունակում է խորանալ
Տնտեսական ճգնաժամի խորացման հետևանքով աստիճանաբար ավելանում է ճնշումը պետական բյուջեի վրա: Վերջին 8-9 տարիներին առաջին անգամ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի կատարողականը հայտնվել է հարցականի տակ:
Տնտեսական անկումը հանգեցրել է նախատեսված մեծ ծավալի եկամուտների թերստացման, ինչը, բնականաբար, բարդություններ է ստեղծել նաեւ ծախսերի կատարման հարցում: Անգամ վերանայումից և 102 մլրդ դրամի ծախսերն առաջին երեք եռամսյակից չորրորդ եռամսյակ տեղափոխելուց հետո կառավարությանը չի հաջողվում ապահովել պետական բյուջեի լիարժեք կատարողական: Տարեսկզբի 5 ամիսներին պետբյուջեի եկամուտների և ծախսերի անգամ ճշգրտված ծրագրի բավարարումը չի գերազանցում 75 տոկոսը:
Սա նշանակում է, որ միայն հունիսին կառավարությունը պետք է կարողանա ապահովել ծրագրի 25 տոկոս կատարողական, որն առանց լրացուցիչ եկամուտների անհնար է:
«Նուրբ» տարբերություններ
Նախորդ օրը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերոպթյունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը կրկին դասվել է կիսաավտորիտար երկրների շարքում: Մեզ, իհարկե, կարող է փոքր-ինչ մխիթարել, որ կան ժողովրդավարության առումով «մեզնից բեթար» երկրներ` Ռուսաստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը: Այնտեղ, ըստ Freedom House-ի, գոյություն ունի ոչ թե «կիսա», այլ ամբողջությամբ ավտորիտար ռեժիմ:
Դա, անշուշտ, թույլ մխիթարանք է, որովհետև զեկույցի խմբագիր Լիզա Մութսը Հայաստանի (ինչպես նաև Մոլդովայի և Կոսովոյի) օրինակով պարզաբանում է, թե ինչով է կիսաավտորիտարը տարբերվում ավտորիտարից. «Կիսաավտորիտար ռեժիմով են բնութագրվում այն երկրները, որոնք փորձում են քողարկել ավտորիտարիզմը ժողովրդավարության հանդեպ սահմանափակ հարգանքով»: Ավելի պարզ ասած` Բելառուսում կամ Ուզբեկստանում եթե եթերից զրկեն իշխանություններին չծառայող որևէ հեռուստաընկերություն, ապա այնտեղ պաշտոնապես կհայտարարեն. «Լավ ենք արել, աչքն էլ հանել ենք, էդ էր պակաս` մեզ չծառայեին»:
Մեզ մոտ ուրիշ է. ասում են` «մրցույթներ ենք անցկացրել, հեռուստաընկերությունը պարտվել է, էլի ենք մրցույթներ անցկացնելու, բայց հիմա չենք կարող, օր ու գիշեր զբաղված ենք թվայնացմամբ»:
Տարբերությունը չնայած շատ «նուրբ» է, բայց ցանկության դեպքում` զգալի:
Հայաստանի և Ադրբեջանի փախստականների խնդիրները
ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ջոն Գրինվեյն իր զեկույցում արձանագրել է, որ ԼՂ հակամարտության հետևանքով փախստական դարձածներից շատերը Հայաստանում մինչ այժմ «պատշաճ կացարանի և ծայրահեղ աղքատության խնդիրներ ունեն»:
Ըստ նրա` փախստականների և ներքին տեղահանվածների գործազրկության մակարդակը 3 անգամ ավելի է, քան հիմնական բնակչության մոտ. «Ընտանիքները դժվարություններ ունեն` նյութական կարիքներ, և հաճախ ի վիճակի չեն հոգ տանել իրենց զավակների կրթության մասին»:
Ջոն Գրինվեյը նաև արձանագրել է, որ Ադրբեջանում տեղահանվածների գրեթե կեսը շարունակում է ապրել շատ վատ պայմաններում, «կեղտի մեջ», և նրանք էլ գործազուրկ դառնալու կրկնակի մեծ հնարավորություն ունեն, քան հիմնական բնակչությունը: Հավելել է նաև որակյալ կրթություն և բժշկական սպասարկում ստանալու խնդիրները:
Փոփոխություններ Կոնգրեսում
Ինչպես թերթին փոխանցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, օրերս ազատ արձակված քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանն ու Դավիթ Մաթևոսյանը համալրել են Կոնգրեսի կենտրանական շտաբի կազմը: Հիշեցնենք, որ երկուսն էլ մինչև ձերբակալվելը եղել են այդ շտաբի անդամներ, իսկ Արզումանյանը ղեկավարել է այն մինչև մարտի 1-ը:
Փոփոխություններ են տեղի ունեցել նաև Կոնգրեսի իրավական աջակցության ոլորտում: Մասնավորապես, օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը համակարգելու է Կոնգրեսի կողմից ձևավորված ստվերային կառավարության պետաիրավական հանձնաժողովի ու Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի իրավական պաշտպանության ծառայության աշխատանքները:
Իր նոր աշխատանքում Գագիկ Ջհանգիրյանը պետք է մշակի իրավական ռեֆորմների փաթեթը, ուժային կառույցների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը, Ընտրական օրենսգիրքը և այլ օրենքներ: Ինչպես նաև` հենց Գագիկ Ջհանգիրյանն է համակարգելու Կոնգրեսի իրավական ակցիաները, քաղբանտարկյալների իրավական պաշտպանությունը` Հայաստանում և Եվրադատարանում, ինչպես նաև պետական ապօրինությունների դեմ Կոնգրեսի հայցերը:
Կրիզիս ԱԺ-ում
Երեկվանից Ազգային ժողովն այլևս չի ստանալու հանրապետական թերթերը: Միակ բացառությունը կլինի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Ընդ որում, այս որոշումը չի կայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ դա ամրագրվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքով: Այսինքն` եթե պատգամավորները ցանկանում են թերթ կարդալ, ապա դա պետք է անեն իրենց գրպանի հաշվին:
Հետախուզվողները կներկայանա՞ն
«Հրապարակի» տեղեկություններով` մոտ օրերս իրավապահ մարմիններին են ներկայանալու նաև մարտի 1-ի գործով մյուս երեք հետախուզվողները: Նրանցից Համլետ Հովհաննիսյանը (Տրոս Համո) այս ընթացքում գտնվել է Հայաստանում, իսկ Վիրաբ Մանուկյանն արդեն Հայաստանում է, իսկ Սուքիասյանը մոտ օրերս ժամանելու է Հայաստան և ներկայանալու է իրավապահներին:
Մեթյու Բրայզա. «ԱՄՆ-ը չի կարող ճնշում գործադրել Անկարայի վրա»
Շփումների համար Կիպրոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Թուրքիան տարածաշրջանային գերուժ դառնալու պատճառով ԱՄՆ-ն չի կարող ճնշում գործադրել այդ երկրի վրա»:
Ըստ թուրքական «Հյուրիեթի»` Բրայզան այդ հայտարարությունն արել է Կիպրոսի Հանրապետության ղեկավարության «Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա» հորդորներին ի պատասխան:
«ԱՄՆ-ն չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի վրա: 1970, 80, 90 թթ.-ը լինեին, կարող էր: Սակայն Թուրքիան այսօր տարածաշրջանում գերուժ է դարձել»,- ասել է Բրայզան:
Թերթը գրել է, որ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Սարիո Կարոյանն էլ հակադարձել է, որ «եթե ամերիկացիները չկարողանան ճնշում գործադրել Անկարայի վրա, ապա ուրիշ էլ ո՞վ կարող է դա անել»:
«Նման պայմաններում ոչ Կիպրոսի խնդրի լուծումն է հնարավոր, ոչ էլ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը»,- հավելել է Կարոյանը:
Հայ-ուկրաինական բախումներ Մարգանեց քաղաքում
Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը: Ոստիկանները ձերբակալել են Մարգանեցում միլիցիոների սպանության համար կասկածվող անձի, այդ սպանությունն է զանգվածային անկարգություններ ու ընդհարումներ առաջացրել քաղաքում ուկրաինացիների ու հայերի միջև:
Քաղաքում շարունակվում է հասարակական կարգի ուժեղացված պարեկությունը: Հայերի բոլոր տները հսկվում են: Բնակիչները սկսել են վերադառնալ քաղաք, թեև դեռևս մտավախությամբ:
Անվտանգության արտակարգ միջոցները Մարգանեցում ևս մի քանի օր կտևեն: Երեկ հուղարկավորվել է զոհված 22-ամյա միլիցիայի սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն:
Ողբերգությունը տեղի է ունեցել սրճարանում, որտեղ ձյուդոիստների մի խումբ նշում էր ընկերոջ ծննդյան օրը: Հարևան սեղանի շուրջը հայեր էին նստած: Տոնակատարության ժամանակ խմբերը որոշել են չափել ուժերը` բարձրացնելով թնդանոթը, ինչն ավարտվել է ծեծկռտուքով: Զոհվել է միլիցիայի սերժանտը, որը փորձում էր անջատել նրանց:
Ուկրաինացիները ոստիկանություն են կանչել, իսկ հայերը թաքնվել են: Երկրորդ անգամ մասնակիցները հանդիպել են արդեն հիվանդանոցում: Այնտեղ, ինչպես պնդում են հայերը, նրանցից սկսել են վրեժ լուծել: Ջարդի ականատես են դարձել երեխաները, որ խաղում էին մոտակայքում: Ասում են, որ կարճ ծեծկռտուքից հետո հայերը թաքնվեցին, իսկ նրանց մեքենաները խուլիգանների ավարը դարձան:
Անխուսափելի զարգացումներ
«Վախենում եմ, որ նվազագույնը, ինչից չի կարողանալու խուսափել հայկական կողմը հուլիսին նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ, մինչ այժմ համաձայնեցված սկզբունքների շուրջ հայտարարությունների ընդունումն է»,- անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող իրադարձությունների ակտիվացմանը` թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` Հայաստանի վրա ճնշումների ուժեղացումը կապելով ադրբեջանական գազի շուրջ վերջին 1-1.5 տարիներին ընթացող սակարկությունների հետ:
«Որովհետև պրահյան պրոցեսի` վերջերս հրապարակած մեթոդաբանության էլեմենտներից մեկն այն է, որ եթե նախագահները ունեն չհամաձայնեցված հարցեր, դրանք թողնում են ապագա բանակցություններին, իսկ համաձայնեցված հարցերի վերաբերյալ ընդունում են շրջանակային համաձայնագիր: Հիշեցնեմ, որ հայկական կողմն ասել է` այո, կտանք ազատագրված տարածքները, բայց ԼՂ ինքնորոշման իրավունքի ճանաչման դիմաց: Հետևաբար, վտանգ կա, որ ասեն. «Ազատագրված տարածքների վերադարձման շուրջ ստորագրեք շրջանակային համաձայնագիր, իսկ չհամաձայնեցված հարցերը` ինչպիսիք են ԼՂ կարգավիճակը, թողեք ապագային»»,-ավելացրել է նա:
Եղևնիների պուրակը` ապօրինի սեփականաշնորհողների նշանակետում
Չնայած մի շարք աղմկող փաստերին` կանաչ տարածությունը սեփականաշնորհվել է «օրենքի համաձայն»:
Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան փողոցի 11/7 հասցեում նույն փողոցի մի շարք բնակիչներ արդեն մի քանի ամիս է, բառի բուն իմաստով, կատաղի պայքար են մղում իրենց բակի եղևնիների պուրակը նույն հասցեի բնակիչ Ցոլակ Թանգամյանի ու նրան սատարող պաշտոնյաների ոտնձգություններից զերծ պահելու համար:
Ցոլակ Թանգամյանը եղևնիների պուրակում անցած տարի տեղադրում է երկաթե կրպակ` շուրջը աղյուսապատելով, ինչպես նաև` ցանկապատելով պուրակի ողջ տարածքը` նպատակ ունենալով պատրանք ստեղծել, իբր այդ տարածքը վաղուց է տնօրինում:
Բնակիչների և մի շարք լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ մի քանի ամիս անց Արաբկիրի թաղապետարանը ապամոնտաժում է «Ցոլակ Թանգամյանի կողմից առանց քաղաքաշինական փաստաթղթերի տեղադրված մետաղական կրպակը»` տարածքը բերելով նախկին տեսքի, և վերցնում հսկողության տակ (Արաբկիրի թաղապետի տեղակալ Հ. Խաչատրյան 10.10.2008թ., թիվ 25/02-խ-160/166):
Չնայած սրան` նույն Արաբկիրի թաղապետի տեղակալ Տարոն Խուրշուդյանը 2008 թ.-ի մարտի 24-ին տեղեկանք է շնորհել Ցոլակ Թանգամյանին, ըստ որի` վերջինս 1997 թ.-ից գյուղատնտեսական նպատակներով օգտագործել է նշված եղևնիների պուրակը և այդտեղ 15 քմ մակերեսով ինքնակամ շինություն է ունեցել:
Այս չարաբաստիկ տեղեկանքն էլ հիմք ընդունելով` հետագայում Երևանի քաղաքապետարանը մոտ 600 քմ մակերեսով տարածքն ուղղակի վաճառքով օտարում է Ցոլակ Թանգամյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել