Դավիթ Հակոբյանը հրապուրված չէ ավագանու պաշտոնով
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հարցազրույցն անվանեց «ռազմինկա պերեդ բոյեմ», քանի որ մեր հանդիպումից ժամեր անց նա մամուլի ասուլիս է հրավիրել: Իսկ ՀԱԿ-ի հետ հարաբերությունների եւ մանդատը վերցնել-չվերցնելու վերաբերյալ նա դժկամորեն խոսեց, քանի որ կարծում է, որ երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան:
Դավիթ Հակոբյանը հաստատեց իր` ավագանու մանդատը վերցնելու մտադրությունը, եթե, իհարկե, հերթն իրեն հասնի. «Ես ցուցակում 2-րդ 13-ի մեջ եմ, բայց առաջին 13-ին ասում եմ` գնացեք վերցրեք մանդատները, իրենք հրաժարվում են, բայց դիմում չեն ներկայացնում: Եթե ինձ ավագանու պաշտոնը պետք լիներ, ես նրանց չէի ասի` վերցրեք մանդատները, այլ կսպասեի նրանք վայր կդնեին, ես կվերցնեի»:
Մարքսիստը ցանկանում է ավագանու կազմում լինել, քանի որ հոգնել է հանրահավաքներից եւ ցանկանում է իր խոսքը լսելի դարձնել հանրությանը պետական ամբիոնից:
«Խոսքի ուժը հազարապատկվում է պետական ամբիոնից: Ամբիոնը քեզ ուժ է տալիս, իսկ ժողովուրդը հիասթափվում է երկար ժամանակ քուչում հաչալուց»,-ասում է Դ.Հակոբյանը:
Հակոբյանից հարցրինք, թե ինքն ինչպես է միայնակ պայքարելու իշխանական ավագանու դեմ. «Ես միայնակ ոնց եմ դուրս գալիս նախագահի ռեֆորմատորական կուրսին դեմ, իմ խնդիրն է տալ ալտերնատիվ միտք»:
Հիշեցնենք, որ Մարքսիստական կուսակցության պլենումը լիազորագիր չի տվել ՀԱԿ-ին, որի արդյունքում Վարչական դատարանը չընդունեց Կոնգրեսի դիմումը`ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու վերաբերյալ: Դավիթ Հակոբյանի խոսքով`ինքը մինչ այդ ցանկացել է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ, սակայն առաջին նախագահը նրան չի ընդունել`պատճառաբանելով, թե զբաղված է:
«Եթե ինձ չի ընդունում, չի քննարկում դատարան դիմելու հարցը, ո՞վ է նրան թույլ տվել իմ անունից դատարան հայց ուղարկել: Ես պլենումում քվեարկության եմ դրել այս հարցը, 35 հոգին դեմ է քվեարկել, 25-ն ասել են` տվեք լիազորագիրը թող գնան: Ես առանց պլենումի որոշման չէի կարող նրանց թուղթ տալ: Պլենումն էլ ասաց` եթե մինչ դատարան դիմելը մեզ հետ չեն խորհրդակցել, թող առանց մեզ գնան»:
Տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, թե ինքը գումար է վերցնում իշխանությունից, Հակոբյանն ասաց. «Ես 20 տարի միտք եմ տալիս, ոչ թե կոմպրոմատային մարտավարություն եմ վարում, իմ ինչի՞ն է պետք այդ գործարքը, երբ որ ես որեւէ պաշտոն չեմ վերցնում: Ես ասել եմ` կամ կհեռանամ որպես ազգի տրիբուն կամ որպես հանրապետության նախագահ, ուրիշ պաշտոն ինձնից չսպասեք, ավագանու պաշտոնը սլիշկոմ մելկայա պալիտիչեսկայա դաբիչա դլյա Դավիդա Սասունսկովա: Ես հրապուրված չեմ դրանով»
Հանրահավաքին չի մասնակցելու
Դավիթ Հակոբյանը չի մասնակցելու այսօրվա հանրահավաքին. «Սեպտեմբերի 15-ի հանրահավաքից հետո ինձ իզոլացրել են, թույլ չեն տվել ելույթ ունենալ, ես էլ անկոչ հյուր չեմ, որ այդքանից հետո գնամ հանրահավաքի»:
Մարքսիստի խոսքով` Հայ ազգային կոնգրեսը չդարձավ համազգային ընդդիմություն, այլ նույն հհշականն էլ մնաց. «Համազգային կկոչվի այն ընդդիմությունը, երբ ցուցակի առաջին 18 տեղերը բաշխվեին 18 կոալիցիոն կուսակցությունների միջեւ»:
Մարքսիստը կարծում է, որ ՀՀՇ-ն ՀԱԿ-ի կազմում ընդգրկված մյուս կուսակցություններին օգտագործում է որպես քող` «իր հհշական- քաղաքական հետույքը պատսպարելու համար»:
Հակոբյանին հարցրինք` եթե իրեն չի գոհացնում ՀԱԿ-ի գաղափարական ռազմավարությունը, ապա ինչո՞ւ է մնում նրա կազմում: «Որպեսզի ընդդիմությունը չպառակտվի եւ ստեղծենք համազգային ընդդիմություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել