HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արթուր Աղաբեկյանի նախաձեռնությամբ Տողում բացվել է մակարոնեղենի արտադրամաս

Անցած տարի ԼՂՀ գյուղնախարարության կողմից մշակվել է Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանի գյուղերի զարգացման 2008-2013թթ ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում է Բանաձոր, Առաքել, Ծամձոր, Խծաբերդ, Հին Թաղեր, Արեւշատ, Խանձաձոր համայնքները: Այստեղ կատարվող աշխատանքները մշտապես ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հադրութի շրջվարչակազմի վերահսկողության տակ են: Ենթաշրջանի գյուղերի զարգացման ծրագրի իրականացման նպատակով, որի համար նախատեսված է 1250,0 մլն դրամ, ստեղծվել է «Բանաձորի ենթաշրջանի զարգացում» ՓԲԸ: Ընկերության կենտրոնակայանը կլինի Բանաձոր գյուղում, որտեղ եւ կկառուցվեն համապատասխան շինություններ, ծածկեր, պահեստներ: Ընկերության տնօրեն Ժ. Գյանջումյանի խոսքերով, այս գարնանը ենթաշրջանի գյուղերի բնակիչներին տրամադրվել են 3000 դեկորատիվ ծառեր: Ինչպես հայտնում է «Ազատ Արցախ» թերթը, արդեն ենթաշրջան են ներկրվել 1 կոմբայն, 2 անվավոր տրակտոր, 2 կցասայլ, 2 խոտհնձիչ, 1 ծղոտամամլիչ, եգիպտացորենի 1 շարքացան, 1 սկավառակավոր փոցխ: Վերոնշյալ տեխնիկայի հենքի վրա կձեւավորվի մեքենատրակտորային կայան, որը ենթաշրջանի հողօգտագործողներին հնարավորություն կտա բերքահավաքի աշխատանքներն իրականացնել ժամանակին: Ներկրված նոր հացահատիկային կոմբայնով արդեն իսկ կատարվել է շուրջ 100 հա հունձ: Որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են անասնապահության զարգացման ուղղությամբ: Մոտ օրերս Խծաբերդ գյուղ կբերվի 48 կով, որը վարկի ձեւով կտրամադրվի գյուղի բնակչությանը: 50-ից ավել կովեր կներկրվեն նաեւ Հին Թաղերի համայնք: Մեծ Թաղեր գյուղում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանի աջակցությամբ հունիսի 28-ին շահագործման հանձնվեց նաեւ մանկական խաղահրապարակ, որի բացման արարողությանը ներկա էր ինքը` բարերարը, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահը, վարչապետը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը շրջանի Տող գյուղի մոտ գտնվող «Ջրաշխարհ» հանգստյան գոտու հարեւանությամբ շահագործման հանձնվեց մակարոնեղենի արտադրամաս, որը մոնտաժվել է իտալական սարքավորումներով եւ իտալացի մասնագետների կողմից: Արտադրամասում, որտեղ կաշխատեն 8 հոգի, կթողարկվի ինը տեսակի փաթեթավորված մակարոնեղեն: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արթուր Աղաբեկյանը, իրենից բացի ներդրումներ են կատարել նաեւ նրան աջակցող մի խումբ ձեռնարկատերեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter