Ելույթ են ունեցել Դավիթ Մաթևոսյանը և Մյասնիկ Մալխասյանը
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ վերջերս համաներմամբ ազատ արձակված Դավիթ Մաթեւոսյանը, ով անցյալ տարի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամն էր, իսկ այժմ ՀԱԿ-ի ներկայացուցիչն է:
«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ` մեզ պարգևած ազատության համար»,- հավաքվածներին դիմելով` ասաց Դավիթ Մաթևոսյանը:
Նա վստահեցրեց, որ այսպես են մտածում նաև «մինչ օրս անազատության մեջ գտնվող 19 քաղբանտարյալները»:
Դ. Մաթևոսյանը հավաքվածներին իր երախտագիտության խոսքը հայտնեց, չնայած զրկանքներին, մեկ տարուց ավելի պայքարը շարունակելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատը ենթարկվեր այնպիսի զրկանքների, ինչպիսին շարժման մասնակիցները, ապա նրանց կողքին ոչ ոք չէր մնա, ավելին` նույնիսկ «այդ երկուսը» մեկը մյուսին կուրանային:
Նա ժողովրդին կոչ արեց հանդուրժողականությամբ լցվել միմյանց նկատմամբ և պայքարը շարունակել մինչև հաղթական ավարտ:
Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը: Նա հավաքվածներին փոխանցեց «քաղաբանտարկյալների` Սասուն Միքայելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Հարութ Ուռուտյանի և բոլոր մնացած ընկերների», ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ողջույնները. «Բանտ նստեցնելով` ոչ ոք չի կարող ընկճել մեր ժողովրդի ոգին, այն ժողովրդի, որը պայքարի է ելել հանուն արդարության, ազատության և արժանապատիվ ապագայի»,- ասաց Մյասնիկ Մալխասյանը և վստահեցրեց, որ հեռու չէ այդ օրը:
Նրա խոսքերով` ոչ մի իշխանություն չի կարող այդքան «անողոք ու բիրտ» լինել սեփական ժողովրդի նկատմամբ, ինչքան մեր իշխանությունները, որոնք բանտարկել են արցախյան հերոսամարտի լեգենդար զինվորներին: «Նույնիսկ ադրբեջանցիները կերազեին այդ տղաներին անազատութան մեջ տեսնել»,- ասաց Մ. Մալխասյանը:
Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների մասին` Մյասնիկ Մալխասյանը նշեց. «Իշխանությունները գնացին ավելի ստոր քայլի ու այդ սպանությունները բարդեցին մեր ժողովրդի լավագույն զավակների վրա: Սա ամենաեղկելի արարքն է»:
Վշտակցություն հայտնելով զոհերի հարազատներին` Մյասնիկ Մալխասյանը նրանց անվանեց հերոսներ, որովհետև վերջիններս խիզախորեն դատավարության ընթացքում հայտարարեցին, որ անազատության մեջ գտնվող մարդիկ ոչ մի կապ չունեն մարտի 1-ի սպանությունների հետ:
Մյասնիկ Մալխասյանը հիշեց «Յոթի գործի» դատավարության այն դրվագը, երբ առաջարկվել է մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել «մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հիշատակը», դատական նիստերի դահլիճում ներկա գտնող բոլոր անձիք ոտքի են կանգնել` բացի դատավորից և 6 մեղադրողներից: Այս խոսքերն ուղեկցվեցին ժողովրդի սուլոցներով և «ամոթ, ամոթ» վանկարկումներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել