HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Բարխուդարյան. «Ամենամեծ թերացումը դրամի արժեւորումն էր դոլարի նկատմամբ»

03_07-l_barkhudaryan«Համեմատականներ անելը դժվար է, լրիվ տարբեր պայմաններ են: Մենք հիմա գտնվում ենք համաշխարհային ճգնաժամի ազդեցության տակ, իսկ 90-ականների սկզբի ճգնաժամը պայմանավորված էր Խորհրդային Միության փլուզումով»: Մամուլի ազգային ակումբում այսօր հյուրընկալվել էր Ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը, ով, անդրադառնալով 90-ականների սկզբին տիրող ֆինանսական ճգնաժամին, նշեց, որ այժմյան և այն ժամանակվա պայմաններն ու իրավիճակներն անհամեմատելի են. 90-ականների սկզբին պատերազմ էր, Հայաստանը շրջափակման մեջ էր, և ՀՆԱ-ի անկումն այն ժամանակ կազմեց 50 տոկոս: «Այդպիսի պատկեր այսօր, փառք Աստծո, չունենք: Հետո, այն օգնությունը, որ կա հիմա դրսից, այն ժամանակ չկար»,- ասաց նա: Վիճակագրության համաձայն` Հայաստանում տնտեսական անկումը կազմում է 15,7 տոկոս: Լ. Բարխուդարյանի խոսքով` դա հիմնականում պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամով: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ Հայաստանն անմիջապես չներազդվեց այդ ճգնաժամով, որովհետև միջազգային ֆինանսաբանկային համակարգի ինտեգրվածության աստիճանը շատ ցածր էր: «Բայց հետագայում, նաև անուղղակի և ուղղակի ազդեությունների տակ, ճգնաժամը շատ տեսանելի դարձավ: Մասնավոր տրասնֆերտները, որոնց հաշվին ստեղծվում է ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսը, էապես նվազեցին: Էլ չեմ խոսում նաև այն մասին, որ դրան նպաստեց նաև գունավոր մետաղների միջազգային գների անկումը. Հայաստանում դրանից շատ օգտվում էին: Այդ բոլորը միասին ապահովեցին տնտեսական ճգնաժամը: Ճգնաժամից դուրս գալու համար պետք է կատարելագործել մրցակցային միջավայրը և վերացնել մենաշնորհը»,- ասաց նա: Ըստ տնտեսագետի` կա երկու հարց, որ Կառավարությունը պետք է իսկույն շտկի, ու դա մեծապես կնպաստի բիզնեսի ակտիվությանը: Նա նշեց նաև, որ ինքը չի գտնում, որ կառավարությունը պետք է անընդհատ, աջ ու ձախ ներդրումներ անի տարբեր ձեռնարկություններում: «Պետք է ստեղծվեն պայմաններ, ամեն ինչ պետք է արվի` խրախուսելու համար արտահանումը: Դա թե' բիզնեսի ակտիվությանն է վերաբերում, թե' մրցակցային միջավայրի կատարելագործմանը: Վերջին 6-7 տարիների ամենամեծ թերացումը ես համարում եմ դրամի աստիճանաբար արժեւորումը դոլարի նկատմամբ: Դա բերեց շատ մեծ բացասական հետևանքների` նույնիսկ մինչև ճգնաժամը մենք չունեցանք արտահանման աճ: Վերահսկելի սղաճի պայմաններում պետք է աշխատել, հասնել նրան, որ ազգային արժույթը հնարավորինս արժեզրկվի դոլարի նկատմամբ: Սա մեծ տնտեսական էֆեկտ կարող է բերել»,- ասաց նա: Լ. Բարխուդարյանն ասաց, որ 2002 թ. ինֆլյացիան բավականին մեծ տոկոս կազմեց` 8,2, և Կենտրոնական բանկն այն ժամանակ դրամի որոշ արժեւորման գնաց, որպեսզի նվազեցնի ինֆլյացիոն ռիսկը, բայց գները սկսեցին բարձրանալ: «Ստացվեց այն, որ սովորաբար եթե կա մրցակցային միջավայր, եթե ազգային դրամն արժեւորվում է, ներկրվող ապրանքների գները պետք է համեմատաբար իջնեն: Հայաստանում դա տեղի չունեցավ: Հակառակը, գները սկսեցին աճել, ինչը խոսում է մենաշնորհների մասին: Եթե ներկրվող ապրանքների գներն իջնեին, այդ ժամանակ Կենտրոնական բանկի համար շատ ավելի հեշտ կլիներ պահել կուրսը նույն մակարդակի վրա` առանց մեծ ինֆլյացիոն ռիսկերի»,- ասաց նա: Հայաստանի արտաքին պարտքն այսօր բավականին մեծ է: Ինչպե՞ս է հաջողվելու այն ետ վերադարձնել: Այս հարցին ի պատասխան` Ֆինանսների նախկին նախարարը նշեց, որ Հայաստանը, շնորհիվ նրա, որ 90-ականների սկզբին զերծ մնաց ոչ արտոնյալ վարկեր վերցնելուց, մինչ այժմ դասվում է թեթև վարկի բեռ ունեցող երկրների շարքին` մինչև 25 տոկոս: «Պետական պարտքի տեսակարար կշիռը մինչև 25 տոկոս ՀՆԱ-ում համարվում է թեթև պարտք, 25-50-ը` միջին, 50-ից բարձրը` բարձր: Իհարկե, մեր արտաքին պարտքը կկրկնապատկվի, բայց միևնույն է` այն կլինի վերահսկելիության սահմաններում. իմ հաշվարկներով` չի գերազանցի ՀՆԱ-ի 38 տոկոսը: Այլ հարց է, թե որքան արդյունավետ այդ միջոցները կօգտագործվեն»,- ասաց նա: Անդրադառնալով Կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացրած հարկային փաթեթին` Լ. Բարխուդարյանը նշեց, որ այն, ինչ ներկայացրեց Կառավարությունը, նորություն չի. շատ երկրներ ունեն այդ մեխանիզմները: «Հարկային վարչարարության մեջ կա մի կարևոր սկզբունք, որ հարկային տեսչությունը պահելու ծախսերը չպետք է գերազանցեն այն եկամուտները, որ ստանում են հարկահավաքությունից: Եվ արտասահմանում գերադասում են երկու-երեք ներկայացուցիչ խոշոր գործարաններում ու չեն խառնվում աշխատանքներին: Եվ դա արդարացվում է: Սա էր կառավարության առաջարկը, բայց Ազգային ժողովն, ըստ էության, դրան դեմ չգնաց, որովհետև իրենք էլ խոստովանեցին, թե` որտեղից գտնենք հրեշտակներ, ազնիվ հարկային տեսուչներ... Իրենք էլ ընդունեցին, որ եթե տեսուչներն ազնիվ լինեն, դա սխալ քայլ չէ: Բայց ԱԺ-ն տարբեր պատճառներով դեմ էր դրան»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter