HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Փոլադ Բյուլ-Բյուլ օղլի. «Մենք պետք է ապրենք միասին»

03_07-p_bulbuloghli

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ստեփանակերտ է ժամանել Ադրբեջանի մտավորականների խումբը` Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու գլխավորությամբ: Նրանք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո Ադրբեջանի դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ճեպազրույցը ներկայացնում ենք ստորեւ` առանց կրճատումների:

Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ:

Ես այդպես չէի դնի հարցը` ոչ թե հանդիպում նախագահի հետ, այլ նկատի ունեմ հասարակայնության հետ հանդիպում` եւ' Հայաստանից եկած պատվիրակության, եւ' ներկայացուցիչների հետ, որոնք ապրում են այստեղ` Ղարաբաղում: Այստեղ կային բավականին, կասեի, թեժ վիճաբանություններ` ի տարբերություն մեր առաջին այցի, երբ եկանք երկու տարի առաջ: Դա առաջին ծիծեռնակն էր: Այսօր մեր պատվիրակության կազմում են Միլի Մեջլիսի պատգամավորներ, եւ դա արդեն առավել քաղաքական երանգ է տալիս, բայց ես կուզեի ընդգծել, որ մենք ոչ մի դեպքում չենք ձգտում փոխարինել կարգավորման քաղաքական գործընթացին, որն ընթանում է, մենք ոչ մի դեպքում չենք խառնվում նախագահների, արտգործնախարարների բանակցություններին: Մենք` որպես մշակույթի նախկին երեք նախարարներ, նախաձեռնություն ենք ցուցաբերել, որպեսզի մարդկանց տանք  հնարավորություն շփվելու միմյանց հետ եւ, իհարկե, հումանիտար ասպեկտով: Այսօր հնչել են առաջարկություններ տարբեր հումանիտար ծրագրերի մասին, որոնք կարող են մոտեցնել մարդկանց, մոտեցնել դիրքորոշումները, որովհետեւ, ասել եմ հանդիպման ժամանակ եւ ուզում եմ կրկնել, որ ոչ հայերն են թռչելու տիեզերք, ոչ` ադրբեջանցիները: Մենք պետք է ապրենք միասին, եւ դրա համար պետք է ստեղծել կոնտակտներ, փոխհարաբերություններ, պետք է փոխադարձ հարգանք «ներարկել»: Ցավոք, շատ լրագրողներ` ինչպես այն կողմից, այնպես էլ այս կողմից, թշնամու կերպար են ստեղծում, դա շատ վնասակար է, քանի որ լրագրողները չորրորդ իշխանություն են, եւ ընդհակառակը, այսօր պետք է համոզել մարդկանց նրանում, որ անհրաժեշտ է ապրել բարիդրացիական, պետք է իրար ձեռք մեկնել, պետք է մեզ համախմբող պահեր գտնել, այլ ոչ թե տարանջատող: Հաջորդ տարի բոլորը նշելու են Մեծ հայրենականի 65-ամյակը, այդ պատերազմում մենք միասին ենք կռվել` եւ' հայերը, եւ' ադրբեջանցիները, եւ' Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, դրա համար պետք է մարդիկ հասկանան, որ եթե մենք միասին ինչ-որ բան ենք արել, ապա այսօր էլ կարող ենք միասին անել: Մեր ժողովուրդները դարերով ապրել են իրար հետ, եւ ես խորապես համոզված եմ, որ կանցնի որոշակի ժամանակ, տարիներ, եւ մենք նորից կապրենք իրար կողքի, միասին:

Դուք ասել եք, որ վստահություն պետք է լինի, գուցե արժե՞ կոնկրետ քայլեր անել, օրինակ` հանել Ձեր դիպուկահարներին առաջնային գծից:

Երկու կողմից պետք է հանել, այո՞:

Մենք արդեն համաձայնվել ենք:

Մենք էլ ենք համաձայնվել, մնում է միայն հանել: Մեկ անգամ էլ եմ ասում, մենք այստեղ ենք ոչ թե նրա համար, որ լուծենք քաղաքական եւ պետական հարցեր, այլ նրա համար, որ ստեղծենք մարդկանց միջեւ փոխհարաբերություններ: Այդ նպատակին ծառայել է եւ' առաջին այցը, եւ' ծառայում է երկրորդը: Դա ձեւաչափ է մարդկանց շփման համար, այո, վիճաբանությունների համար: Իհարկե, վիճաբանությունները կարող են թեժ լինել, կարող են լինել դժգոհություններ, բայց, այդուհանդերձ, այլ ուղի չկա` պետք է խոսել եւ պայմանավորվել: Դա հաջողվում է դեռ դժվարությամբ, բայց գործընթացը շարունակվում է:

Ի՞նչ քայլեր կլինեն հետագայում:

Հիմա դժվար է ասել, այսօր մի քանի առաջարկություններ են հնչել, եւ դրանք կքննարկվեն, բայց ես մեկ անգամ էլ եմ ասում, որ այսօր ձեր հարգելի դեսպանը` Արմեն Սմբատյանը, շատ ճիշտ բան է ասել` ինչո՞ւ Ռուսաստանի տարածքում ադրբեջանցիներն ու հայերը կարողանում են իրար հետ ապրել, միասին բիզնես անել, ընկերություն անել, իսկ այստեղ չեն կարող: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչու՞ այնտեղ կարող են, այստեղ` ոչ: Իհարկե, կան խնդիրներ, նաեւ շատ դժվար ժառանգություն, բայց պետք է այդ ամենով անցնել: Եթե 1946 թվականին ինչ-որ մեկը Ռուսաստանում ասեր` եկեք գերմանացիների հետ ընկերություն անենք` նրան կտոր-կտոր կանեին փողոցում, իսկ արդեն 7-8 տարի հետո Գերմանիան դարձավ ԽՍՀՄ խոշոր գործընկերներից մեկը, իսկ հիմա` Ռուսաստանի: Ժամանակն ամեն ինչ բուժում է: Եւ անցել է 18-19 տարի, արդեն նոր սերունդ է մեծանում, եւ նրան չպետք է թողնել ժառանգությունն այն ամենի, ինչ կատարվել է: Դրա համար այդ հարցերը պետք է լուծել: Եւ մենք նրա համար չենք, որ վերջնական ինչ-որ բան որոշենք եւ հակամարտությունը լուծենք, այլ նրա համար, որ մարդկանց միջեւ վստահություն ստեղծենք:

Ձեր գալը սահմանով չի՞ նշանակում, որ Դուք ճանաչում եք ԼՂՀ անկախությունը:

Ոչ, այդպես չի նշանակում, դա սահման չէ, այլ շփման գոտի:

Չնայած բանակցություններին, Բաքվում շարունակում են հնչել հակահայկական հայտարարություններ, ինչպե՞ս եք դա գնահատում:

Գիտեք, մենք կոնտակտներ ստեղծելու համար ենք, այլ ոչ նրա համար, որ խոսենք այն թեմաներով, որոնք մեզ կարող են տարանջատել:

Անվտա՞նգ եք զգում Ստեփանակերտում:

Միանգամայն:

Ձեր այցն ինչպե՞ս են գնահատելու Ադրբեջանում:

Ոմանք` լավ, ոմանք` վատ:

Տեղեկացնենք, որ Նախագահի հետ հանդիպումից հետո պատվիրակությունն ուղեւորվել է Շուշի, այցելել Շուշիի մզկիթ, որը պատերազմից հետո վերանորոգվել է, այնուհետեւ այցելել են Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու հայրական տուն եւ այնտեղից ուղղաթիռով մեկնել Երեւան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter