Լրագրողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը համաձայնել է համաներման միջոցով ազատվել քրեական հետապնդումից:
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել, բայց գրել եմ, որ համաձայն եմ ազատվել հետապնդումից համաներման միջոցով»,- մեզ հետ զրույցում ասաց լրագրողը:
Հիշեցնենք, որ Գոհար Վեզիրյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» ցուցաբերելու մեջ: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` լրագրողը պետք է վճարեր 350 հազար դրամ տուգանք, սակայն համաներման միջոցով ազատվեց պատժի կրումից:
Նույնչափ տուգանք էր նշանակվել նաեւ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ, որը եւս մեղադրվում է «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» ցուցաբերելու մեջ:
Շամշյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը «համաներվելու» ցանկություն չունի: «Ես որեւէ հանցագործություն չեմ արել, որ ինձ համաներեն, թող իրենց դատավորներին համաներեն»: Ֆոտոլրագրողը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, իսկ մերժվելու դեպքում` միջազգային ատյաններ:
Նշենք, որ դատարանը Գոհար Վեզիրյանի եւ Գագիկ Շամշյանի մեղավորությունը հիմնավորված էր համարել բացառապես դատական կարգադրիչների տված ցուցմունքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել