HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրաքցի փախստականները բնակարան ունեցան

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում այսօր բացվեց իրաքցի փախստականների համար նախատեսված Սոցիալական տունը: Այստեղ կբնակվեն  Իրաքից ներգաղթած 46 ընտանիքներ: Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը այս ծրագիրը դրական է գնահատում: «Կառավարությունը տրամադրել է Դարբնիկի գյուղատնտեսական նախկին տեխնիկումի շենքը, լուծում է տվել շենք մուտք գործող բոլոր կոմունիկացիաներին:  ՄԱԿ-ի ՓԳՀ –ի ֆինանսական ներդրմամբ իրականացվել է շենքի նախագծման պատվերները, շինարարությունը, վերանորոգվել է 46 բնակարան և մեկ սոցիալական ընդհանուր սենյակ: Վիվասելը ևս Ֆինանսական ներդրում է կատարել, մասնավորապես հատկացրել է մի շարք սենյակների վերանորոգման գումարը»,-«Հետքի» հետ զրույցում նշեց Գագիկ Եգանյանը: ՄԱԿ ՓԳՀ-ն նշում  է Փախստականի Համաշխարհային Օրը` համատեղելով  Արարատ մարզի Դարբնիկ գյուղում Իրաքից Հայաստան  գաղթած փախստականների համար Սոցիալական տան բացման արարողության հետ: Այսօր  Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը հրավիրել էր ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի, դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև փախստականներին` նշելու Փախստականների Համաշխարհային Օրը և մասնակցելու Դարբնիկ գյուղում Իրաքից գաղթած փախստական ընտանիքների համար Սոցիալական Տան բացման պաշտոնական արարողությանը: Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը:տեղեկացնում է, որ 2008 թ-ին Արարատ մարզի Դարբնիկ գյուղի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքը տրամադրվեց ՄԱԿ ՓԳՀ-ին` ՀՀ Կառավարության, մասնավորապես ՀՀ Տարածքային Կառավարման նախարարության/Միգրացիոն գործակալության կողմից և վերակառուցվեց 46 սոցիալական բնակարանի և 1 սոցիալական սենյակի` ՄԱԿ ՓԳՀ գործընկեր YMCA/Օթևան կազմակերպության օգնությամբ: ՀՀ Կառավարությունը ապահովեց նաև շենքի գազի և էլեկտրականության մատակարարումը: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը` Արարատ մարզի տեղական իշխանությունները և Դարբնիկի համայնքը մեծ ներդրում ունեցան շենքի արտաքին ենթակառուցվածքի տեղադրման հարցում: Անգնահատելի օժանդակություն ցուցաբերեց նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի ֆինանսական աջակցության շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն ավարտին հասցրեց սոցիալական տան մեկ մասնաշենքի շինարարական աշխատանքները: Ավելին, Իրաքից փախստականների բնակվելու հիմնական պայմանները ապահովելու նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան հետ համատեղ Դարբնիկի սոցիալական տան բնակիչներին կահույք տրամադրեց/կտրամադրի: ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկեր կազմակերպությունների` Առաքելություն Հայաստան Բարեգործական ՀԿ-ի, Առողջության և Կրթության Հայկական Կենտրոնի միջոցով խթանում են փախստականների սոցիալական ինտեգրման գործընթացը Դարբնիկում, աջակցելով իրենց դժվարությունների հաղթահարմանը և հասարակության լիիրավ անդամ դառնալուն: Այս առումով Ապագան Քոնն է Բարեգործական Սոցիալական ՀԿ-ն, որն աջակցել է ՄԱԿ ՓԳՀ-ին այս տոնակատարության կազմակերպման հարցում, համայնքների մերձեցում ծրագրի շրջանակներում իրականացրել է մի շարք միջոցառումներ` ուղղված Դարբնիկի համայնքում փախստականների սոցիալական ինտեգրմանը: Իր բացման խոսքում ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան մաղթեց Իրաքի ընտանիքներին երջանիկ և ուրախ կյանք նոր միջավայրում, նոր հարևանների հետ: «Անշուշտ, շենքը կառուցվում է քարից, բայց տան և համայնքի կառուցման գործում հոգի է դրված, և համայնքի հետ սերտ կապն է, որ դարձնում է այս գեղեցիկ տուֆի շենքը երջանիկ մի կառույց Իրաքից գաղթած ընտանիքների համար»,- հավելեց Բուշրա Հալեթոտան: «Մեր պարտականությունն է անել այնպես, որ իրենց տներից զրկված այս մարդիկ, որ ապաստանել են հայրենիքում, ավելի լավ կյանքի փնտրտուքով չլքեն իրենց պատմական հայրենիքը: Մենք պետք է այնպես անենք, որ այս մարդիկ կարողանան հաղթահարել բնակարանի, կրթություն ստանալու և եկամուտ վաստակելու խոչընդոտները», -  ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ փոխվարչապետ, Տարածքային Կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հյուրերը և փախստականները միացան ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչին և շրջեցին Սոցիալական Տան միջով: Շենքի շրջակայքում իրականացվեց ծառատունկ, որը խորհրդանշում է փախստական  ընտանիքների նոր կյանքի սկիզբը Դարբնիկում: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, Դարբնիկի և այլ շրջաններից փախստական երեխաների մասնակցությամբ գունագեղ ներկայացումներ, ինչպես նաև ազգային ուտեստներ` հաղորդելով հույսի, խաղաղության, ջերմության և համերաշխության պատգամը: «Նաև խորհրդանշական եմ համարում, որ իրաքցի մեր հայրենակիցները իրենց տունն ու տեղը դնում են Արարատ լեռան ստորոտում»,- հավելեց Գագիկ Եգանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter