HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Բարսեղյան. «Ի սկզբանե գիտեի, որ այս գործը չի բացահայտվելու»

13_04-l-barseghyan«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով քրեական գործը կասեցվել էր: «Հետքը» անդրադարձել էր լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքին և մանրամասներ ներկայացրել գործի ընթացքի վերաբերյալ (Տես` Լրագրողի վրա հարձակվողները չեն հայտնաբերվել, քրեական գործը կասեցված է ):

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մեր նամակի` Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանը պատասխանել էր, որ «… Լուսինե Բարսեղյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազին տրվել է գրավոր ցուցում` դիմումում նշված փաստերի ստուգման նպատակով համապատասխան քննչական գործողություններ կատարելու մասին»: «Հետքի» հրապարակումից հետո «Հայկական ժամանակ»  օրաթերթի խմբագրություն են այցելել քննիչն ու ոստիկանները, նորից են հարցաքննել Լուսինեին և մի քանի աշխատակիցների:

Դրանից հետո Լուսինե Բարսեղյանին ոմն Կարենի կողմից կատարված հեռախոսազանգը պարզելու համար ոստիկանությունը սկսել է դեպքի օրը կամ այդ շրջանում Լուսինեին զանգահարած բոլոր անձանց հրավիրել ոստիկանություն և հարցաքննել: «Ակնհայտորեն փորձել են թուղթ սևացնել, որ ցույց տան, թե իբր գործ են անում: Ոստիկանությունը հրապարակումից հետո ինչ-որ միջոցներ էր սկսել ձեռք առնել` թերևս ցույց տալու համար, որ գործ են անում: Ծայրահեղ դեպքում իրենք կարող էին իմ նշած հեռախոսազանգի վերծանումը վերցնել, ինչ խնդիր կար, փոխանակ այդքան մարդկանց կանչեին ոստիկանություն»,-ասում է Լուսինե Բարսեղյանը:

Լուսինեի հորը ևս կանչել են հարցաքննության: Թաղայինը գնացել և զգուշացրել է Նորայր Բարսեղյանին, որպեսզի լրացուցիչ հարցաքննության գնա: Սակայն Ն. Բարսեղյանը ևս չի գնացել. «Ես ինչ-որ պետք է` ասել եմ, նկարագրել եմ այդ անձին, որ տեսնեմ` կճանաչեմ»,-ասաց Լուսինեի հայրը:

Հունիսի 30-ի թվագրմամբ «Հետքը» Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Մարուխյանի ստորագրությամբ ստացավ մեկ այլ պատասխան. «...Լուսինե Բարսեղյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք քննչական բաժնի կողմից կատարվել են մի շարք քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնք, սակայն, դրական արդյունքներ չեն տվել: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Լ. Բարսեղյանը, նրա հայր` Ն. Բարսեղյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության աշխատակիցները չեն համագործակցել նախաքննական մարմնի հետ, ինչի հետևանքով անհնար է դարձել ոմն «Կարենի» ֆոտոռոբոտի կազմումը»:

Լրագրողը կարծում է, որ ոստիկանության այս գործողություններն ամբողջովին ձևական կողմ են ապահովում: «Ոչ էլ գնացել եմ լրացուցիչ հարցաքննության, որովհետև ես վստահ չէի, որ գնամ` ֆոտոռոբոտ կկազմեն: Ակնհայտ շոու են սարքում: Այն փաստերը, որոնք ես էի նշել, որոնց հետևից էր պետք գնալ, ում ես եմ կասկածում, դա իրենք չեն արել»,- հիմնավորում է Լուսինե Բարսեղյանը:

Քննիչը «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն այցելության ժամանակ փորձել է հարցաքննել աշխատակիցներին, սակայն նույն հարցերին նորից պատասխանել աշխատակիցները չեն ցանկացել:

«Նրանք գալիս են, մեր ամբողջ աշխատանքը ժամերով կազմալուծում ու անիմաստ հարցեր են տալիս, նույնը վերաշարադրում են: Ինչ-որ պետք էր, ես դեպքից անմիջապես հետո, հարցաքննության ժամանակ նշել էի: Ես ի սկզբանե գիտեի, որ այս գործը չի բացահայտվելու, բայց ես գնացել եմ, ինձ ժամերով հարցաքննել են, ամեն ինչ մանրամասն պատմել եմ»,- ասում է Լուսինե Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter