
Սամվել Ալեքսանյանը շարունակում է զարմացնել
Այսօր սպառողին հերթական անակնկալը մատուցվեց, այս անգամ՝ շաքարավազի գնի բարձրացման տեսքով: Արմավիրի մարզի որոշ գյուղերում շաքարավազի գինը հասել է մինչեւ 470 դրամի, 2 օր առաջ վաճառվող 400 դրամի փոխարեն: Երեւանի խանութներում շաքարավազի գինը տատանվում է 420-450 դրամի միջեւ:
Հայաստանում շաքարավազի ներկրման մենաշնորհը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն է, եւ նա է թելադրում շաքարավազի գինը ողջ երկրում: Պատգամավորին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը շաքարավազի շուկայում ունի ամենամեծ մասնաբաժինը` 99 տոկոսից ավելին:
Սամվել Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե մեծ պայմանագիր են ունեցել Բրազիլիայի գործընկերների հետ, ըստ որի` Հայաստան է ներկրվել էժան շաքարավազ, սակայն պայմանագրի ժամկետը լրացել է եւ հիմա նոր գներով է ներկրվում, որն ավելի թանկ է:
Պատգամավորը հերթական անգամ զարմացրեց` ասելով, թե դրսից միայն շաքարավազի հումք է ներկրվում եւ պատրաստի շաքարավազ իր ընկերությունները չեն ներմուծում:
«Այդ հումքը բերում ենք Ախուրյանի շաքարավազի գործարանի համար, մենք հումք ենք բերում, պատրաստի շաքարավազ չենք բերում: Միայն ներսում արտադրված շաքարավազով ենք բավարարում շուկայի պահանջարկը»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:
Հարցին` հնարավոր է առաջիկայում եւս շաքարավազի գինը բարձրանա, գործարար պատգամավորն ասաց, թե առաջիկայում գինը չի բարձրանա, մինչեւ «թազա պարտիա» ներկրեն: «3-4 ամսից թազա պարտիա կբերենք»,-հավելեց Սամվել Ալեքսանյանը:
Նշենք, որ, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, 2010թ. Հայաստան է ներկրվել 97,7 հազար տոննա շաքարավազ՝ 2009թ. 64,8 հազ. տոննայի դիմաց։ Իսկ Ախուրյանի շաքարի գործարանի կողմից արտադրվել է 45 հազար տոննա շաքարավազ:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել