Անբավարար գնահատական երկու մարզպետներին
Հողի հարկի հինգ ամսվա ցուցանիշը 50 տոկոսից ցածր հավաքագրելու համար հունիսի 30-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն անբավարար է գնահատել Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատանքը:
Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանն անակնկալի եկավ լուրից. նրա համոզմամբ` իր աշխատանքը դրական գնահատականի է արժանի:
«Ո՞վ Է տեսել, որ կիսամյակը դեռ չամփոփած` գնահատական ստանանք: Ես այս հարցը դեռ բարձրացնելու եմ»,- ասաց մարզպետը, կարևոր համարելով հիշեցնել, որ նախորդ տարի իրենք 106,7 տոկոս հավաքագրման ցուցանիշ են ներկայացրել: Նրա փոխանցմամբ` վերջին հինգ ամիսների արդյունքները թույլ են տալիս վստահեցնելու, որ կիսամյակը փակելու են 50 տոկոսից ավել արդյունքով:
Ստացվում, որ չաշխատող համայնքապետերի համար պատասխան են տալիս մարզպետները: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն օրինակ, նկատեց, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը թեև մարզպետներին արտոնում է անվստահություն հայտնել համայնքների իրենց պարտականությունները չկատարող ղեկավարների նկատմամբ, բայց «Դա այնքան երկար ու ձանձրալի գործընթաց է, որ մինչև գործը հասնում է դատարան, համայքապետի պաշտոնավարման ժամկետը լրանում է»:
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը չհերքեց գործող օրենսդրությամբ համայնքապետերի նկատմամբ անվստահություն հայտնելու բարդ մեխանիզմը: «Դա մտածված է արվել, որ որևէ պետական պաշտոնյայի մոտ ցանկություն չառաջանա օրումեջ անվստահություն հայտնել համայքի ղեկավարին: Դա արված է նաև նրա համար, որ պահպանվի տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը»,-ասաց Արմեն Գևորգյանը:
Իսկ հարցին, թե` անվստահություն հայտնելու գրեթե անիրագործելի մեխամիզմն անձեռնամխելի չի՞ դարձնում արդյոք համայնքապետին, նախարարն ասաց. «Ինչ որ տեղ` այո, այդպես է, բայց հիմա այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում` ՏԻՄ օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելու համար»:
Որ տարածքային կառավարման նախարարությունը մարզպետների աշխատանքը ստուգելու և գնահատելու քաղաքականություն է որդեգրել, Արմավիրի մարզպետը ճիշտ և անհրաժեշտ է համարում, բայց, որ նման լիազորություններ վերապահված չեն իրենց` դա արդեն վերագրում է ՏՒՄ օրենքի բացին:
Բացի հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշից, տարածքային կառավարման նախարարը դժգոհ է մնացել նաև Արմավիրի մարզում 2009 թվականին կուտակած աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացից: Նախարարը հանձնարարել է խորությամբ ուսումնասիրել պատճառները, իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին մեկ ամսվա ընթացքում զեկուցել իրեն:
Թեև հողի հավաքագրման 50 տոկոսից ցածր ցուցանիշ էլ Շիրակի մարզում է արձանագրվել, բայց տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում ձեռնպահ են մնացել Լիդա Նանյան անբավարար գնահատելուց:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել