Երևանում ասֆալտապատվել է 300 հազար քմ ճանապարհ
Երեւան քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայրքաղաքում իր հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է ճանապարհների կառուցման, բարեկարգման, շենքերի եւ շինությունների արտաքին բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։
Այս պահին բուռն շինարարություն է ընթանում Ծիծեռնակաբերդի ճանապարհին։ Հաղթանակ կամուրջը Լենինգրադյան պողոտային կապող Աթենքի փողոցում նոր կառուցվող 2 կիլոմետր երկարությամբ ձգվող հատվածը միանգամից մի քանի փողոցներ է միացնելու: Երթեւեկության հոսքերի կանոնակարգման նպատակով կառուցվում է նաեւ շրջադարձային նոր վերգետնյա ուղեանց։ Բացի այդ, նախատեսվում է նաեւ նոր ճանապարհահատվածի կառուցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Իսակովի պողոտա։
Կարեն Կարապետյանն առաջարկել է ավելացնել աշխատուժն ու երեք հերթափոխով շարունակել աշխատանքները։ Երեւան նախագծի շինարարության պատասխանատուները, սակայն, հավաստիացրել են, որ ճանապարհի երթեւեկելի հատվածը պատրաստ կլինի ժամկետից ավելի շուտ` սեպտեմբերի մեկից:
Այստեղ չեն լինելու լուսացույցներ, ինչն էլ թեթեւացնելու է մայրքաղաքային երթեւեկությունը եւ բեռնաթափելու է շրջանցիկ փողոցները։
Քաղաքապետի հաջորդ կանգառը եղել է Շառլ Ազնավուրի տուն–թանագարանում։ Շրջելով Կասկադի հարեւանությամբ կառուցված շենքի տարածքում՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հենց վաղվանից ձեռնամուխ լինել թանգարանի հարակից տարածքի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին։
Դավիթ Բեկի փողոցով երթեւեկող վարորդներն այսօր էլ են դժվարանում անցնել, սակայն պատճառը ոչ թե անբերակարգ ճանապարհն է, այլ ընթացող շինարարությունը։ Ի դեպ նշենք, որ մինչ օրս մայրքաղաքում ասֆալտապատվել է 300 հազար ք/մ ճանապարհ, ճաքալցել 150 հազար գծամետր տարածք, 3 փողոցների տրամվայի գծեր են ապամոնտաժվել։
Աբովյան փողոցի շենքերի կամարակապ այս հատվածում օրեր առաջ անցորդներին կարող էր զարմացնել միայն պատերին թողված տարատեսակ գրություններն ու անկանոն խզբզոցները, այսօր սակայն քաղաքապետն անձամբ համոզվել է, որ երբեմնի անշուք այս մուտքը գունազարդ բնանկարների միջոցով բոլորովին այլ տեսք է ստացել։ Ամիսներ անց այս օրինակը միակը չի լինելու։ Նման ձեւով բարեկարգվելու եւ նկարազարդվելու են նաեւ մայրաքաղաքի մյուս շենքերի կամարակապ հատվածները։
Կարեն Կարապետյանը շրջայցի ընթացքում ծանոթացել եւ գնահատել մայրաքաղաքի տարբեր փողոցների շենքերի ներկման եւ լվացման կատարված աշխատանքները: Հետեւել Տպագրիչներ–Վարդանանց փողոցների եւ Ամիրյան–Մաշտոց հատման մասում գտնվող շենքերի, այդ թվում նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքի խճանկարների սալիկապատման ընթացիկ աշխատանքերին։ Այսպիսի գեղարվեստական լուծումը շենքերի բարեկարգման հարցում ոչ միայն նոր մոտեցում է, այլեւ նոր մշակույթ։
Այս պահի դրությամբ Երեւանում արդեն իսկ կատարվել է 245 շենքերի արտաքին լվացում եւ ներկում։ Ավարտին են մոտենում մետաղական ցանկապատերի ներկման աշխատանքները։
Քաղաքապետի այցելել է Գլխավոր խողոտայի Մաշտոցի Սարյան հատվածը, որտեղ շարունակվում են այգու բարեկարգման աշխատանքները։ Մինչեւ հոկտոմբեր վերանորոգվելու են շատրվաններն ու տեղադրվելու են նստարաններ, անցակացվելու է լուսավորություն։ Երեւանյան 3 այգիներում այդ աշխատանքներն արդեն իսկ ավարտաված են։ Լուծվել է նաեւ 12 փողոցների լուսավորության հարցը։
Ընթացքի մեջ է 3 վերգետնյա անցումների շինարարությունը։ այս պահին շարունակվում է նաեւ Հրազդանի կիրճի եւ Դավիթաշենի կամրջի բարեկարգման եւ նորոգման աշխատանքներ։ Հետիոտների համար արդեն իսկ կատարվել է 18 հազար ք/մ ծավալով մայթերի բարեկարգում։
Գնահատելով ընթացիկ աշխատանքներ` քաղաքապետ Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այսուհետեւ ժամկետների հարցում քաղաքապետարանը լինելու է առավել հեռահայաց եւ սահմանվելու են նոր շինարարությունների հստակ ժամկետներ, քանի որ
Դավիթաշենի կամրջի եւ Դավիթ Բեկի փողոցում շինարարական աշխատանքերն ավարտին են մոտենում սահմանված ժամկետից ավելի շուտ. «Շրջայցի շրջանակում մենք արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքները ժամկետների մեջ են, որոշ դեպքերում նաև ժամկետներից արագ, ուղղակի հետագա մեր աշխատանքների համար ճիշտ ժամկետներ սահմանելու խնդիր ունենք: Բազմաթիվ աշխատանքներ կան, որոնց ավարտն, օրինակ, նոյեմբեր ամսին է նախատեսված, բայց տվյալ ժամկետն անտրամաբանական է: Այս մասով մենք բավականին անելիք ունենք որպեսզի մրցույթները ժամանակին հայտարարենք: Վերգետնյա անցումների կառուցման դեպքում էլ, օրինակ, կարելի էր ժամկետը սահմանել մինչև սեպտեմբերին 1-ը, ինչը տրամաբանական կլիներ», - նշել է քաղաքապետը: Կարեն Կարապետյանը նաև արձանագրել է, որ բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվել էին հատուկ ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, ժամկետների մեջ կավարտվեն ու թե քաղաքի արտաքին տեսքը, թե ընդհանուր միջավայրը զգալիորեն կփոխվի:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել