HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան միրգ տեղափոխելը բանջարեղենից թանկ է

ԱԽԱԼՔԱԼԱՔ: 3 ՀՈՒԼԻՍԻ:  Ա-ԻՆՖՈ.- Ամեն տարի Ախալքալաքի կենտրոնական շուկայի վաճառասեղանները գրեթե մշտապես ծանրաբեռնված էին հայկական պտուղ-բանջարեղենների բազմազան տեսականիով: Սակայն այս տարի հայաստանաբնակ վաճառականների այցն Ախալքալաք համեմատաբար նվազել է: Նրանցից ոմանց կարծիքով, ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը մեկն է. հայ-վրացական սահմանակետում բեռնափոխադրման համապատասխան թույլտվություն ձեռք բերելու համար իրենք բավականին գումար են վճարում, ինչը, սակայն, հարմար չէ օրվա ապրուստը հազիվ հայթայթող «գործընկերներից» շատերին: Նույն առևտրականների խոսքերով, մի կերպ ճարելով անհրաժեշտ գումար, բեռնափոխադրումն իրականացնում են Վրաստան, բայց եթե հաշվի առնեն պտուղ-բանջարեղենների մշակման կամ ձեռքբերման, փոխադրամիջոցի վառելանյութի ծախսերը եւ նման շատ այլ գործոններ, իրենց իրականում շահույթ չի մնում, ավելին` եղել են դեպքեր, երբ բեռը փչացել է, այդժամ անգամ ծախսած գումարի կեսը չեն կարողացել ետ բերել: Պարզվեց` Հայաստանից Վրաստան մեկ տոննա միրգ փոխադրելու համար պետականորեն գանձվում է մոտ 300 լարի, բայց բանջարեղենների դեպքում վճարը երկու անգամ ավելի նվազ է: Վաճառականների մեկնաբանմամբ, հենց սա է բուն պատճառը, որ հայկական մրգերը համեմատաբար թանկ գնով են վաճառում, քան բանջարեղենները: Ստեղծված իրադրությունից դժգոհ է նաեւ սպառողը: Տեղաբնակ գնորդները թեեւ հասկանում են այն դժվարությունները, որոնց մասին ասում են հայաստանաբնակ վաճառականները, բայց ցածր աշխատավարձի հանգամանքը ստիպում է դժգոհություն հայտնել շուկայական բարձր գներից: Սպառողներից շատերը վկայելով, որ իրենց աշխատավարձը կամ թոշակը բավականեցնում է միայն օրվա հացի, կոմունալ մուծումների կամ դեղորայքի գնման համար, փաստում են, որ «գնումների ամսեկան գրաֆիկից» իրենք ստիպված են ջնջել «նման թանկ հաճույքներից օգտվելը»: Այս իսկ նկատի ունենալով` նրանք առաջարկում են որոշակիորեն ցածրացնել վաճառվող հայկական պտուղ-բանջարեղենների արժեքը, որպեսզի սպառողների մեծամասնությունը կարողանա ինչպես հարկն է օգտվել դրանցից, իսկ հայազգի վաճառականները, տեղեկացնելով իրենց ծախսատար գործունեության մասին, շատ դեպքերում դժվարանում են գոհացուցիչ պատասխան տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter