HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հակոբ Սիմոնյան. «Հենց առաջին օրվանից անակնկալները սկսեցին ուղեկցել մեզ»

04_07-H-SimonyanՄի ամբողջ պատկերասրահ բացվեց հողի տակ

Աշտարակից մոտ 3,5 կմ արևմուտք գտնվող Ներքին նավեր դամբարանադաշտի պեղումների արդյունքում մի շարք հայտնագործություններ են արվել: Այս մասին այսօր կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը:

«Արդեն 2 ամիս է, մենք աշխատանքներ ենք կատարում Ներքին նավեր դամբարանադաշտում, որը 3-րդ հազարամյակի երկրորդ կեսի շատ ուշագրավ, Հայաստանում շատ հազվագյուտ հուշարձան է, որովհետև այդ ժամանակաշրջանի հուշարձաններից մենք ունենք մեկ տասնյակի չափ, որոնցից պեղված է հազիվ 2-3-ը: Սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանում որոշակիորեն ի հայտ են գալիս վաղ պետական կազմավորումների հստակ չափորոշիչները` սոցիալական կտրուկ շերտավորում, վերնախավի հատուկ թաղման ծես, ընտելացված ձի, պրոֆեսիոնալ զենքեր, ոսկերչական խիստ բարձր դպրոց, ապակեգործություն: Այսինքն` բոլոր այն կարևոր առանձնահատկությունները, որոնք բնորոշ են վաղ քաղաքակրթություններին և վաղ պետական կազմավորումներին»,- ասաց Հակոբ Սիմոնյանը Նա նշեց, որ մինչ այժմ պեղվել է 7 դամբանաբլուր, որոնք «հեղաշրջում էին առաջացրել մեր պատկերացումներում` մեր ունեցած հնագույն մշակույթի և պատմության վերաբերյալ»:

Տարածքը համընկնում է Հայկի անդրանիկ որդի Արամանյակի բնակության վայրին, որը նկարագրում է Մովսես Խորենացին. «Երբ Հայկը հաղթեց Բելին, Արամանյակը հավաքում է գերդաստանը և տեղափոխվում Արագած լեռան հարավային լանջ` երկու կարկաչահոս գետակների միջակայք»:

«Ղևոնդ Ալիշանի տոմարական հաշվարկներով` Հայկի և Բելի ճակատամարտը պետք է տեղի ունեցած լիներ ք.ա. 2492 թ.: Ռադիոածխածնային անալիզների արդյունքները, որոնք կատարվել են Գերմանիայում և Ամերիկայում, զարմանալիորեն համընկնում են այս թվագրության հետ: Այսինքն` այս դամբանաբլուրները և իրենց դիրքով, և ժամանակով կարծես հավաստում են Պատմահոր վկայությունը: Իհարկե, վերջնական արդյունքին հասնելը դեռ շատ հետազոտություններ, շատ նյութերի կուտակում է պահանջում, բայց արդեն կա այսպիսի հետաքրքիր զուգադիպություն»,- նշեց Հակոբ Սիմոնյանը: Գիտահետազոտական կենտրոնի տնօրենի հավաստմամբ Ներքին նավերում հայտնաբերված ձիու ոսկորները հնագույնն են Առաջավոր Ասիայում` որպես ընտելացված և ռազմի նպատակով օգտագործված ձի: Անցյալ տարի պեղվել է գունազարդ սափոր, որի վրա պատկերված է տոհմիկ ձիերի երամակ: «Սա նույնպես հնագույնն է ողջ հին արևելյան համատեքստում: Ավելի վաղ մենք այդպիսի գտածո չենք ունեցել»,- ասաց նա: Հակոբ Սիմոնյանի խոսքերով` «Դամբարանն անկասկած պատկանում է արքա առաջնորդի: Եվ այդ դամբարանում մենք հայտնաբերեցինք մոտավորապես 65 գունազարդ անոթ, այսինքն` մի ամբողջ պատկերասրահ, որը բացվեց հողի տակ: Սև ներկով կարմիր հիմնագույնի վրա շքեղ զարդարված անոթներ էին, որոնք ներկայացնում էին մեր հնագույն առասպելները, աշխարհընկալումները, պատկերացումները»:

Նահապետի դամբարան. Վանի թագավորությունից անցում Երվանդյան հարստության

Այս տարի սկսվել են ամենամեծ, թվով 8-րդ դամբանաբլուրի պեղումները: Տրամագիծը 35 մ էր, բարձրությունը` մոտ 4 մ:

«Մենք նախնականորեն դա անվանում էինք նահապետի դամբարան: Երբ սկսեցինք պեղումները, հույս ունեինք, որ կհայտնաբերենք սովորական մի դամբարան` իր բոլոր կառուցվածքային առանձնահատկություններով: Սակայն հենց առաջին օրվանից անակնկալները սկսեցին ուղեկցել մեզ: Պարզվեց, որ դամբարանի վրա կառուցված է մի բավականին մեծ, մոնումենտալ կառույց: Կառույցի պատերի հաստությունը հասնում է 1,5 մ-ի, երկարությունը 25 մ է, իսկ լայնությունը` 12 մ: Մեր ունեցած նախկին տվյալների համաձայն` կարող ենք նախնական եզրակացություն անել, որ սա դամբարանի վրա կառուցված տաճարական շինություն է. առնչվում է նախնիների պաշտամունքի հետ»,- ասաց Հակոբ Սիմոնյանը: Նա նշեց, որ պատմահայր Խորենացին է դեռ վկայել, որ հայոց մայրաքաղաք Արմավիրում երեք կարևոր դից է եղել` լուսնի, արևի և նախնիների պաշտամունքի տաճարներ: Պեղված տաճարը հավանաբար կառուցվել է Վանի թագավորության (Ուրարտու) շրջանում և հարատևել է շուրջ 1 հազարամյակ` մինչև քրիստոնեության ընդունումը` պարբերաբար անցնելով զարգացման բոլոր փուլերը:

«Այսինքն` մենք ունենք կարևորագույն մի անցում` Վանի թագավարությունից Երվանդյան հարստության շրջան: Դա հայոց պատմության ամենից կնճռոտ հարցրից մեկն է. ինչպե՞ս եղավ, որ վերացավ այդ հզոր հին արևելյան կայսրությունը, և նրա փոխարեն արդեն հանդես եկավ Երվանդյան հարստությունը` Պարույր Սկայորդին և նրա հաջորդները` Տիգրանը, որի մասին Խորենացին այդպիսի մեծ գովեստով ու հիացմունքով է խոսում, որին անդրադաձել են հունական պատմիչները` որպես քաջության և տղամարդկության խորհրդանիշ:  Ահա այս ժամանակաշրջանն է, որի հետ մենք հիմա առնչվում ենք»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Սենյակ և մոխրաշերտ

Ներքին նավերի ամենավերին շերտում ք.ա. 5-2-րդ դդ. մի սենյակ է բացվել, որն ունի քարե 4 խարիսխ, որոնց վրա կանգնած են եղել փայտե սյուներ: Հակոբ Սիմոնյանի խոսքերով` սենյակն իր կառուցվածքով նման է այն գլխատան հորինվածքին, որի մասին վկայում է Քսենոֆոնը` հին հայկական բնակելի տունը նկարագրելիս:

«Սա իհարկե կարող է լինել և տաճարի սենյակներից մեկը, որովհետև արելյան կողմում բացվեց մի շատ հզոր մոխրաշերտ, որը կարող էր ատրուշանի վառված և այդտեղ անթեղված մոխիրը լինել: Դուք գիտեք, որ նախքան քրիստոնեությունը մեր ողջ ծիսակարգը հիմնված էր սրբազան կրակի վրա»,- նշեց Հակոբ Սիմոնյանը:

Արևմտյան Հայաստանից հետո դամբարանի վրա կառուցված տաճար է պեղվել նաև Հայաստանի Հանրապետությունում

Ավելի ուշ տաճարը, երբ լքվել է, վերածվել է Արշակունյաց շրջանի գերեզմանոցի: Այդ շինության ներսում կատարված մոտ 12 քարարկղային թաղում է բացվել: Անմիջական շրջակայքում մեծ բնակավայրեր չկան. Օշականը մոտ 5 կմ հեռու է, Փարպին ավելի հեռու է: Հենց այդտեղ թաղումներ կատարելը, պաշտամունքի վայր լինելը, ըստ Հակոբ Սիմոնյանի, թույլ է տալիս ենթադրել, որ հանգուցյալները համայնքի նշանավոր անձինք են. գերեզմանները նաև շատ խնամքով են հարդարված:

«Հիմնական հայտնագործությունները դեռևս մնում են ապագայում: Այսինքն` մենք բացել ենք մինչև Վանի թագավորության վերջին փուլի շերտերը, բայց կառույցի պատերը դեռևս 1-15 մ խորանում են: Իսկ սրա տակ արդեն շարունակվում է (մեր հին փորձից ելնելով) թերևս միջին բրոնզեդարյան դամբարան: Այս համալիրի ներքո գտնվում է մի բնական քարայր, որը, փաստորեն, ժայռի մեջ խորանալով, հասնում է մինչև դամբարանի կենտրոն»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը: Նրա խոսքերով, դամբարի վրա կառուցված Վանի թագավորության շրջանի տաճար մեզ հայտնի է միայն Արևմտյան Հայաստանում` Վանի թագավարության կենտրոնական շրջաններում: «Ժամանակակից Հայաստանի տարածքում սա առաջին նման հայտնագործումն է»:

Դամբարանները արիական են

Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ինչպո՞վ է ապացուցվում, որ դամբարանները հայկական են: Հակոբ Սիմոնյանը նշեց, որ դամբարանները անմիջապես հայ ազգ հետ կապերն այսօր բավականին դժվար խնդիր է, բայց կասկածից վեր է, որ այս դամբարանները արիական են և պատկանում են հնդեվրոպացիներին:

«Այսինքն` այստեղ կատարված թաղման ծեսը զարմանալի նույնական է արիական թաղման ծեսի վկայություններին (հնդկական վեդաներում նշված է, թե ինչպես պետք է կատարվի դիաթաղումը, ինչպիսի զոհաբերություններ պետք է կատարվեն և այլն): Արաքայական զարմի բոլոր անդամների մարմինները դիակիզված են: Դիակիզումը զուտ արիական ծես է: Դուք գիտեք, որ այդ ծեսը կա հին հույների, հնդիկների, պարսիկների մոտ: Այսինքն` արիական ժողովուրդների ամբողջ շերտում սա հավաստված է: Եվ այստեղ մենք տեսնում ենք նույն թաղման ծեսը և նույն շքեղությունը, ինչ վկայված է Խորենացու մոտ, երբ նկարագրում է Արտաշես Ա-ի թաղումը` այդ ճոխությունը, այդ շքեղ ընծաները, զոհաբերությունները, որոնք կատարվում էին ի փառս մահացած արքայի»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը: Որպես զոհաբերության ապացույց` Հակոբ Սիմոնյանը նշեց, որ Ներքին նավերի դամբարաններում հայտնաբերվել են նաև մարմնի մասեր:

«Դամբարաններից մեկում հայտնաբերվել է մարդու 114 ատամ: Հավանաբար զոհաբերությունը ներառել է մարմնի որևիցե անդամի զոհաբերություն և մատների ֆալանգներ»,- ասաց նա` հավելելով, որ այս ծեսը ամենադաժանը չէ. «Շումերական դամբարաններում մենք ունենք 60-ից ավելի մարդիկ, որոն զոհաբերել են տիրոջ հետ: Եվ կանայք ինքնակամ իրենց զոհաբերում էին ամուսինների հետ, որպեսզի հանդերձյալ կյանքում նրանք միասին լինեն: Սա մտայնություն է: Նույնքան վայրենի կարող է իրենց թվալ մեր թաղման ծեսը: Ամեն ինչ կախված է գաղափարախոսությունից, և այս թաղման ծեսը հստակ վկայում է, որ սրանք արիացիների դամբարաններ են»:

Հակոբ Սիմոնյանի խոսքերով` վերոնշյալ դամբարանի պեղումները հաստատում են, որ Հայաստանում եղել է արիական ծեսով ապրող, հզոր, ռազմատենչ հասարակություն, որը հնարել է նաև պրոֆեսիոնալ զենքեր և ընտելացրել ձիու: Շուտով Մոսկվայում կհրատարակվի նրա ծավալուն հոդվածը, որում առաջին անգամ գիտականորեն հիմնավորվում է այն տեսակետը, որ Հայաստանը արիացիների հնագույն հայրենիքներից մեկն է:

Արիացիների կարևորագույն ատրիբուտը

Արիացիներին հստակորեն փոխկապակցված մյուս երևույթը, Հակոբ Սիմոնյանի խոսքերով, ձին է. եթե համարվում է, որ տվյալ վայրը ձիաբուծության կենտրոն է, ուրեմն անմիջապես հետևում է, որ այդտեղ արիացիներ պետք է ապրած լինեն: Այսօր եվրոպական հնագիտության ամենաառաջնային խնդիրներից է ձիաբուծության հայրենիքի բացահայտումը, որը տալիս է բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանը:

«Ձին հնդեվրոպացիների, արիացիների կարևորագույն ատրիբուտներից մեկն է: Եթե մենք կարողացանք վերջնականապես հաստատել, որ, այո, Հայաստանն է ձիու` ռազմի նպատակով օգտագործման հայրենիքը, ապա կարող ենք հետագայում (դա Գորդոն Չայլդի տեսակետն է) վստահաբար ասել, որ եվրոպական քաղաքակրթության արմատները անթեղված են հայոց հողում»,- ասաց նա: Հակոբ Սիմոնյանի համոզմամբ, սակայն, սա ապացուցելը շատ դժվարին խնդիր է:

«Հնդեվրոպացիների հայրենիքի վերաբերյալ կան հարյուրավոր վարկածներ, որոնք հնդեվրոպացիներին կենտրոնացնում են Բալկաններում, Հարավռուսական տափաստաններում, Իրանում, Միջին Ասիայում, որտեղ ուզեք: Արիացիների հայրենիքին նույնպես հավակնում են բազմաթիվ երկրներ, որոնցից Հայաստանը, չգիտես ինչու, դուրս է մնացել: Իսկ իրենց ամբողջ տեքստերում գրվում է, որ դա «լեռնային մի երկիր է, պաղպաջուն ջրերի հայրենիք, որտեղ կլիման ավելի ցուրտ է, քան Պարսկաստանում»»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Նրա հավաստմամբ, դամբարաններից հայտնաբերված կենդանական աշխարհը զարմանալիորեն համընկնում է այն ծիսական կենդանիների ցանկին, որը վկայված է վեդաներում: Ներքին նավերի համար 1 դամբարանում առյուծի մորթի է հայտնաբերվել, որը հավանաբար առաջնորդ արքայի է պատկանել:

«Մորթին իհարկե չի պահպանվել, բայց պահպանվել են կենդանու մագիլները, որոնք նույնպես ուսումնասիրել են գերմանացի շատ հայտնի գիտնականներ: Երեք տարի ուսումնասիրելուց հետո վերջապես նրանք մեզ տվեցին այդ դամբարանում եղած զոհաբերված կենդանիների տեսականին: Միայն 1 դամբարանում 28 տիպի կենդանի կա զոհաբերված, որոնք խորհրդանշել են երկիրը, երկինքը և ստորգետնյա աշխարհը, այսինքն` տիեզերքի այն հիերարխիկ կառուցվածքը, որը հատուկ է հնդեվրոպական դիցաբանությանը»,- ասաց Հակոբ Սիմոնյանը: Նրա համոզմամբ` Հայաստանը լուրջ հիմքեր ունի հավակնելու նաև ձիու հայրենիքներից մեկը լինելուն: Դրա մասին վկայում են ոչ միայն Ներքին նավերի պեղումները, այլև Աստվածաշունչը, որում նշվում է, որ «Թորգոմա տնից էին ամենալավ նժույգները»: Ասորեստանի, ինչպես նաև Աքեմենյան աշխարհակալ արքաները իրենց համար նժույգներ էին բերում Հայաստանից: «Հին արևելքի ամենաքաջ կռվողը հայկական այրուձին է եղել: Հաճախ հենց այրուձին է որոշել այս կամ այն աշխարհակալ պետությունների միջև տեղի ունեցած ճակատամարտի ելքը»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Շենգավիթ, Ներքին նավեր և սուսեր

Հակոբ Սիմոնյանը նշեց, որ սկսվել են նաև Շենգավիթի պեղումները: «Հետաքրքիր երևույթ է տեղի ունենում հայկական լեռնաշխարհում 4-3-րդ հազարամյակներում. ձևավորվում է շենգավիթյան մշակույթը, որը զարմանալի ընդգում և երկարատևություն է ունեցել: Այս մշակույթը տևել է մոտ հազար տարի և ընդգրկել է մոտ 1 մլն քառ. կմ տարածք: Սա վիթխարի տարածք է` Հյասիսային Կովկասից ներառելով Չեչնիան, Ինգուշեթիան մինչև Իսրայելը, Կենտրոնական Անատոլիային մինչև Կենտրոնական իրանական սարահարթը: Այս մշակույթը հայտնի է Կուր-արաքսյան կամ Շենթգավթյան մշակույթ անունով: Խիստ բարձր, քաղաքային տիպի բնակավայրերով այս մշակույթը սակայն ռազմականացված չէր, այսինքն` զենքեր մենք շատ քիչ ունենք: Միջին բրոնզի դարում, որը հաջորդում էր սրան, և փոխվում է հայկական լեռնաշխարհի ամբողջ սոցիալ-մշակութային ընդհանրությունը, տեսնում ենք զենքերի առատություն»,- ասաց Հակոբ Սիմոնյանը` հավելելով, որ չնայած զենքերի բազմաթիվ տեսակներին` հավանաբար Հայկական լեռնաշխարհում կատարված ամենալուրջ հայատնագործությունը սուսերն էր: Հետագայում սուսերը տարածվում է ողջ Հայկական լեռնաշխարհում, սակայն ամենավաղը ռադիոածխածնային մեթոդով հայտնաբերվել է Ներքին նավերում և թվագրվում է ք.ա. 23-րդ դ-ով:

«Հետագայում մենք սա տեսնում ենք նիկենյան արքայական դամբարաններում, բայց շատ ավելի ուշ` 16-րդ դ.-ում: Ժամանակին մտածում էին, որ այդ զենքերը ներմուծված են Նիկենքից Հայաստան, որովհետև դա բացարձակ նորամուծություն է, ռազմի արվեստը շրջող մի հայտնագործություն: Բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հակառակը` հայկական այս զենքերի տեսակները Հայաստանում հանդես են գալիս 700 տարի ավելի վաղ, այսինքն` չէր կարող որդին լինել հոր հայրը: Սա մի անգամից հեղաշրջում է նախկին պատկերացումները` իրերը դնելով իրենց ճիշտ դիրքում»,- ասաց Հակոբ Սիմոնյանը: Պեղումների ժամանակ նաև պղնձից սկավառակաձև զինանշան է հայտնաբերվել:

Ցանկալի կլինի, որ Ներքին նավերը զբոսաշրջության կենտրոն դառնա

Հակոբ Սիմոնյանի խոսքերով` Ներքին նավերի պեղումները կտևեն մինչև ուշ աշուն: Այստեղ ամեն օր 30 բանվոր է աշխատում: Մոտ 1000 քառ. մ տարածքը պեղվում է փոքր քլունգներով և խոզանակներով:

«Մեր քարեղեն էջերը խնամքով թերթելով` մենք փորձում ենք բացահայտել մեր հնագույն անցյալը, որից հետո մեր սրբազան պարտքն է այն պահպանելը: Ինչ վերաբերում է այս մենումենտալ կառույցին, անկասկած սա մենք պետք է պահպանենք: Պեղելուց հետո մենք ծրագիր կներկայացնենք Մշակույթի նախարարություն, վերջինը իր հերթին` ՀՀ կառավարությանը, որպեսզի այդ զարմանալի կառույցը ամրակայվի, եթե հնարավոր է` վերականգնվի, և դառնա զբոսաշրջության կենտրոն»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Ներքին նավերում եղել է բավականին մեծ դամբարանադաշտ: 6 հա-ի վրա մոտ 30 դամբանաբլուր է պահպանվել, որից 7-ը արդեն պեղվել է: Սկսվել ենք նաև 8-րդի պեղումները: Պեղումները կատարվում են պետական ֆինանսավորմամբ: Սեպտեմբերի 1-ին նախատեսվում է Ներքին նավերի պեղումների արդյունքներին նվիրված հատուկ ցուցահանդես կազմակերպել Պատմության թանգարանում: Իսկ մյուս տարի հավանաբար անգլերեն գիրք կհրատարակվի, որը կանդրադառնա վերոնշյալ և հետագա հետազոտություններին:

«Հայտնագործությունները նախ պետք է հասցնել միջազգային ասպարեզ: Ես դեռ կարողացել եմ մտնել գոնե ռուսական գիտական դաշտը, որպեսզի այնտեղ ներկայացվի: Զեկուցում եմ կարդացել Մոսկվայում, Աշխաբադում, որտեղ ամբողջ գիտական աշխարհն էր հավաքվել, Բեռլինում: Բայց դեռևս հրատարակված աշխատանք գոյություն չունի: Դա շատ ծանր, ծավալուն, խիստ ծախսատար աշխատանք է: Միայն այս տարվանից մենք ունենք լուրջ պետական միջոցներ»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Նա նշեց, որ իրենք Ներքին նավերում պեղված բոլոր նյութերը հանձնում են Պատմության թանգարանին: Պեղվել են նաև շատ ոսկյա զարդեր, որոնք հատուկ պահպանության կարիք ունեն. այդպիսի պայմաններ ներկայումս ունի Պատմության թանգարանը:

«Շատ ցանկալի կլինի, որ այդ ամբողջ տարածքը դառնա զբոսաշրջության կենտրոն, և տեղում հետագայում նաև թանգարան կառուցվի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter