Արմավիրցիներն էլեկտրագնացքով կհասնեն Երեւան եւ Սեւանա լիճ
Առաջիկա օրերին շահագործման կհանձնվի Արմավիր-Երևան և Արմավիր-Շորժա ուղևորատար էլեկտրագնացքը, որն իրականություն կդառնա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի հունիսի 5-ին հանդիպմանը ձեռք բերրած պայմանավորվածության համաձայն, կստեղծվեն նաեւ մի շարք ուղղություններով միասնական աշխատանքային խմբեր:
Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանի փոխանցմամբ` Արմավիր-Երևան էլեկտրագնացքը երթուղի դուրս կգա օրական չորս անգամ. նույն չվացուցակը, սակայն, միայն ամառվա սեզոնին, կգործի նաև Արմավիր-Շորժա ուղղությամբ:
«Մեր նպատակն է, որ մարզի բնակիչների ամառային հանգիստը հնարավորին չափ մատչելի դարձնենք: Գնացքի շահագործումով մենք այդ խնդիրը մասամբ կլուծենք: Այսուհետ Սևանում իրենց հանգստյան օրերը անցկացնել ցանկացողները առանց տրանսպորտային խնդիրներ ունենալու կարող են գնացքով հանգիստ գնալ, նույն օրն էլ ետ գալ»,-ասաց փոխմարզպետը:
Երթևեկության ընթացքը, ըստ փոխմարզպետի` չի գերազանցի 50 րոպեն. «Նույն ժամանակահատվածում էլ «Գազել»-ներն են հասնում մայրաքաղաք»,-ասաց նա: Այս երթուղու իրականացումը մեծապես կնպաստի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների մայրաքաղաք արտահանմանը:
Ջրառատցի Ռազմիկ Գևորգյանը, ով մեզանից տեղեկացավ գնացքի շահագործման նորությունը, ուրախացավ, որ վերջապես, առանց ավելորդ քաշքշուկների կլուծվի գյուղմթերքը երևանյան շուկաներ հասցնելու խնդիրը:
«Վերջապես մի լավ բան էլ գյուղացու համար արվեց: Չեք պատկերացնի` ինչքան հոգնացնող ա, երբ ամեն մի ավտո ունեցողի առաջ գլուխ ես ծռում, որ բեռդ քաղաք` շուկա հասցնի: Չնայած փողն էլ տալիս եմ, բայց մի քանի անգամ էլ ետևից գնում-հիշացնում եմ, որ գալող օրվա համար ուրիշ «կլիենտներ»-ի հետ գործարքի մեջ չմտնի: Մեկ-մեկ էլ մի քանի հոգով հավաքվում-փող ենք դնում, մեքենա վարձում ու հասնում Երևան, բայց, որ հիմա գնացքն աշխատելու ա, գործներս կիսով չափ հեշտանալու ա»,-ասաց Ռ.Գևորգյանը:
Փոխմարզպետ տեղեկացմամբ` ուղեվարձն էլ է մատչելի լինելու. «Ավելի մատչելի, քան միկրոավտոբուսների 400 դրամը»,-ասաց Արայիկ Աղաբաբյանը գերադասելով կոնկրետ գնի մասին չխոսել,- Թող անակնկալ լինի»,- ավելացրեց:
Էլեկտրագնացքի շահագործումով ոգևորված են նաև մարզի ուսանողները. և չվացուցակն է նրանց հարմար և` երթևեկության արժեքը:
Ուղևորատար գնացքից բացի գործելու է նաև բեռնատարը, որը կնպաստի գործարար խավի աշխատանքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելուն: Ա.Աղաբաբյանի ասելով` կհեշտացնի մարզի տարածքում գտնվող բնական հանքանյութերի և շինանյութերի արտահանումը:
Իսկ մարզպետի հետ հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարն ասել է, որ իրենց ընկերության նպատակն է սերտացնել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել