Ուժեղ քամի մայրաքաղաքում եւ մարզերում
Երեկ Երեւանի տարբեր համայնքներից բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ ժամը 17.15-ից մինչեւ 18.30-ը մայրաքաղաքում տեղացած անձրեւն ու քամին վնասել են մի շարք շենքերի, շինությունների եւ տների տանիքներ, ընկել են բազմաթիվ (մոտ 34) ծառեր, ինչի հետեւանքով խափանվել է երթեւեկությունը, վնասվել են ավտոմեքենաներ:
«Ելնելով ստեղծված իրավիճակից` վթարա-վերականգնողական աշխատանքներին ներգրավվել են Երևանից 4 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ համայնքային տարբեր բաժինների անձնակազմերը»,- հայտնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ժամը 19.15-ին հայտարարվել է հրշեջ-փրկարարական ջոկատների` հերթափոխից ազատ անձնակազմի ազդարարում եւ հավաք:
Հատուկ փրկարար ջոկատի կողմից կատարվել են 6 շենքի, տների ու շինությունների վնասված տանիքների թիթեղների ապամոնտաժման, 14 ծառի մասնատման աշխատանքներ: Համայնքային կոմունալ բաժինների աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ծառերի մասնատման ու ճանապարհի երթեւեկելի մասից հեռացման աշխատանքներ:
Ժամը 22.10-ին հայտարարվել է տագնապի ավարտ:
Հուլիսի 5-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր եւ Կոշ գյուղերից հայտնել են, որ ժամը 17.00-ից մինչեւ 17.45-ը գրանցված ուժեղ քամու հետեւանքով պոկվել են գյուղերի մի քանի բնակելի տների տանիքներ, կոտրվել ապակիներ:
Քամին վնասել է նաեւ Աշտարակ քաղաքի մի քանի բնակելի տան տանիք, կտրել էլեկտրական լարեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել