HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկ սպորտային ձին պահանջում է տարեկան 700 հազար դրամ եւ առանձնահատուկ խնամք

Թեեւ շատերն են սպորտային ձիեր սիրում, սակայն քչերը համարձակություն կունենան նման ձիեր պահել` իմանալով, թե ինչքան խնամք ու ինչ ֆինանսական միջոցներ են պահանջվում մեկ սպորտային ձի պահելու համար: Արմավիրի մարզի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբի նախագահ Նազիկ Ամիրյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, թե ինչ խնամք ու հոգատարություն են պահանջում ձիերը:

06_07-hourse-3

Որպես ձիասպորտի կենտրոն գործում ենք արդեն 4 տարի, բայց 10 տարուց ավել է, ինչ ձիեր ունենք: Մենք միշտ ձի սիրել ենք ու միշտ պահել ենք, ուղղակի լուրջ չէինք մոտենում, բայց վերջին տարիներին, երբ կառուցեցինք ձիասպորտի կենտրոնը, նոր բացահայտ հայտարարեցինք: Իսկապես, ձիասպորտը թանկ հաճույք է, որովհետեւ եթե ուրիշ հանրապետություններում դրվում են բավականին լուրջ խաղադրույքներ, ապա Հայաստանում այդ կուլտուրան դեռ չկա, բացակայում է: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ակումբներն են քիչ: Ուրիշ ոլորտի բիզնեսով ենք զբաղվում, այնտեղից ստացված եկամուտներով էլ պահում ենք ձիերին: Կարելի է ասել` ձիերին հաճույքի համար ենք պահում եւ նրանցից ընդհանրապես եկամուտ չենք ստանում, ընդհակառակը` բավականին ծախսատար է, որովհետեւ լավ ցեղատեսակի ձիեր պահելու համար պետք է նրանց համար ռեժիմ սահմանվի` սնվելու, լողանալու, զբոսնելու համար: Եթե ձիերը պահվում են ձիասպորտի նպատակով, ապա դրանց համար ամեն ինչ պետք է հատուկ լինի: 26 զտարյուն ձի ունենք, իսկ մեր ձիերի ընդհանուր քանակն ավելի շատ է»,- ասաց Նազիկ Ամիրյանը: «Արա եւ Այծեմնիկ» ակումբում սպորտային ձիերի օրվա ռեժիմը հետեւյալն է. ժամը 7.30-8:00` ձիերի ջրում, 8.30-11:00` ձիերի եւ ձիատեղերի մաքրում, ժամը 11:00-11.30` խոտի բաժանում, ժամը 14:00-14.30` ձիերի ջրում եւ կերակրում, ժ. 15:00-16:00` ձիատեղերի մաքրում, 16:00-16.30` խոտի բաժանում, 19.30-20:00` ձիերի ջրում եւ կերակրում, ժամը 20:30-ին եւ 23:00-ին` ձիերի եւ ձիատեղերի մաքրում, իսկ 23:00-23.30` խոտի բաժանում: Հատուկ է նաեւ այս ձիերի կերակրացանկը:

Սպորտային ձիերը մեկ օրվա ընթացքում պարտադիր պետք է ուտեն 8-9 կիլոգրամ խոտ, 3.5-4.5 կիլոգրամ գարի, վարսակ` 6-7 կիլոգրամ, 1.5 կիլոգրամ խնձոր կամ գազար եւ այլ վիտամիններ: Տիկին Ամիրյանի հաշվարկներով` տարեկան մեկ սպորտային ձի պահելն արժենում է 600-700 հազար դրամ:

«Մեր ձիերը հիմնականում Հայաստանի նախկին ձիասպորտից բերվածներն են: Ունենք նաեւ Վրաստանից բերված ցեղատեսակներ, եւ ընտրված ձիերից խաչասերման միջոցով ստանում ենք լավ ձիեր, արդեն 6-7 տեսակի նման ձիեր ունենք, մենք նաեւ տեղում ենք բուծում: Դրսից միայն Վրաստանից ենք ձի բերել, անգլիական ցեղատեսակի ձի է, բայց ընդհանրապես մեր հայկական ձիերն ավելի որակյալ են»,- ավելացրեց Ն. Ամիրյանը:

Նշենք, որ Նազիկ Ամիրյանը գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է եւ ձիերի նկատմամբ սերն առաջացել է դեռեւս Արցախյան ազատամարտի տարիներին, երբ ռազմի դաշտում էր: «Արցախյան պատերազմից սկսած` մենք ունեցել ենք ձիեր եւ քշել ենք: Գեներալն իր ձին է ունեցել, ես էլ` իմը, եւ այնտեղից ձիերի նկատմամբ սերը եկել է: Կյանքը ցույց է տալիս, որ ցանկացած գործում էլ տարբերակում չկա` կին, թե տղամարդ, միայն ցանկություն է պետք սիրած գործով զբաղվելու համար»,- ասաց տիկին Ամիրյանը: Նրա ասելով` Հայաստանում ձիերի համար ընդամենը 2 դաշտ կա. մեկը Հովիկ Հայրապետյանի ձիասպորտի կենտրոնինն է, մյուսը` իրենցը: «Արա եւ Այծեմնիկ» ակումբում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ ու մրցումներ, նույնիսկ ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունն այս ակումբում է անցկացվել: Այս տարի նախատեսված են եւս երկու հանրապետական մրցաշարեր, որոնք պետք է անցկացվեն «Արա եւ Այծեմնիկ» ակումբում: Մեր հարցին` «չե՞ք պատրաստվում միջազգային մրցաշարերի մասնակցել եւ նման մրցաշարեր կազմակերպել նաեւ Հայաստանում», Նազիկ Ամիրյանը պատասխանեց, թե միջազգային մրցաշար չեն ունեցել, բայց ձիասպորտի ֆեդերացիան նման ծրագրեր ունի եւ հնարավոր է` համագործակցեն նրանց հետ:

«Ճիշտն ասած` միջազգային մրցումներին մի փոքր վերապահումով կմոտենայի, որովհետեւ այդ մրցաշարերի պահանջները մի քիչ այլ են, եւ Հայաստանն առայժմ դրան պատրաստ չէ: Գիտեմ, որ Հայրապետյանը լավ որակի ձիերը մարզում է Ֆրանսիայում, եթե հնարավոր լիներ այդ ձիերին տեղափոխել Հայաստան, լավ կլիներ: Հայաստանի ձիատեսակներն ինչքան էլ զտարյուն լինեն, միեւնույն է` իրենց հասակը զիջում է դրսի ձիերի հասակին: Դրսի ձիերի հասակը 1.86 մետրից ավելի է, իսկ մեր ամենաբարձրահասակ ձին 1.72 մետր է: Հաջողություններ ունենք հանրապետական մրցումներում, ունեցել ենք առաջին, երկրորդ տեղեր: Միշտ հաջող է հանդես գալիս մեր Գերան նժույգը, որը բավականին լուրջ սպորտային պատրաստվածություն ունի եւ հանրապետական մրցումներում չեմպիոնի տիտղոս է վաստակել»,- ավելացրեց տիկին Ամիրյանը:

Մեր այցելության պահին Գերան ձիով մարզվում էր Մանվել Գրիգորյանի դուստրը: Գերանը ծնվել է 2002 թվականին, գույնը սեւաթույր է, պատկանում է Անգլո-թերեքական տոհմին: Գերանի հայրը Էզարն է, իսկ մայրը` Գետափը: Նման «անձնագիր» ունեն ակումբի բոլոր ձիերը, որը փակցված է դրանցից յուրաքանչյուրի դռան վերեւում: 06_07-hourse-1

Նշենք, որ սպորտային ձիերի համար ստեղծված են յուրահատուկ պայմաններ, եւ աշխատողները կատակով ասում են, թե ձիերն ապրում են «5 աստղանի» հյուրանոցում` առանձին բացօթյա լողավազան, հատուկ բժիշկ, դեղատուն, զբոսնելու վայր, հատուկ ջերմաստիճանային պայմաններ, հիվանդախցեր եւ այլն: «Ես ձիերի հետ խոսում եմ, երբ մոտենում եմ ձիուն, արդեն ինձ ճանաչում են եւ շաքար են ուզում: Ինձանից շատ են շաքար ուզում, իրենց անպայման պիտի տամ, եթե շաքար չտամ, ուրեմն ինձանից կխռովեն»,- ասում է ակումբի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter