HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

903 մլն դրամի մշակութային միջոցառումներ

06_07-msh2009 թվականի պետական բյուջեով մշակութային միջոցառումների իրականացման համար Մշակույթի նախարարությանը հատկացվել է 903 մլն 173,3 հազար դրամ: Թեեւ կառավարությունը գումարները հատկացնում է, սակայն հասարակությանն այդպես էլ հայտնի չի դառնում, թե ուր են գնում այդ միջոցները: Մշակույթի նախարարությունն ունի 2009 թվականի մշակութային միջոցառումների իրականացման ծրագիր, որը բաղկացած է 3 մասից: 1. Պետական աջակցություն արվեստին, մշակութային արժեքների տարածմանը, որի համար այս տարի հատկացվել է 740 մլն 517 հազար դրամ: Այդ գումարից 176 մլն 251 հազար դրամը նախատեսվել է թատերարվեստին աջակցելու համար, այդ թվում` դրամատիկ ստեղծագործությունների ձեռք բերում` 2.5 մլն դրամ: Ստեղծագործական պատվերների միջոցով աջակցությունն այս տարի արժե 95.2 մլն, որից Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացվել է 47 մլն դրամ, 17 մլն` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, իսկ մրցույթով ստեղծագործական պատվերների իրականացման համար առանձնացվել է 31.2 մլն դրամ: Թե այդ գումարներով քանի՞ ներկայացում տարվա ընթացքում կհայտնվի հանդիսատեսի դատին` անհայտ է: Հայտնի չէ նաեւ, թե այդ գումարներով ինչ կբեմադրվի: Միջազգային թատերական փառատոների համար նույնպես գումար նախատեսված է` 44.6 մլն դրամ, որից 35 մլն-ը բաժին է ընկնում «Հայֆեստին», «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոնը Դսեղում անցկացնելու համար` 5.6 մլն դրամ, իսկ 4 մլն դրամն էլ նախատեսված է «Արմմոնոյի» համար: Առանձին տողով 11.9 մլն դրամ նախատեսված է հատկացնել հանրապետական թատերական փառատոներին: Թեեւ հայ հանդիսատեսը վերջին տարիներին բեմերից ու եթերից ռաբիսից բացի այլ երգ ու երաժշտություն չի լսում, այս տարի երաժշտարվեստին աջակցելու համար նախատեսվել է 143 մլն 652 հազար դրամ: Այդ գումարից 5 մլն դրամով ձեռք կբերվեն երաժշտական ստեղծագործություններ, 18 մլն 279 հազար դրամի շրջանակներում էլ ստեղծագործական պատվերներ կլինեն: 06_07-msh-1«Մինչեւ բյուջեի ձեւավորվելը, ամեն տարի ստեղծագործական միությունները մեզ ներկայացնում են հայտեր, որ ժամանակակից ստեղծագործող մեր կոմպոզիտորներից ցանկանում են ձեռք բերել երաժշտական գործեր: Ռոբերտ Ամիրխանյանի եւ «Երաժշտագետների միավորման» մասնակցությամբ ստեղծվում է հանձնաժողով, ընտրում են երգը, որոշում են գինը եւ մեզ ներկայացնում են առաջարկությունների փաթեթը, դրան համապատասխան նախարարությունը գումարը տրամադրում է «Կոմպոզիտորների միությանը»: Իրենք էլ յուրաքանչյուր կոմպոզիտորի հետ կնքում են պայմանագրեր, պահպանում են իրավաբանական բոլոր կողմերը, ձեռք են բերում ստեղծագործությունը, տրամադրում են նախարարությանը, որպեսզի նախարարությունն իր երաժշտական կազմակերպությունների միջոցով հնչեցնի երգը կամ երաժշտությունը»,- «Երաժշտական ստեղծագործությունների ձեռքբերում» տողի բովանդակությունն այսպես «Հետքին» բացատրեց Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի կառավարման եւ մոնիտորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը: Ըստ տիկին Նազարյանի` ձեռք բերված ստեղծագործություններն անպայման ներկայացվում են հանդիսատեսին: Ինչ վերաբերում է ստեղծագործության պատվերներին, ապա այս տարի 2.5 մլն դրամ է հատկացվել 9 երկրների ազգությունների «Հայր մեր»-ի ձայնասկավառակի թողարկման համար` «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ: 10 մլն 365 հազար դրամ է նախատեսվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգաշարի եւ ձայնասկավառակների թողարկման համար: «Նախորդ տարի Օրատորիան` Հացին երգը, որն ավելի մեծ երաժշտական ստեղծագործություն է, ձեռք է բերվել 750 հազար դրամով, սիմֆոնիկ նվագախմբի համար 375 հազար դրամանոց ստեղծագործություն է ձեռք բերվել, կոնցերտը ձեռք ենք բերել 550 հազար դրամով, Գեղունի Չչյանի «Աղոթքներ Մուշեղ Իշխանից» ստեղծագործությունը` 235 հազար դրամ, Ստեփան Բաբա-Թորոսյանի մանկապատանեկան խմբերի շարքը` 150 հազար դրամ եւ այլն: Գնային առաջարկներն էլ նույնիսկ ընդունվել են Միության կողմից, քանի որ դրա համար կա ստեղծված հանձնաժողով»,- ասաց Գ. Նազարյանը: Մեր հարցին, թե նախարարությունն ինչքանո՞վ է հետամուտ լինում, որ ձեռք բերված ստեղծագործությունները կատարվեն, նախարարության արվեստի բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Ղազարյանն ասաց. «Այդ ստեղծագործությունների կատարումներին ոչ միայն մենք ենք ներկա լինում, այլ դա կատարվում է հրապարակավ, համերգների ու փառատոների ձեւով, եւ դրա փաստացի օրինակները ձայնագրություններն են եւ տպագրված անոնսային նյութերը: Հիմնականում դրանք իրականանում են գարնանային եւ աշնանային փառատոների ժամանակ, որը կազմակերպում է կոմպոզիտորների միությունը, դա մեր կողմից ընդունվում է ի կատարումն եւ փաստ: Տարվա վերջին կոլեկտիվները ներկայացնում են մանրակրկիտ հաշվետվություն, թե քանի հայ կոմպոզիտորի եւ ում գործերը քանի անգամ են կատարվել: Այդ կերպով ենք վերահսկողություն սահմանում, էլ չեմ ասում, որ գրեթե ամեն օր գնում ենք համերգ, գոնե ես մասնակից եմ լինում համերգների 95 տոկոսին»: «Կա՞ նվազագույն քանակ, որ ձեռք բերված ստեղծագործությունները տարվա ընթացքում կատարվեն»,- հարցրինք տիկին Ղազարյանին: «Չէ, այդպես չենք կարող ասել, թե տարվա ընթացքում քանի անգամ պետք է կատարվեն: Սուբսիդիայի պայմանագրով նշված է, որ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություն կատարվի, սփյուռքահայ կոմպոզիտորի, երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործություն: Բնականաբար, ամեն տարի ռեպերտուարը համալրվում է: Միանգամից քանակի պայմանը չենք դնում, բայց որ նայում ենք հաշվեկշիռները, տեսնում ենք, որ հայ կոմպոզիտորներին շատ են անդրադառնում»,- հնչեց պատասխանը: Թե երաժշտասերների ականջին քանի՞ անգամ է հասել նախարարության կողմից պատվիրված ստեղծագործությունների ձայնը, դժվար է ասել, քանի որ նույնիսկ նախարարությունը չգիտի, թե հարկատուներիս հաշվին գնված ստեղծագործությունը քանի անգամ պետք է կատարվի եւ ինչպես պետք է այն հասցնել լայն զանգվածներին: «Աջակցություն կինոարվեստին» տողով այս տարի պետբյուջեից առանձնացվել է 93 մլն 526.5 հազար դրամ: Երբ Գ. Նազարյանին հարցրինք, թե խոսքն ի՞նչ կինոարվեստի մասին է, երբ հայ հեռուստադիտողը քրեական սերիալներից բացի իր հեռուստացույցի էկրանին հայկական արտադրության այլ ֆիլմ չի տեսնու, ասաց. «Դե, սերիալները մշակույթի նախարարության աջակցությամբ չեն նկարահանվում: Բայց այդ տողի մեջ մտնում է նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը` 50 մլն դրամով: Փառատոնն ավելի ծախսատար է, պետության կողմից սա մասնակի աջակցություն է, իսկ ֆիլմերի արտադրությունը ուրիշ ծրագիր է, եւ սերիալները մեզ հետ որեւէ կապ չունեն»: «Եթե ուրիշ ծրագրով գումար հատկացվում է կինոարտադրության համար, այդ դեպքում ինչու՞ հեռուստադիտողը չգիտի այդ մասին եւ ծանոթ չէ նոր արտադրված հայկական ֆիլմերին»,- հարցրինք Գայանե Նազարյանին: «Մոսկվայի կինոփառատոնին ներկայացվել է «Խճճված զուգահեռներ» կինոնկարը եւ մրցութային ծրագրում է, դրա մասին հաղորդագրություն գնացել է, համենայն դեպս, ես այդ մասին լսել եմ»,- ասաց նա: Նախարարության ներկայացուցիչը, այնուամենայնիվ, շփոթում է մրցույթին ներկայացնելն ու հանդիսատեսի դատին հանձնելը: Համոզված ենք, որ քիչ թվով մարդիկ են տեսել «Խճճված զուգահեռները», քանի որ բավականին գումար ծախսելուց հետո նախարարությունը զլանում է հեռուստաընկերությունների հետ պայմանավորվել եւ ֆիլմերը ներկայացնել հեռուստադիտողին: 2. Պետական աջակցություն մարզային մշակութային միջոցառումներին: Այս նպատակով նախարարությունը հատկացրել է 113 մլն 661.5 հազար դրամ: Միայն 42.5 մլն դրամ է առանձնացվել միջմարզային մշակութային համագործակցության «Մշակութային մարզ» ծրագրի համար, որը Եր—անի թատրոնների եւ համերգային կազմակերպությունների հյուրախաղերի կազմակերպումն է մարզերում: «Հետքը» Արագածոտնի մարզի մի շարք համայնքապետերից փորձեց պարզել՝ արդյոք նրանք գիտե՞ն, թե ով է Մշակույթի նախարարը, եւ մարզերում արդյո՞ք տարվում է մշակութային քաղաքականություն: Բերքառատի գյուղապետ Մերուժան Մինասյանն ասաց, որ Մշակույթի նախարարը Հրանուշ Հակոբյանն է, ապա ավելացրեց. «Ո՞նց չեմ ճանաչում, 15 տարի է` տարին 12 ամիս նամակ եմ գրում, որ գան մեր գյուղի Մշակույթի տունը վերանորոգեն, բայց արձագանք չկա: Գնացեք իրան հարցրեք, թե Բերքառատի մշակույթի տունը ինչու՞ չի վերանորոգվում, ոչ թե այդ տեսակ հարցեր ինձ տվեք: Նման բաների համար էլ ինձ չզանգեք»: Շենավանի համայնքապետն էլ ասաց. «Ճիշտն ասած` Հայաստանում մշակութային քաղաքականություն չի տարվում, իսկ գյուղերում բացարձակ մշակույթ չկա»: Կաքավաձորի գյուղապետը նախարարի ազգանունը սկզբում ասաց` Հակոբյան, հետո շտկեց սխալն ու ավելացրեց. «Հասմիկ Պողոսյանն իմ զեմլյակն ա, մեր Ստյոպայի աղջիկն ա, ո՞նց չեմ ճանաչում»: Երբ գյուղապետին հարցրինք մշակութային քաղաքականության մասին, պատասխանեց. «Ես շատ գիտե՞մ` քաղաքականություն կա՞, թե՞ չէ: Գյուղում 1946 թվի մի Մշակույթի տուն ունեմ, բայց գյուղում մշակույթ չկա»: 3. Պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը: Այս տողով առանձնացվել է 48 մլն 994.5 հազար դրամ: Միայն 4.5 մլն դրամ է առանձնացվել «Էպոսի օր» տոնակատարությունը մարզերում անցկացնելու համար: Մշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների վարչության մասնագետ Երանուհի Մարգարյանը «Հետքին» պարզաբանեց հետեւյալը. «Ոչ նյութական մշակութային ժառանգության մեր միջոցառումները սկսվել են ֆինանսավորվել 2008 թվականից: Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ կառավարության 03.05.2007 թ. թիվ 17 արձանագրային որոշմամբ, ըստ ժամանակացույցի: Ինչ վերաբերում է էպոսին, ապա կհայտարարվի «էպոսի օր» կազմակերպելու ծրագրային մրցույթ: Նախարարին կից ունենք մասնագիտական խորհուրդ, այդ խորհուրդն էլ կքննարկի ներկայացված ծրագրերն ու առաջարկները եւ դրանց հիման վրա էլ կկազմակերպվեն միջոցառումներ»: Մեր այն հարցին, թե ի՞նչ է իրականում ենթադրում «Էպոսի օրը», տիկին Մարգարյանը չկարողացավ համոզիչ պատասխան տալ. «Կլինեն գրահրատարակչական, ֆիլմերի, տեսալսողական նյութերի պատրաստում, ձայնային, աուդիո եւ այլ նյութեր: Դա մասսայական հանրահռչակումն է ազգային էպոսի: Ազգային էպոսը յուրաքանչյուր ժողովրդի համար իր ծագման, ինքնության կարեւոր բաղադրիչն է հանդիսանում, մեզ մոտ դա «Սասնա ծռերն» է»: Ազգային խաղերի համար էլ նախատեսված է 3 մլն դրամ: Ե. Մարգարյանի ասելով` ինքն առաջարկել է, որ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերին ազգային խաղեր ներմուծվեն: Մինչ այդ բավականին լուրջ գումարներ են հատկացվել ազգային խաղերի համար: Ասենք` նախորդ տարի Վանաձորում Վարդավառի տոնակատարությունը նշելու համար հատկացվել է 2.5 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter