Ալավերդու բյուջեն առավել խոցելի է թափանցիկ ծախսումների առումով
Ալավերդի համայնքի 2009 թ. տարեկան բյուջեով նախատեսված 370,2 մլն դրամ եկամուտների մուտքերը հունիսի 30-ի` այսինքն կիսամյակի դրությամբ, կազմել է 168,2 մլն դրամ, որը նախատեսվածի 45,4%-ն է: Հավաքագրված եկամուտներից 100,6 մլն դրամը Ալավերդի քաղաքի բյուջեին Կառավարության հատկացրած պաշտոնական տրանսֆերտներն են:
Բյուջետային գործընթացներում քաղաքապետի ու նրա աշխատակազմի արդյունավետ աշխատանքը, թերեւս, պետք է դրսեւորվեր սեփական հարկային եկամուտների հավաքագրման մասով: Մինչդեռ հավաքագրման ընթացքը, 1-ին կիսամյակի ցուցանիշներով, մտահոգիչ է: Համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար նախատեսված 27,4 մլն դրամ եկամուտների մուտքերը կազմել են 5,8 մլն դրամ: Հատկապես անբավարար է կատարվել անհատ ձեռնարկատերերից գույքահարկի հավաքագրումը: Նախատեսված 14,4 մլն դրամից հավաքագրվել է 2,4 մլն դրամ:
Բավարար չէ նաեւ հողի հարկերի հավաքագրումը: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար պլանավորած 6,2 մլն դրամ եկամուտների մուտքերը կազմել են 1,9 մլն դրամ: Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թ. տարեվերջին, 2009 թ. նախնական բյուջեի քննարկման ժամանակ քաղաքապետ Արթուր Նալբանդյանն առանձնահատուկ զգուշավորություն էր դրսեւորում սեփական հարկային եկամուտների, մասնավորապես հողի հարկի պլանավորման նկատմամբ: Նա հայտարարեց, որ Կառավարությունն այսուհետ համայնքներին դրամաշնորհների հատկացման եւ ծրագրերում ներգրավման ժամանակ հաշվի է առնելու բյուջեում նախատեսված սեփական հարկային եկամուտների հավաքագրումը, ուստի, ելնելով դրանից, հողի հարկային եկամուտներում ինքն ապառքներից եկամուտներ չի նախատեսելու, այսինքն` եկամուտներ նախատեսելու է քաղաքապետարանի կարողություններին համապատասխան:
Հիշեցնենք, որ բյուջեի ապառքները, ըստ քաղաքապետարանի, տարեսկզբին կազմել են շուրջ 100 մլն դրամ, որի հավաքագրման համար, փաստորեն, քաղաքապետը տարեսկզբից որոշել էր իրեն առանձնապես նեղություն չպատճառել: Քաղաքապետարանի կողմից հավուր պատշաճի չեն հավաքագրվել նաեւ 2008 թ. պլանավորված 16,1 մլն դրամ հողի հարկային եկամուտները, որի փաստացի մուտքերը տարեվերջին կազմել են 4,5 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ` 2009 թ. Ա. Նալբանդյանը հողի հարկային եկամուտները շուրջ 10 մլն դրամի պակաս է նախատեսել, այդուհանդերձ, հավաքագրման ներկա դանդաղ տեմպերը ենթադրում են, որ տարեվերջին դրանց ամբողջական հավաքագրումը կրկին վտանգված է, այս անգամ արդեն փաստելով քաղաքապետի աշխատակազմի ալարկոտությունն ու հարկահավաքության ընտրած սխալ մարտավարությունը:
Ստեղծված իրավիճակում, թեեւ 2009 թ.-ին հողի օտարումից բյուջեում եկամուտներ չեն նախատեսվել, այդուհանդերձ, Ա. Նալբանդյանը 3,6 մլն դրամի հող է օտարել, որը հողային սուղ պայմաններ ունեցող Ալավերդու պարագայում անթույլատրելի է, սակայն չի բացառվում, որ դա այլ նպատակների հետ բխել է նաեւ տարեվերջին բյուջեով նախատեսված սեփական եկամուտների մուտքերի չապահովման մտահոգությունից: Համայնքի հիմնարկներից նախատեսված 23 մլն դրամ եկամուտներից հավաքագրվել է 7 մլն դրամը:
Ալավերդիում մտահոգիչ են բյուջեի հավաքագրված եկամուտների ծախսումները: Թեեւ, ի տարբերություն Թումանյանի տարածաշրջանի մյուս համայնքապետերի, Արթուր Նալբանդյանին հաջողվում է առանձին դեպքերում ստեղծել բյուջետային թափանցիկ ծախսումների տպավորություն: Նա որեւէ մեկին չի մերժում տրամադրել իր կազմած բյուջեն եւ այս տարի բյուջետային գործընթացների վերաբերյալ մամուլի ասուլիս է հրավիրել, քաղաքապետարանը նույնիսկ ստեղծել է «Alaverdi. am» կայքէջը, այդուհանդերձ, քաղաքապետարանից այնքան էլ հեշտ չէ ստանալ բյուջեի փաստացի ծախսումները, նա ուղղակի հատկացնում է ֆինանսական այն տեղեկատվությունը, որն իրեն չի վնասի:
Անգամ իր միակ ասուլիսի ընթացքում քաղաքապետը բաց վերլուծության չենթարկեց բյուջեից կապիտալ գործառնություններին հատկացված նշանակալի գումարները: Այսպես` շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում տողով 2009 թ. բյուջեով հատկացվել է 61,1 մլն դրամ գումար: Այս գումարներով նախատեսված աշխատանքների ցուցակը հասու է միայն քաղաքապետին: Դա հստակ չէ բյուջեի ծախսային մասում: Հունվարի 26-ին ավագանու նիստում ճշտված բյուջեի հաստատման ժամանակ այս տողով նախատեսված ծախսերը մի փոքր բացելու` ավագանու անդամներից մեկի խնդրանքը քաղաքապետն անպատասխան թողեց, սրանք չեն երեւում «Alaverdi. am» կայքէջում, անգամ բյուջետային կիսամյակային հաշվետվության մեջ:
Այդուհանդերձ, 2009 թ. համայնքի բյուջեի 1-ին կիսամյակի ծախսային մասը պլանավորվել է 211,2 մլն դրամ, որից ծախսվել է 152,3 մլն դրամը: Ծախսային մասում ուշագրավ է այն փաստը, որ քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ամբողջությամբ ծախսել է քաղաքի աղբահանության` կիսամյակի համար նախատեսած 16,1 մլն դրամը, մինչդեռ Ալավերդին մաքուր քաղաքների շարքին դժվար է դասել, թեկուզ հենց ամեն օր Դեբեդ թափվող աղբով ու գետեզրերին կուտակված հսկա աղբակույտերով: Ալավերդի համայնքի բյուջեն ակնհայտորեն եկամուտների արդյունավետ պլանավորում ու հավաքագրում եւ ծախսերի առաջնահերթություն չի կանխատեսում, սակայն այն առավել խոցելի է թափանցիկ ծախսումների առումով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել