HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Տեր-Պետրոսյանի «բացահայտումները» կարող են բումերանգի էֆեկտ ունենալ եւ ՀԱԿ-ում ներքին փոխադարձ անվստահության սերմեր ցանել

Չնայած Հայ ազգային կոնգրեսի նախորդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հաջորդ հանրահավաքն անցկացվելու է սեպտեմբերի 18-ին, սակայն ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելու արդյունքում ընդդիմադիր մոտ երեք տասնյակ ակտիվիստների ազատ արձակումից հետո Կոնգրսը հուլիսի 2-ին հրավիրեց եւ անցկացրեց հերթական հանրահավաքը Մատենադարանին հարող տարածքում։ Այս հանրահավաքը պլանային չէր։ Այն ավելի շուտ համակիրների ազատ արձակումից ծնված համընդհանուր ոգեւորության արդյունք էր։ Դա էր պատճառը, որ հանրահավաքի ընթացքում որեւէ ծրագրային ելույթ այդպես էլ չհնչեց, այդպես էլ պարզ չդարձան Կոնգրեսի հետագա անելիքները։ Ըստ էության, կարելի է արձանագրել, որ հանրահավաքը հրավիրվել էր ընդամենը մեկ նպատակով` ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի կողմից համաներում հայտարարելը ոչ թե ներհասարակական պառակտումները, լարվածությունը չեզոքացնելուն ուղղված բարի ցանկության կամ մեծահոգության արտահայտություն էր, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան, այլ` պարտադրված քայլ։ Հետեւաբար, քաղբանտարկյալների ազատ արձակումը Կոնգրեսի եւ նրա համախոհ զանգվածների հետեւողական պայքարի ու ընդհանուր հաղթանակի արդյունքն էր։ Տեր-Պետրոսյանն իր ելույթում հենց այդպես էլ ասաց. «Նախ եւ առաջ` չի կարելի չհամաձայնել գրեթե համընդհանուր այն գնահատականին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված առաջին հերթին ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ։ ...Իշխանություններին, անգամ հրեշավոր բռնությունների գնով, չհաջողվեց իրականացնել իրենց գլխավոր նպատակը՝ ընդդիմության ջախջախումը։ Կասկած կարո՞ղ է լինել, արդյոք, որ եթե Սերժ Սարգսյանի ձեռքից գար, ապա ոչ միայն ազատ արձակվածներին, այլեւ հարյուրավոր ուրիշ քաղաքական հակառակորդների հավերժ կփտեցներ բանտերում...»։ Նման մեկնաբանություններով Կոնգրեսի ղեկավարները փորձեցին նոր խթան հաղորդել իրենց պայքարին, ոգեւորել համախոհներին եւ լիցքավորած ուղարկել ամառային արձակուրդ։ Սակայն, չնայած դրան, մարդիկ առավելաբար սպասում էին, թե ինչ հետագա քայլեր է ձեռնարկելու Կոնգրեսն առաջիկայում` հատկապես հաշվի առնելով ընդդիմության «հարվածային ուժը» կազմող ակտիվիստներով համալրվելու իրողությունը, այսինքն՝ ի՞նչ սպասել ՀԱԿ-ից։ Այս իմաստով ընդդիմադիր զանգվածները բավարարված չէին կարող լինել։ Ավելին, Տեր-Պետրոսյանի ելույթը որոշակիորեն կարող էր կարծիք ստեղծել, թե նախ` ՀԱԿ-ն այլեւս սպառել է ասելիքն ու անելիքը, երկրորդ՝ հանրահավաքներն արդեն դառնում են ինքնանպատակ, շեշտադրումներից զուրկ, ինչը հիասթափություններ կարող է առաջացնել հասարակական տրամադրություններում։ Եվ դրա համար կան նպաստող իրողություններ։ Մասնավորապես, ՀԱԿ-ում ակնհայտորեն չեն կողմնորոշվում՝ ինչպե՞ս շարունակել հետագա պայքարը, ի՞նչ մարտավարություն որդեգրել. գնալ սահմանադրական ճանապարհով եւ պայքարել հերթական համապետական ընտրությունների տրամաբանությա՞մբ, թե՞, այնուամենայնիվ, վերադառնալ նախկին հեղափոխականության մարտավարությանը։ Այս հակասությունը լավագույնս արտահայտվում է ՀԱԿ երկու առանցքային դերակատարների՝ նախկին «քաղբանտարկյալներ» Մյասնիկ Մալխասյանի եւ Սուրեն Սիրունյանի տրամագծորեն տարբեր մոտեցումներում։ «7 օր» ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում Մյասնիկ Մալխասյանն ասում է. «Հեղափոխական ճանապարհը ոչ մի տեղ չի կարող լավ բանի բերել, որովհետեւ լավ կլինի, որ մենք էլ քաղաքակիրթ ժողովրդի նման կարողանանք գտնել լուծումը։ Որովհետեւ հեղափոխական ճանապարհները, որ ժողովուրդների մոտ եղել են, վերջապես բերել են մի էվոլյուցիոն ճանապարհի, որտեղ գիտակցել են, որ պիտի կարողանան ժողովրդավարական, սահմանադրական ճանապարհով կերտել։ Առաջին նախագահի հետ ես համամիտ եմ, որ բռնությամբ ձեռքբերված իշխանությունը բռնությամբ պիտի պահես, եւ պատմությունն ապացուցում է դա։ Սա ցանկալի չէ մեր ժողովրդի համար, եւ մեզնից որեւէ մեկը չի ուզենա, որ գնանք այդ ճանապարհով»։ Մինչդեռ Սուրեն Սիրունյանը նույն պարբերականին ասում է. «Ես երկու տարբերակին էլ կողմնակից եմ։ Եթե սահմանադրական ճանապարհով ժողովուրդը չի կարողանում հասնել իր ուզածին, չի կարողանում տեսնել Ազգային ժողովում իր պատգամավորին, ապա կողմնակից եմ, որ այդ ամենն իրականացվի հեղափոխության ճանապարհով, որովհետեւ հեղափոխություն անելը հանցագործություն չէ»։ ՀԱԿ լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է անուղղակի հաստատում, որ նման հակասություններ Կոնգրեսում, իսկապես, կան։ Ուշագրավ էր նրա ելույթի այն հատվածը, որտեղ խոսվում էր ՀԱԿ-ում առկա «համակիր ձեւացողների» մասին։ «Շատերը փորձեցին մեզ շեղել պայքարի սահմանադրական ուղուց, շատերը մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն։ Խոստովանում եմ՝ հեշտ չէր դիմանալ հոգեբանական այդ ճնշմանը, բայց, ի պատիվ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը»,-ասում է Տեր-Պետրոսյանը եւ իր հետագա խոսքով իսկ ապացուցում, որ այդ խութերն այնքան էլ հաղթահարված չեն նաեւ հիմա։ «Բարեբախտություն է, որ Շարժման մասնակիցների մեծագույն մասը շատ ավելի հասուն ու գիտակից գտնվեց, քան նրան դաս տալու հավակնություն ունեցող կամ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատները։ Թերեւս, ավելորդ չէ նշել, որ այդպիսի մարդիկ չկային մինչեւ անցյալ տարվա հունիս 20-ի հանրահավաքը, որն ազդարարեց վախի մթնոլորտի հաղթահարումը եւ լայնածավալ հալածանքների վտանգի ավարտը։ Նրանք հայտնվեցին միայն դրանից հետո եւ աստիճանաբար ավելի ու ավելի «համարձակ» ու հավակնոտ դարձան, Շարժման վերականգնմանն ու Կոնգրեսի հզորացմանը զուգընթաց։ ...Կային մարդիկ, որ մեզ կշտամբում ու համառորեն հորդորում էին հետեւել վրացական ընդդիմության օրինակին։ Ցանկացած մեծ գործի իրականացման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ։ Հակառակորդներն ու նրանց մոտիվները հայտնի են, իսկ սադրիչներին կարելի է չեզոքացնել։ Մինչդեռ համակիր ձեւացողները «բարի մտադրություններով» Շարժումը քայքայում են ներսից՝ կասկածներ ու հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում»,- ասում է Տեր-Պետրոսյանը։ Ու՞մ նկատի ունի շարժման ղեկավարը յուրայիններից` պարզ չէ։ Սակայն նման «վտանգավոր» մարդկանց ներկայության մասին բացահայտ խոսելը ենթադրում է, որ մինչ այդ, այսինքն` անցած ժամանակահատվածում «վտանգազերծման» միջոցառումներ պետք է իրականացված լինեին ՀԱԿ-ում, ինչը, գոնե տեսանելի մակարդակում, տեղի չի ուենցել։ Հարց է առաջանում՝ եթե այդպիսիների առկայության մասին գիտեին նաեւ այն ժամանակ, եւ դա խանգարում էր ՀԱԿ-ին, ապա ինչու՞ ոչինչ չէր ձեռնարկվում։ Տեր-Պետրոսյանի նման կոշտ ինքնաքննադատությունը ենթադրում է, որ առաջիկայում այդպիսի մարդկանց «կարանտինի» ենթարկելու գործընթաց կարող է սկսվել: Խնդիրն այն է, որ նման գնահատականներով Տեր-Պետրոսյանը քարոզչական համահարթեցում է իրականացնում ՀԱԿ-ում՝ չափազանց ծանր դրության մեջ դնելով այն մարդկանց, ովքեր, միանշանակ լինելով փոփոխությունների կողմնակից, իրավիճակից ելքը համարում են կտրուկ, հեղափոխական ճանապարհով գնալը։ Այդ մարդիկ, ովքեր մինչեւ հիմա ՀԱԿ-ում կարողացել են ազատորեն արտահայտել իրենց անհամաձայնությունը ղեկավարության կողմից վարվող «հանգստացնող» քաղաքականության վերաբերյալ, Տեր-Պետրոսյանի կողմից որակվելով«համակիր ձեւացողներ»` կանգնում են երկընտրանքի առջեւ. կամ ընդունել քննադատությունը եւ լռել, չբողոքարկել ու անհամաձայնություն չհայտնել ՀԱԿ ղեկավարության վարած քաղաքական կուրսի նկատմամբ, կամ ուղղակի դուրս գալ ՀԱԿ-ից։ Այս իմաստով Տեր-Պետրոսյանի «բացահայտումները» կարող են բումերանգի էֆեկտ ունենալ ՀԱԿ-ի համար եւ ներքին փոխադարձ անվստահության սերմեր ցանել։ ՀԱԿ-ում ծրագրային գործողությունների անհստակությունը, սակայն, այնքան էլ նման չէ տակտիկական սպասողականության կամ ժամանակավոր մարտավարական դադարի։ ՀԱԿ համակարգողներից ոչ ոք այդ ընթացքում այդպես էլ չբացատրեց, թե ինչի համար է նման ակնհայտ պասիվացման քաղաքականությունը։ Նախկին հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը դա պայմանավորեց տնտեսական ճգնաժամի եւ ԼՂ հարցում դրսեւորվող նոր իրողությունների հետեւանքով ՀՀ իշխանությունների սպասելի ձախողումներով ու թերացումներով, որոնք պետք է հանգեցնեին կամ Կառավարության հրաժարականին, կամ իշխանության կողմից ընդդիմությանն իրական համագործակցության առաջարկ հնչեցնելուն։ Դրանցից ոչ մեկն առայժմ չի իրականացել, եւ այս փաստն իր կնիքն է դնում ՀԱԿ-ի գործողությունների վրա։ Հուլիսի 2-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը եւս մեկ բացահայտում կատարեց, որը կրկին կարող է ՀԱԿ-ում գործողությունների պլանավորման ճգնաժամի կամ դրա նախադրյալների առկայության վկայություն լինել։ «Մենք գիտեինք, որ վարչախմբի կողմից ընտրությունները կեղծվելու էին, բայց խնդիր էինք դրել, որ կեղծիքը բացահայտ ու ճչացող լինի` խնդիր, որը Սերժ Սարգսյանը հանճարեղորեն լուծեց խուժանի միջոցով։ Եթե չմասնակցեինք, իշխանությունը հարկադրված չէր լինի դիմելու նախադեպը չունեցող այլանդակ կեղծիքների»,- խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ՀԱԿ մոտիվների մասին՝ ասում է Տեր-Պետրոսյանը։ Նման հիմնավորումից տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ն այդ ընտրություններին մասնակցել է ոչ թե հաղթելու, ոչ թե կենսագործելու համար «նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդ» տակտիկան, այլ ընդամենը ընտրակեղծիքների հանգամանքը շեշտելու, ճչացող դարձնելու համար։ Եվ հիմա այնքան էլ պարզ չէ՝ ի վերջո, ՀԱԿ-ը փորձում էր հաղթանա՞կ տանել այդ ընտրություններում, թե՞ դա ընդամենը տակտիկական մանեւր էր՝ ավելի հեռահար նպատակների հասնելու համատեքստում։ Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ը միտումնավո՞ր չկարողացավ հասարակությանը տրամադրել նոր սրացումների, թե՞ պասիվությունը ստացվեց վատ քարոզչություն իրականացնելու հետեւանքով։ Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանը նման մեկնաբանությամբ նաեւ փորձում է ակնհայտ պատճառահետեւանքային կապ ստեղծել երեւանյան անցած ընտրությունների եւ ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակման միջեւ։ Այսինքն՝ այդ ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցեց, որպեսզի իշխանությունը դիմի ճչացող ընտրակեղծիքների, որպեսզի դրա հիման վրա իշխանությունների նկատմամբ ճնշումները մեծանան, ինչի հետեւանքով էլ ԵԽԽՎ-ն պարտադրեց իշխանություններին ազատ արձակել մարտի 1-ի դեպքերի հետ կապված բանտարկյալներին։ Չնայած տրամաբանությունը հասկանալի է, սակայն տանում է փակուղի։ Ինչեւէ, կարելի է ասել, որ ՀԱԿ-ի համար սկսվել է չափազանց պատասխանատու ժամանակաշրջան։ Վերոնշյալ ներքին հակասությունները հաղթահարելու խնդիր կա, ինչը գործնականում հնարավոր է միայն հստակ, բոլորին հասկանալի ու տեսանելի արդյունքներ ենթադրող մարտավարություն որդեգրելու դեպքում։ Այս խնդրի հետ կապված` երկու գործոն կարող են լուրջ ազդեցություն ունենալ։ Առաջինը այս ամիս Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումն է, որից ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Ադրբեջանը լուրջ սպասելիքներ ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով։ Ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն կարող է դառնալ ընդդիմության քաղաքական օրակարգի ամենակարեւոր բաղկացուցիչը եւ նոր գործողությունների խթան հանդիսանալ։ Երկրորդը, բնականաբար, ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակումն է եւ նրանց ներգրավումը ՀԱԿ-ի գործառույթներում։ Այս մարդիկ իրենց նվիրվածությամբ, պոտենցիալով, հետեւողականությամբ, առաձին դեպքերում նաեւ մասնագիտական հմտություններով կարող են լրջորեն հարստացնել ՀԱԿ զինանոցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter