HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապետը հանգիստ հետեւում է, թե ինչպես է իր համայնքի բնակիչը աղքատությանը «կուլ» գնում

06_07-shahumyanԱրմավիրի մարզի «Շահումյան թռչնաֆաբրիկա» համայնքում ապրող Արթուր Եղիազարյանին, Սուսաննա Կարապետյանին եւ նրանց 12-ամյա աղջնակին` Աննային, գտանք շատ պատահական: Նույն համայնքում եւ գրեթե նույն պայմաններում է ապրում նաեւ Սուսաննայի քույրը: «Թուֆենկյան հիմնադրամի» երեւանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հովհաննեսյանի հետ այցելել էինք Սուսաննայի քրոջ` Հայկանուշ Կարապետյանի ընտանիքին եւ զրույցի ընթացքում պարզվեց, որ քույրն էլ է ծայրահեղ վիճակում ապրում: Այդ պահին մեր մտքով չանցավ այցելել քրոջը եւ նրանով չհետաքրքրվեցինք: Երբ վերադառնում էինք, տիկին Հայկանուշի տնակից քիչ հեռու, փողոցի հարեւանությամբ նշմարվեց պոլիէթիլենով աթաթված երկաթյա մի տնակ: Իհարկե, սկզբում խիստ կասկածեցինք, որ այնտեղ կարող է մարդ ապրել, սակայն երբ մի տեսակ վախվորած մոտեցանք տնակին, պարզվեց, որ տիկին Հայկանուշի քրոջ` Սուսաննայի «կացարանն է»: Սկզբում տանտերը` Արթուր Եղիազարյանը, լարված էր եւ ագրեսիվ կեցվածքով մեզ դիմավորեց: Մենք նույնպես կաշկանդված էինք եւ չէինք կարողանում ընտրել այնպիսի հարցեր, որ չվիրավորեինք ընտանիքին: Արթուր Եղիազարյանն ու Սուսաննա Կարապետյանը բավականին ծերացած տեսք ունեին: Պատճառը նրանց տարիքը չէր, ամուսինները 53 տարեկան են: Կյանքը նրանց համար իսկական պայքար է: Առավոտյան Արթուրը գնում է համագյուղացիների անասունները պահելու եւ ուրիշների գոմերը մաքրելու, իսկ կինն ամեն օր մի քանի կիլոմետր ոտքով գնում է աղբանոց` գունավոր մետաղներ, ապակե տարաներ ու այլ իրեր գտնելու: Սա է այս ընտանիքի հիմնական աշխատանքն ու ապրուստի միջոցը: «Սկզբում սկեսուրիս տանն ենք ապրել, բայց նա մահացավ, ու մենք եկանք այստեղ: Սկեսրոջս տունը վաճառեցինք, ընդամենը 1700 դոլար տվեցին ու չկարողացանք ուրիշ տեղ տուն առնեինք, գումարն էլ ծախսվեց գնաց: Մորքուրս տեսավ, որ քուչեն էի, խղճաց, հողը տվել է, դոմիկը դրել ենք վրեն, ապրում ենք: Բայց հողը մերը չի ու ցանկացած պահի կարող են ասել, որ տարածքից դուրս գանք»,- պատմեց Սուսաննան: 06_07-shahumyan-1 Երբ հետաքրքրվեցինք` ինչ-որ տեղ աշխատու՞մ են, թե ոչ, Սուսաննան ասաց. «Զիբիլանոց եմ էթում... Ես էլ հիվանդ եմ, պիտի վիրահատվեմ, կանացի ներքին օրգանները պիտի հանեն, բայց գումար չունեմ դրա համար: Այս վիճակով էթում եմ զիբիլանոց, վառելիք եմ բերում, կոշիկի տակացուներ ենք հավաքում, տանում հանձնում, հացի փող ենք աշխատում: Ամիսներով ուտելու հաց չենք ունենում, որ ուտենք: Ամբողջ ձմեռ սոված օրեր ենք անցկացրել, որովհետեւ չէինք կարողանում զիբիլանոց գնալ»: Տիկնոջ խոսքը լրացրեց նաեւ Արթուրը, որը մինչ այդ չէր խառնվում խոսակցությանը: «Ես էլ ուրիշի կովերն եմ տանում, փողով պահում, օրը 2000-3000 հազար դրամ եմ առնում, յոլա ենք գնում, բայց ամեն օր չի լինում էդ գործը: Առողջին առողջ եմ, բայց որ աշխատանք չկա ընտանիքը պահենք, ստիպված խալխի տավարն ենք պահում, գոմերն ենք մաքրում, որ մի երկու կոպեկ փող վեկալենք, ընտանիք պահենք: Որ հիմնական աշխատանք լինի, խի՞ չեմ աշխատի: Մեր վիճակն էլ էս ա, տենում եք, դոմիկի բոլոր կողմերից ջուրը չռում ա, որ անձրեւ ա գալիս: Մի հասարակ ցելոֆան էլ չենք կարում առնենք, որ դոմիկի վրեն քաշենք` անձրեւ գալուց սենյակի մեջ չլցվի: Որ անձրեւ ա գալիս, լոդկա ա պետք, որ սենյակի մեջ ման գանք»,- ասաց ընտանիքի հայրը` ամոթից գլուխը խոնարհելով: 06_07-shahumyan-2 Այս ընտանիքը գյուղում ոչ տնամերձ, ոչ էլ սեփականաշնորհված հողամաս ունի: Տիկին Սուսաննայի ասելով` մեղքն իրենն է, որ այսօր սեփական հողակտոր չունեն: «Այն ժամանակ թռչնաֆաբրիկայում էի աշխատում, հողերը տալիս էին, չէի ֆայմում, որ ես էլ վերցնեմ: Ոչ մի բան չէի հասկանում, հետո հասկացա, բայց արդեն ուշ էր»,-ավելացրեց տիկինը: 06_07-shahumyan-3Պարզվում է` նրանց 12-ամյա աղջիկը դպրոց է հաճախել մինչեւ 3-րդ դասարան: Արդեն 2 տարի է, ինչ աշակերտական պայուսակը մի կողմ նետած` տնային տնտեսուհի է դարձել, օգնում է հիվանդ մորը: Աննան չցանկացավ մեզ հետ զրուցել, իսկ մայրը պատմեց, որ նրա դպրոց չհաճախելու հիմնական պատճառը հագուստի ու գրքի գումար չունենալն է եղել: «Աղջիկ երեխա է, իրան առնել, հագցնել է պետք, հիմա էլ շորերն էնքան թանկ են, որ չենք կարողանում առնենք, հագցնենք, քրջոտ շորերով էլ ամաչում էր դպրոց գնալ»,-ասաց տիկին Սուսաննան: «Տո հագուստն ա թանկ, գրքի, գրիչի փող են ուզում ու որպես անապահով ընտանիք ոչ մի զիջում չէին անում, գոնե գրքի փողը չուզեին: Հլա այսքան ժամանակ չեմ լսել, որ մեկին զիջում անեն, ձրի ինչ-որ բան տան»,- ավելացրեց Արթուրը: Երբ տիկին Սուսաննային հարցրինք` արդյո՞ք իրենց վատ պայմանների եւ երեխայի դպրոց չգնալու հարցով դիմել է համայնքապետին, պատասխանեց, թե չի դիմել, քանի որ ամաչում է: «Ամաչում եմ գնամ գյուղապետին ասեմ` էս չունեմ, էն չունեմ, ո՞նց ասեմ: Հիմա էլ ոչ մեկին չեմ դիմում, ավելի լավ է այս պայմաններում ապրեմ, քան ինչ-որ մեկին խնդրեմ»,- ասաց նա: «Շահումյան թռչնաֆաբրիկա» համայնքի ղեկավար Արթուր Յայլոյանից հեռախոսով հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է արել այս ընտանիքի համար: Համայնքապետի արհամարհական պատասխանը որքան անսպասելի էր մեզ համար, այնքան էլ հիասթափեցնող, որ նույն ընտանիքի անդամների քվեի շնորհիվ ընտրվելով համայնքապետի պաշտոնում` հիմա անտարբերությամբ է խոսում իր բնակչի մասին: Արթուր Յայլոյանը նախ մեզ կոպտեց, որ առանց իրեն տեղյակ պահելու այցելել ենք այդ ընտանիքին, ապա ավելացրեց. «Ոչ մի բան էլ իրանց համար չեմ արել ու չեմ էլ անելու, իրանց չի հասնում: Պատճառ չկա, բայց իրանց համար ոչ մի բան չեմ անելու»: Քանի որ համայնքապետը հրաժարվեց այս ընտանիքին օգնել, դիմեցինք Արմավիրի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարինե Հովակիմյանին՝ հուսալով, որ կօգնեն 12-ամյա Աննային հաճախել հանրակրթական դպրոց: Մարինե Հովակիմյանը խոստացավ սեպտեմբերից զբաղվել աղջնակի դպրոց հաճախելու ու խնամքի հարցերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter