
Լոռու մարզի Մարց գյուղը Թումանյանի տարածաշրջանի այն բացառիկ գյուղերից է, որտեղ համայնքապետի թույլ տված ապօրինությունների դեմ բացահայտ «մարտնչում են» գյուղի կանայք: Նրանցից մեկը` Մարցի բուժքույր Գայանե Քոչինյանը, հայտնեց, որ 2007 թ. «Նոր ուղիներ» կազմակերպության 2-րդ ծրագրով Մարցի համայնքապետարանին 1,2 մլն դրամ է հատկացվել գյուղում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար, սակայն հատկացված միջոցները համայնքապետ Ռոբերտ Գալստյանը նպատակային չի օգտագործել, իսկ ֆուտբոլի դաշտը որպես խոտհարք տվել է գյուղի ավագանու անդամ Մայիս Բադալյանին:
«Հետաքրքիրն այն է, որ երբ գյուղի երեխաները մտնում են ֆուտբոլի դաշտ, Մայիսն ասում է` էդ ու՞մ էրեխեքն են մտել դաշտ»,- պատմեց մարցեցի Շաքե Վարդանյանը:

Ֆուտբոլի դաշտը գտնվում է Մարցի մուտքի մոտ: Այն ամբողջությամբ ծածկված է անանցանելի խոտերով: Համայնքապետը հաստատեց, որ, իսկապես, 2007 թ. «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» ֆուտբոլի դաշտ կառուցելու համար համայնքապետարանին 1,2 մլն դրամ է հատկացրել:
«Ինչ-որ մեկը կամեցավ դաշտում խաղալ, չկարա՞ց խաղալ: Բայց որ տակը 1 մ հաստությամբ բետոն է արված, փաստ է»,- ասաց համայնքապետը:
Թե ինչպե՞ս կարող է 1 մ հաստությամբ բետոնի վրա այդքան շատ խոտ աճել, դպրոցում երեւի բնագիտության դասերը չսերտած համայնքապետը պատասխանեց. «Կարող է, բույս է դուրս եկել, ծածկել, չգիտեմ»:
Գյուղի կանայք իրենց դժգոհությունը հայտնեցին, որ համայնքապետը մեկ այլ ծրագրով գյուղի Մշակույթի տան դահլիճը դարձրել է ուրախությունների եւ տխրությունների սրահ: Թե որքա՞ն գումար է դրա համար ծախսել, գյուղում ոչ ոք չգիտի, սակայն գյուղացիներից յուրաքանչյուր արարողության համար պահանջում է 10 հազար դրամ` առանց կտրոն տալու:
«Ուրիշ բան է, որ արարողության ժամանակ կոտրած ափսեների գինը պահանջի, համայնքապետի սահմանած գներն արդեն փաստում են, որ սրահը աղքատ գյուղի բոլոր ընտանիքների համար չի կարող մատչելի լինել, մինչդեռ այն ծրագրով է կառուցված եւ պետք է անվճար լինի»,- մեկնաբանեցին նրանք:
Ռոբերտ Գալստյանն էլ ասաց. «Ավագանիով որոշել ենք, որ ծրագիրն ինքը առաջարկել է, որպեսզի գույքը փչանալ կա, տխրության առիթի դեպքում` 5 հազար, ուրախության առիթի դեպքում 10 հազար դրամ վճար սահմանել»:
Գայանե Քոչինյանն անազնիվ որակեց համայնքապետի գործելաոճը: Ըստ նրա` Ռ. Գալստյանը գյուղացիներից թաքցնում է ոչ միայն ծրագրերով նախատեսված աշխատանքների համար հատկացված գումարների չափը ու դրանք տրամադրողների ինքնությունը, այլեւ ծրագրերով կատարված աշխատանքները վերագրում է իր անձին:
«Գյուղի գերեզմանոցը ցանկապատվել է 2006 թ.-ին: Դրա համար, մեր գիտեցածով, Լոռու մարզպետարանը համայնքապետարանին հատկացրել է 900 հազար դրամ, համայնքապետը գյուղի շուրջ 150 ընտանիքներից յուրաքանչյուրից 3 հազարական դրամ է հավաքել, գերեզմանոցի ցանկապատմանը մասնակցել են նաեւ արտերկրում բնակվող մարցեցիները: Սակայն նա, թեեւ մեր բազմաթիվ պահանջներին, համայնքապետարանի պատից մի ցուցակ չփակցրեց, որ ամեն մարդու տված գումարն երեւա, գյուղն էլ տեսնի, թե ինքն ինչպես է ծախսել գումարը: Գերեզմանոցի ցանկապատումը մետրերով բաժանել էր գյուղի ընտանիքների վրա, ինքն ասում է` ես աշխատանք կատարողներին վճարել եմ, բա մենք էլ ենք աշխատել, եթե վճարել է, մեզ ինչու՞ չի վճարել»,- ասացին Գայանե Քոչինյանն ու Շաքե Վարդանյանը:
«Գյուղի գերեզմանատան ցանկապատման համար «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով հատկացվել է 900 հազար դրամ, որը չհերիքեց: Մոսկվաբնակ մարցեցիներն այս նպատակով հավաքել եւ համայնքապետարանին են ուղարկել 500 հազար դրամ, համայնքի ընտանիքներից` 150 հազար դրամ եւ այդպես էլի թվեր»,- պարզաբանեց Ռոբերտ Գալստյանը:
«Թե ինչու՞ գյուղացիների վստահությունը շահելու համար հատկացված գումարների մասին անկեղծ չի եղել նրանց հետ» մեր հարցը համայնքապետը շրջանցեց, սակայն ասաց, որ մի 180 հազար դրամ էլ գերեզմանատան ցանկապատի համար իր գրպանից է ծախսել:
Գայանե Քոչինյանը 2005 թ.-ին եղել է համայնքի ավագանու անդամ եւ աշխատանքի բերումով ճանաչում է ամբողջ գյուղը: «Մարցը 500 բնակիչ ունի: Մի 150 մարդ էլ բնակվում է առանց գրանցման: Գյուղի վարելահողերը լրիվ օգտագործվում են որպես խոտհարք»,- տեղեկացրեց նա:
Այս տարի Մարցում գյուղացիները 12 հա կարտոֆիլ են ցանել, 1,5 հա` այլ բանջարեղեն: «Մարցեցիները պարտքով են ապրում: Կիրովականի ավտոկայանի Մերուժի խանութում մեր գեղացիք ամենաքիչը 3-4 մլն դրամի պարտք ունեն»,- ասաց մարցեցի Արտաշ Գեւորգյանը:
Գայանե Քոչինյանի կարծիքով համայնքապետի թույլ տված «անարդարությունների դեմ ողջ գյուղը չի կարող խոսել, քանի որ գյուղի մեծ մասը գերեզմանի հերթագրվածներ են»:
«Մարցը մեռնող գյուղ է»,- ասաց նա եւ իր գնահատականը հիմնավորեց թվերով. 1995 թ. գյուղում ծնվել է 20 երեխա, 1996 թ.` 18, 2008 թ.` 4 երեխա, 2009 թ.` 3 երեխա: 2002-2003 թթ. գյուղի դպրոցի առաջին դասարանում սովորել է 10 երեխա, այս տարի առաջին դասարան ընդունվելու համար գյուղում 3 դպրոցահասակ երեխա կա: «Համայնքապետը նորածինների համար ավագանու որոշմամբ սահմանված 30 հազար դրամը կտրեց եւ այն հատկացրեց հանգուցյալներին, թեեւ մեկը մյուսին չէր խանգարում»,- ասում է Գայանեն:
Ըստ ավագանու նախկին անդամի` գյուղում անարդարություններն սկսվում են նրանից, որ համայնքի բյուջեն համայնքապետը միանձնյա է տնօրինում: Նա ավելացրեց, որ ավագանու 4 անդամներից մեկը համայնքապետի որդին է, մնացած երեքն էլ համայնքի բյուջեից անտեղյակ մարդիկ են:
Ավագանու անդամներից մեկի՝ Շիմոնի մասին Գայանեն պատմեց. «Լսել էի, որ ինձ օգնություն են տվել, ասի` Շիմո, էդ ի՞նչ օգնություն են տվել, խաբար չէր, բայց ստորագրել էր ավագանու որոշման տակ,- ասաց Գայանեն եւ շարունակեց,- ես իմ քթից կհրաժարվեմ, եթե ավագանու որեւէ անդամ կարողանա ասել, թե որքան է համայնքի բյուջեն կամ որտեղ է ծախսվել»:
Ասածների հավաստիությունն ապացուցելու համար նա ավագանու անդամների ազգանուններ տվեց, որ հարցնենք ու համոզվենք: Նրանցից գյուղամիջում մեզ հաջողվեց հանդիպել ավագանու անդամ Մայիս Բադալյանին, որն էլ մեր հարցմանը պատասխանեց. «Համայնքի բյուջեն, չգիտեմ: Հա, դե, եսիմ, ստորագրել ենք, էլի, պահի տակ ստորագրել ենք, մի պահ էլ, հետո մոռանում ենք»:
Մարցեցիներն անտեղյակ էին իրենց համայնքի բյուջեի պլանավորված եկամուտներից ու ծախսերից: Պարզվեց, որ համայնքապետ Ռոբերտ Գալստյանի կողմից 2009 թ. համայնքի բյուջեի եկամուտները պլանավորվել են 11,4 մլն դրամ, որից առաջին կիսամյակի արդյունքներով ապահովվել են 5 մլն դրամ մուտքեր:
Համայնքապետարանը բոլոր տողերով թերի է կատարել սեփական հարկային եկամուտների հավաքագրումը, որը ոչ միայն համայնքապետի վատ աշխատանքի, այլեւ գյուղացիների ապրելակերպի ցուցանիշն է: Առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրված 5 մլն դրամ եկամուտների մուտքերից 2,9 մլն դրամը համայնքի բյուջեին ՀՀ Կառավարության հատկացրած պաշտոնական ընթացիկ տրանսֆերտներն են: Համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար նախատեսված 349 հազար դրամ եկամուտներից կիսամյակի ընթացքում մուտքագրվել է 105 հազար դրամ, նույնքան են կազմել անհատ ձեռնարկատերերից ու քաղաքացիներից նախատեսված 345 հազար դրամ եկամուտների մուտքերը, հողի հարկի նախատեսված 2,4 մլն դրամ եկամուտների մուտքերը կազմել են 965 հազար դրամ:
Ու մինչ համայնքապետ Ռոբերտ Գալստյանը գյուղացիներից թաքցնում է համայնքի ֆինանսական իրավիճակի մասին տեղեկատվությունը, Մարցը օրեցօր աղքատանում է:
«Գյուղի երիտասարդության 80%-ը սրտի հիվանդություններ ունեն, տղամարդը որ չաշխատի ու իր ընտանիքը մարդավայել պահի, նա ո՞նց կարող է հանգիստ ապրել,- ասում է Գայանեն ու նորից անդրադառնում համայնքապետին,- համայնքապետը գյուղում պետք է ոչ թե ասող աշխատի, այլ թափանցիկ աշխատի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել