HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Սովորել ենք էդ տխրությանը»

06_07-martiros-11Մարտիրոսցի Անուշը ամենից շատ աշխատանք է ուզում «էստեղ ծնվել եմ, էստեղ ամուսնացել եմ, էստեղ էլ ապրում ենք: Եթե աշխատանք լինի, ոչ մեկ գյուղից չի փախնի: Գյուղի բնությունը, գյուղի հնարավորություններն ավելի լավ են, քան քաղաքի: Ի՞նչ կա քաղաք»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Վայոց ձորի Մարտիրոս գյուղի բնակիչ, 45-ամյա Անուշ Ֆռանգուլյանը: Նրա հետ ծանոթացանք գյուղի փոստատանը. անապահովության համար իրենց ընտանիքին տրվող նպաստն էր ստանում: Արդեն 3 ամիս է ընտանիքը նպաստ է ստանում: Այդ 10 հազար դրամ նպաստից Անուշ Ֆռանգուլյանը 3550 դրամ վճարեց հեռախոսի և 5500 դրամ` էլ. էներգիայի վարձ: Անուշն ապրում է ամուսնու և երկու տղաների հետ: «Հինգ ենք, մեկը ամուսնացել է, 4 շունչ ենք հիմա: Ոչ մեկս չի աշխատում»,- ասաց նա: Ընտանիքը մի կով և 10 ոչխար ունի, նաև` վարելահող: «5 հա ունենք, բայց մասամբ անջրդի են: Էդ 5 հա-ը մշակելու չեն, որ գնանք, մշակենք, ասենք` պոմիդոր տնկենք կամ վարունգ կամ ուրիշ բան: Ոչ մի բան չենք անում: էս սեզոնին խոտհարքն է սկսվում. քաղում ենք, անասունի համար: Էդքան բան»,- ասաց Անուշը: Նրա խոսքերով` ջրի բացակայությունը հողերը մշակելու միակ խոչընդոտը չէ. «Դե, մի քիչ էլ հնարավորություն պտի լինի: Ասենք` ցորեն չենք կարում առնենք: Ինչո՞վ առնենք: Թանկ էլ չէ, փող չունենք: Հնարավորություն չունենք»: Ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը ոչխարներն են և ընկույզի ծառերը: «Դե, իրանց գառներն են: Բա էդ է, դրանցով ենք էլի յոլա գնում: Էլ ալյուր ենք առնում, փոշի ենք առնում և այլն, և այլն»,- ասաց Անուշը: Մի գառը վաճառում են մոտ 15 հազար դրամով: «Սեզոնը էս է, վաճառինք` վաճառինք: Չէ` մնաց: Ուրիշ տեղից գալիս առնում են: Ինչ գին ասում են, մենք գյուղացի ենք, ստիպված վաճառում ենք: Բա ի՞նչ անենք, պարտքերի մեջ ենք: Այգի էլ ունենք, խոտհարքի տեղ էլ ունենք, բայց ի՞նչ եկամուտ պիտի ըլնի: Մի քանի պոպոքի ծառ ունենք, էդ պոպոքի ծառերով տարին բոլոր յոլա ենք գնում»,- պատմեց Անուշը: Ընկույզը նրանք վաճառում կամ փոխանակում են տեղում, կամ էլ մաքրված միջուկը տանում են Երևան: Անուշի խոսքերով` տարբեր տարիների 1 կիլոգրամ ընկույզը վաճառել են 2500-4500 դրամով: Նա ասաց, որ տարվա ընթացքում «ընդամենը մի 100-150 կգ» է վաճառվում: «Երկու հատ էլ խնձորի ծառ ունենք, էդ էլ` մեր գոյության համար: Թե չէ` վաճառելու չի: Այ էսպես` մի քիչ գոմը, մի քիչ տունը, մի քիչ` էդ հողամասերի վրա. գարունը մի քիչ-մի քիչ աշխատում ենք, որ ձմեռը հանենք»,- ասաց Անուշ Ֆռանգուլյանը: Այս պահին ընտանիքը 200 հազար դրամ պարտք ունի. «Սնունդ, ալյուր եմ առնում: Դրա հետ մեկտեղ պեսոկն է: Կամ հիվանդությունների համար պարտք ենք վերցնում, բժիշկներին տալիս. օպերացիայի եմ ընկել: Պետպատվերով են արել, բայց փողը վերցրել են ահագին»,- ասաց Անուշը Ֆռանգուլյանը` հավելելով, որ Երևանում 300 հազար դրամ արժողությամբ վիրահատության համար 100 հազար դրամ է վճարել: Ամենից շատ Անուշն ուզում է, որ գյուղում աշխատանք լինի: «Գործարան լիներ, աշխատատեղ, ինչ գործ էլ լիներ: Եթե աշխատանք լինի, էրեխեքը հաճույքով կմնան: Բայց աշխատանք չկա, էրեխեքը փախստականի նման են»,- ասաց Անուշը: Նրա 22 և 25-ամյա տղաները աշխատել են Վայքում, Երևանում` հացի փռում և երշիկի գործարանում: «Աշխատել են, բայց քիչ են վարձատրել: Ոչ թե չեն վարձատրել, այլ պայմանավորվածից քիչ են վարձատրել»,- նշեց Անուշը: Ինքը` Անուշ Ֆռանգուլյանը, աշխատանքի համար դիմել է միայն Մարտիրոսի գյուղապետին. «Ախ, որտե՞ղ դիմեմ. եթե գյուղում գրանցված եմ, ու՞ր գնամ աշխատեմ: Գյուղում էլ գործ չկա: Եթե գործ ըլնի, ընենց բան չի ըլնի, որ գյուղապետը գործ չտա: Անհնարին է: Գործ ըլնի, ինչի՞ չի տա»: Անուշն աշխատել է ընդամենը 5 տարի` 1989-94 թթ.: Գյուղի մանկապարտեզի խոհարարն է եղել: «Վերջ, էլ չեմ աշխատել: Գործը փակվեց, մանկապարտեզը փակվեց, մենք էլ դուրս մնացինք: Մանկապարտեզը տվին զինվորներին. զինվորական կայան դրեցին: Մանկապարտեզը վերացավ, հետո մանկապարտեզը տարան դպրոցի մասնաճյուղի վրա: Հնարավորություններ չտվին, որ մանկապարտեզն աշխատեցնեին, ու փակվավ»,- ասաց նա: Իսկ մարտիրոսցի Վերգինեն ուզում է, որ երիտասարդության կյանքը գյուղում ավելի աշխույժ լինի 06_07-martiros-12«Իմ կենտրոնը սա է: Էս շենքն առաջ մանկապարտեզ էր, հետո զինվորական վաշտ սարքեցին, զինվորականներն էին»,- նախկին մանկապարտեզի նույն երկհարկանի շենքը մատնացույց անելով` ասաց Մարտիրոսի մեկ այլ բնակիչ, 23-ամյա Վերգինե Ստեփանյանը: Նախկին մանկապարտեզի շենքի երկրորդ հարկի վերանորոգումը շուտով կավարտվի, եւ այնտեղ  կբացվի երիտասարդական կենտրոնը: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի հոգեբանության բաժնի ուսանողուհի Վերգինեն «Մարտիրոսի երիտասարդական հասարակական կազմակերպության» նախագահն է: Սա մեկ այլ կազմակերության` «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի մասնաճյուղն է: Ծրագրի նպատակը երիտասարդության ոչ աշխատանքային զբաղվածությունն է: «Երբ կենտրոնը վերանորոգվի, արդեն հիմնական կվերակառուցվի, մենք երիտասարդներով որոշել ենք կենտրոնի տարածքը մաքրենք, փոքրիկ տաղավարի նման մի բան սարքենք, ծառեր տնկենք, շրջապատը սիրուն մաքրենք, որպեսզի երիտասարդությունը գա, նստի»,- ասաց Վերգինեն: Մարտիրոսում արվեստի որևէ խմբակ չի գործում, մշակութային միջոցառումներ չեն կազմակերպվում: Վերգինեն հավաստիացնում է, որ սրա պատճառը երիտասարդության հետաքրքրվածության պակասը չէ: «Հետաքրքրություն շատ կա: Իհարկե, գյուղում շատ կան տաղանդավոր երեխաներ: Մի քանի տարի առաջ դպրոցի 10-րդ դասարանցիները, ակտիվ երեխաները հավաքվել, երաժշտական խումբ էին կազմել: Ամեն ամիս ժողովրդական երգեր ու թատերական ինչ-որ բեմադրություններ էին ներկայացնում: Հետաքրքիր էր, բոլորս գնում էինք: Հետո էդ երեխաներն ավարտեցին, գնացին ամեն մեկը մի ուղղությամբ. էդ խումբը քանդվեց` չնայած հաճելի կլիներ, որ նորից կազմավորվեր»,- ասաց նա: Վերգինեի խոսքերով` երիտասարդական կենտրոնի բացվելուց հետո որոշել են պարի խմբակ հիմնել, թեև գյուղում մասնագետ չկա: «Պարուսույց չունենք, բայց ես ինքս որոշ չափով տիրապետում եմ: Առաջ` երբ ես փոքր էի` 5-6-րդ դասարանում էի սովորում, գյուղում պարի խմբակ կար, ես ինքս հաճախել եմ պարի: Ես անձամբ ուզում եմ էս գործը վերցնեմ ինձ վրա»,- ասաց Վերգինեն: Նրա խոսքերով` հավանաբար հուլիսի կեսերից կսկսվի երիտասարդական կենտրոնի վերանորոգումը, և մինչև աշուն այն արդեն պատրաստ կլինի: Պետբյուջեով 4 մլն դրամ է տրամադրվել կենտրոնը վերանորոգելու և գույք ձեռք բերելու համար: «Հուսով ենք` կունենանք համակարգիչներ, բիլիարդ, թենիս: Խոսք են տվել: Հիմա հաստատ չգիտեմ` ինչ գույք կլինի, բայց հուսով եմ` խաղատեսակներ կլինեն, երիտասարդությունը կգա, կզբաղվի»,- ասաց Վերգինեն: Նրա խոսքերով` կենտրոնը նաև ծրագրում էր վերանորոգել նախկին մանկապարտեզի երկհարկանի շենքի առաջին հարկը և այն հարսանեկան հանդիսությունների սրահ դարձնել, բայց հայտնի չէ` այդ ծրագիրը կիրականանա՞, թե՞ ոչ: Մարտիրոսում այժմ հարսանիքները տներում են անում: «Ամեն մեկը` իրա տանը: Նեղվածք է: Կամ էլ, ծայրահեղ դեպքերում, դպրոցի ֆիզկուլտ դահլիճում են անում»,- ասաց Վերգինեն` հավելելով, որ ամենադժվարը սպասքը տանել-բերելն է: Վերգինեի խոսքերով` գյուղի առօրյան միօրինակ է: «Սովորել ենք էդ տխրությանը: Առաջ հիմնականում էսպես չէր: Ինչքան սերունդը մեծանում է, էդքան սառն ու մեկուսի է դառնում: Մի քանի տարի առաջ, օրինակ, ավելի աշխույժ էր. միշտ հավաքվում էինք մի տեղ դիսկոտեկայի, ծնունդի, կամ երիտասարդներով եկեղեցի էինք գնում, օրը ինչ-որ ձևով ավելի ուրախ էինք դարձնում»,- ասաց նա: Ինքը` Վերգինեն, երբ արձակուրդ է, ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը, «տնային գործեր» է անում` ավլել-մաքրել, գիրք կարդալ, հեռուստացույց դիտել: Իսկ ահա սերիալներ` թե' հայկական և թե' բրազիլական, Վերգինեն չի դիտում. «Չգիտեմ, չեմ սիրում էդ սերիալները: Չգիտեմ, ոնց որ ավելի շուտ հեքիաթ լինեն: Մտածում եմ` անիրական բաներ են: Կամ կախվածություն են առաջացնում: Չեմ սիրում մի բանը, որ կախվածություն է առաջացանում: Իսկ հայկական սերիալներում ինձ դուր չեն գալիս, որ ճիշտն ասեմ` ո'չ խոսելաձևը, ո'չ շարժուձևը, ոչ մի բան: Ես եթե ընտրելու լինեի բրազիլականի ու հայկականի միջև, երևի ավելի շուտ բրազիլականը կընտրեի»: Վերգինեի խոսքերով` հիմա էլ գյուղում երեկույթներ կազմակերպվում են, բայց` ավելի հազվադեպ, իսկ գյուղի աղջիկները շատ պասիվ են: «Երիտասարդական երեկոներ ենք կազմակերպում, իսկ աղջիկները չեն մասնակցում. շատ քիչ` ընդամենը 5-6 աղջիկ է գալիս: Ծրագիր ենք կազմում: Ծրագրի ընթացքում` ինչ-որ խաղեր, մրցանակներ են լինում: Ընդհանուր առմամբ, ուղղակի շփում երիտասարդության մեջ: Ֆինանսավորման վրա շատ չենք կենտրոնանում, որ սեղաններին եսիմ ինչեր լինեն: Բայց աղջիկները ակտիվ չեն գալիս: Տղաներն են շատ լցվում: Էդ մի քանի աղջիկն էլ, որ էկել են, արդեն իրանց նեղված են զգում, որ տղաները շատ են, իրանք մենակ նստած են»,- ասաց Վերգինեն` հավելելով, որ իրականում մինչ այժմ կազմակերպված նման երեկույթները լավ են անցել, և գյուղի տղաներն էլ «շատ ջենտլմեն են, շատ լավն են»: Առհասարակ, նրա խոսքերով, Մարտիրոսում երիտասարդները գաղտնի են հանդիպում մինչև «ամուսնության օրը»: «Թե չէ` եթե իմացան, իմացի` դու, ոնց ասեմ, մի սև բիծ ունես քաշած քո անունի, քո կյանքի վրա»,- ասաց Վերգինեն: Երբ նա ընտրվել է կենտրոնում աշխատելու համար, անգամ գյուղում խոսակցություններ են եղել, թե «Վերգինեն ի՞նչ պետք է գնա էնտեղ աշխատի. միայն տղաներ են գալու»: «Ես մարդկանց ասում եմ. «Մարդիկ, ես կապացուցեմ ձեզ, որ էդտեղ մենակ տղաներ չեն գալիս»: Կամ` թեկուզ տղաներ գան»,- ասաց Վերգինեն: Ինչ վերաբերում է Վերգինեի ընտանիքին, ապա այն շատ լավ է վերաբերվում և ամենևին չի խոչընդոտում աղջկա ակտիվությանը: «Ոչ մի խոչընդոտ իմ ծնողները էս հարցում չեն ներկայացրել: Հակառակը` իմ ծնողները միշտ էլ ուզել են, որ ես դուրս գամ, շփվեմ: Ես մտածում էի կենտրոնից դուրս գալ: Հենց հիմա էլ որ ինձ թողնեն, ես հրաժարականի դիմումը կտամ, քանի որ չեմ վարձատրվում: Ուղղակի ծնողներս էլ ինչ-որ տեղ մտածում են. «Ինչի՞ դուրս գաս, եթե հնարավորություն ունես ավելի խելացի մարդկանց հետ շփվելու»,- ասաց Վերգինեն: Նա ամբողջ կյանքն ապրել է հարազատ գյուղում` Մարտիրոսում: Վերգինեի ծնողները ևս Մարտիրոսում են ծնվել: «Իմ տատիկ պապիկն էլ մարտիրոսցի են. ազգովի էկած` բոլորս էլ մարտիրոսցի ենք»,- ասաց Վերգինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter