HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Թեղուտի հայցն այսօր դատարան կմտնի

06_07-teghutԱյսօր` հուլիսի 6-ին, Երեւանի Վարչական դատարան կմտնի Թեղուտի պաշտպանության շարժման հայցադիմումը, որի նպատակն է արգելել Թեղուտի հանքավայրի շահագործումը: Որպես հայցվորներ հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» եւ «ԷԿՈԴԱՐ» հասարակական կազմակերպությունները: Հայցվորները գտնում են, որ Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության ընդունած վարչական ակտերը խախտում են մի շարք օրենքներ, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 1, 10, 33.2 հոդվածները եւ 6-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ հողային, ջրային եւ ընդերքի մասին օրենսգրքերի մի շարք հոդվածներ, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը: Ըստ հայցադիմումի` խախտվել են նաեւ ՀՀ միջազգային պայմանագրեր եւ եւս մի քանի ՀՀ օրենքներ: Հետադարձ հայացք. Ինչպես սկսվեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հայտնաբերվել է դեռեւս 1976 թվականին, այն գտնվում է Թեղուտ գյուղից 4 կմ հեռավորության վրա, իսկ Շնողից 6 կմ է հեռու: Հանքավայրի պաշարները կազմում են 453.8 մլն տոննա հանքաքար: 2001 թվականին ՀՀ կառավարությունը «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ին 25 տարով տվել է Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա: ACP-ն 2008 թվականի ապրիլ ամսից անտառահատումներ է իրականացնում կառավարության որոշումներով իրեն հատկացված տարածքներում: Արդյունաբերական օբյեկտների շինարարության և հանքավայրի շահագործման անհրաժեշտ տարածքը կազմելու է 670 հա, որից անտառածածկ է 510 հա: Կառավարության որոշմամբ թույլատրվել է այդ տարածքում շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը: ACP-ի հանձնարարությամբ` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն (ՇՄԱԳ): ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել այդ փորձաքննությանը, որից հետո էլ սկսվել է Թեղուտի անտառի հատումը: Թեղուտի բուսական աշխարհին հասցվող վնասը Թեղուտի պաշտպանության խմբի 66 էջանոց հայցադիմումը կասկածի տակ է առնում ՇՄԱԳ-ի եւ «Աշխատանքային նախագծի» տվյալները եւ բնապահպանության նախարարության տված դրական եզրակացության մեջ մատնանշված փաստերը: Մասնավորապես` եզրակացության մեջ նշված չէ, որ խախտվող տարածքում առկա են Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսեր: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պատվերով Թեղուտի հանքավայրի տարածքի բուսական աշխարհին վերաբերող փաստաթղթերը հետազոտվել են գիտնական-բուսաբան Պավել Ղամբարյանի կողմից: Վերջինիս հետազոտությունը ցույց է տվել, որ Թեղուտ և Շնող գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող անտառային հողերում կան Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 3 տեսակի ծառի եւ 3 տեսակի բույսերի աճելավայրեր: 06_07-teghut-1 Դրանք են` իհի գարշահոտ, կովկասյան խուրմա, հունական ընկուզենի, անդրկովկասյան ձնծաղիկ, պոպուլիկ մարշալի, եզնայկոխ Կոզոպոլքնսկու: Ըստ մասնագետի`Թեղուտի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի վերը նշված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը: Թեղուտի կենդանական աշխարհին սպառնացող վտանգը Թեղուտի հանքավայրի և հարակից տարածքներում բնակվող կենդանատեսակներից մի քանիսը գրանցված են Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում: Մասնավորապես` կարծրաթևավորների և թիթեռների 260 տեսակներից 2-ը, եւ սողունների 10 տեսակներից 1-ը: Իսկ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են Թեղուտի 7 թռչուն, 7 կաթնասուն եւ 2 սողուն: 06_07-teghut-2«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տված դրական եզրակացության մեջ նշված չէ, որ խախտվող տարածքում առկա են Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում, ինչպես նաև` Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակներ: Թեղուտի հանքավայրի տարածքի կենդանական աշխարհին վերաբերող փաստաթղթերը հետազոտել է գիտնական-կենսաբան Մարտին Ադամյանը, որի տված եզրակացության մեջ նշված է. «Հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված` կենդանիների վերը նշված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը»: Շրջակա միջավայրի վրա ազդեցության տնտեսական վնասը Ըստ հայցվորների` շրջակա միջավայրի վրա ազդեցության տնտեսական վնասի հաշվարկի համար կիրառվել է 1992 թվականի մեթոդական ձեռնարկ, մինչդեռ հողերի, մթնոլորտի և ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման համար ՀՀ կառավարությունը 2005-ին մշակել է նոր կարգ: Հայցվորները պնդում են, թե ՇՄԱԳ-ում եւ «Աշխատանքային նախագծում» բերված տվյալները հակասական են, որի արդյունքում դրանց հիման վրա հաշվարկված տնտեսական վնասի չափերը զգալիորեն տարբերվում են, որոշ դեպքերում` մոտ 2 անգամ: Ասվածը մանրամասնորեն փաստարկված է 66 էջանոց հայցադիմումում: Ըստ հայցի` մթնոլորտին հասցվող վնասը ծրագրի ամբողջ ընթացքում կկազմի 1.148.597 հազար դրամ, իսկ խախտվող հողերի գծով տնտեսական վնասն իրականում կազմելու է 2.586.036.600 դրամ: Հայցվորները հաշվարկել են նաեւ ջրային օբյեկտներին հասցվող տնտեսական վնասը, որը հանքի շահագործման ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում կկազմի 165 502 500 դրամ: Դադարեցրեք հանքի շահագործումը Այսօր Վարչական դատարան ուղարկած հայցադիմումով հայցվորները դատարանին խնդրում են ճանաչել առոչինչ Թեղուտի հանքավայրին վերաբերող կառավարության որոշումները: Նաեւ` անվավեր ճանաչել ACP-ի եւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման ու Բնապահպանության նախարարությունների միջեւ կնքված  «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագիրը»: Հայցվորների հիմնական պահանջն է` կառավարությանը պարտավորեցնել արգելել  ACP-ին Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված գործունեության իրականացումը: Դատարանում որպես պատասխանող հանդես են գալու ՀՀ կառավարությունը, Բնապահպանության եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները: «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ-ն ճանաչվել է որպես 3-րդ կողմ: Հայցվորների շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Հայկ Ալումյանը: 06_07-teghut-5 Թեղուտգ Ցամաքային կրիան գրանցված է Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում: 06_07-teghut-3 Դարեվսկու ժայռամողեսները Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում են: 06_07-teghut-4 Փոքրիկ Սապսանները մտահոգված են անտառի հատումով 06_07-teghut-6 Կարմիր գրքում գրանցված Սեւ ագռավը եւս բնակվում է Թեղուտի անտառում Լուսանկարները՝ Մարտին եւ Սիլվա Ադամյանների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter