HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նա պտտվեց Եվրոպայում, տեսավ Էֆելյան աշտարակը, վերադարձավ Հայաստան

06_07-france«73 տարեկան եմ, բայց ես գործունյա կին եմ: Ֆրանսիա էի գնացել, ուզում էի աշխատել:  Բայց ում տանը որ պետք է աշխատեի, տատիկ պահեի, վախենում էին, ասում էին` «եթե քեզ մեր քաղաքում ապրելու իրավունք չի տված, դու իրավունք չունես աշխատելու, կգան կբռնեն, մեզ կտուգանեն»»,-պատմում է 2008 թ.-ին Հայաստան վերադարձած Ջուլիետա Գրիգորյանը: Նա 2006 թ.-ին Հունաստանից մեկնել է Ֆրանսիա, որպեսզի ավելի հարմար աշխատանք գտնի: «Ասացին` այնտեղ լավ է, աշխատավարձը բարձր է, էն էլ իմ տարիքը մեծ է, պետությունը թույլ չտվեց: Սկի իրավունք չտվեցին, որ ես այնտեղ աշխատեմ»,- շարունակում է տիկին Ջուլիետան: Ֆրանսիայից առաջ տիկին Ջուլիետան 12 տարի ապրել է Հունաստանում: «Մեն-մենակ գնացել եմ Հունաստան, ո'չ լեզու գիտեի, ո'չ բան: Մտել եմ մի օֆիս, խնդրել եմ աշխատանք տալ: Օգնեցին, 62 տարեկան հասակում լեզուն էլ սովորեցի, աշխատեցի»,-հիշում է 73-ամյա Ջուլիետա Գրիգորյանը: Ֆրանսիայում գտնվելու ժամանակ` երկու տարի տիկին Ջուլիետան ապրել է Կադայում (CADA-Ապաստան հայցողների ընդունման կենտրոն): Կադայում սենյակներ են հատկացվում Ֆրանսիա ժամանած փախստականների, ապաստան հայցողների համար, որոնք դեռևս որևէ կարգավիճակ չունեն: Երբ արդեն հասկացել է, որ այլևս կացության որևէ կարգավիճակ չի կարող ստանալ, վերադարձել է Հայաստան: 06_07-france-2«Գնացի հանձնվեցի Կարմիր խաչ, ասի` աշխատանք չկա Երևանում, վիճակը լավ չի, մի քիչ աշխատեմ, երեխեքին օգնեմ: Ո'չ տուն ունեմ, ո'չ տեղ, ծախել էինք արդեն, պարտքեր ունեինք: Մի անգամ դատարան գնացինք, մի անգամ էլ հարցազրույցի: Մերժեցին, վեր կացա` եկա»,- պատմում է Ջ. Գրիգորյանը: Հունաստանում աշխատելու ընթացքում տիկին Ջուլիետան կարողացել է օգնել իր ընտանիքին: Խնամել է մի ծեր կնոջ: Ստացել է 400-500 եվրո: «Տատիկին մաքրում էի, լվանում, լողացնում, ուտացնում, սենյակներն էի մաքրում: Տատիկը մահացավ, էլ տարիքս էլ մեծ էր, իմաստ չուներ մնալ: Հիմա էլ գնալ չեմ ուզում, ամոթ է, իմ տարիքս էն չի, մարդ ես, մի բան լինի, գոնե Հայաստանում կլինեմ,- մտահոգվում է տիկին Ջուլիետան և շարունակում,-ինձ քյար մնաց ման գալս. գնացի Իտալիա, ման եկա ընկերուհուս հետ, Բելգիա գնացի, Ֆրանսիայում եղա, Փարիզը, էֆելյան աշտարակը տեսա, թե չէ` Հունաստանում կարգին ման էլ չեմ եկել: Իբր ես ջահել էի, տատիկ էի պահում»: Տիկին Ջուլիետան ասում է, որ իր ապաստանած Կադայում 16 հայ ընտանիք կար, Ալժիրից էլ ընտանիքներ կային, նաև` 3 ռուս ընտանիքներ, բայց մեծամասնությունը կազմում էին հայերը: «Կադայում որ ապրում էինք, ղեկավարը ժողով արեց, որ ովքեր ուզում են վերադառնալ Հայաստան, թող դիմում գրեն: Միևնույն է, թուղթ չեն տալիս, աշխատանք չեն տալիս, երկու տարին էլ Կադայի հաշվին ենք ապրել: Ես ասի, որ ուզում եմ հետ գնալ: Էլ իմ տարիքը էն չի, ես մնամ քուչեքը, կմեռնեմ, թող գնամ իմ երկրում մեռնեմ»,- ասում է տիկին Ջուլիետան: Կադայում թույլատրվում է կացարան ստանալ 1.5 տարով: Սակայն եթե ապաստան հայցողների կամ փախստականների գործերը դատարանում են լինում, այդ ժամանակահատվածում միգրանտը կարող է մնալ կացարանում: Տիկին Ջուլիետան ասում է, որ այնտեղ կյանքը հեշտ է եղել, քանի որ ամեն ինչի մասին հոգացել է հենց պետությունը: Ամսական 120 եվրո, մթերք և բոլոր հարմարություններով սենյակներ. «Հենց առաջին օրը մեզ 60 եվրո տվեցին, ամեն շաբաթ «պրավիզ» էին տալիս` մակարոն, տուշոնկա, կաթ, ամեն ինչ: Ուտելիքով ապահովում էին»: Տիկին Ջուլիետան նույնիսկ իր այս տարիքում չի կարող հանգստանալ, ուզում է օգտակար լինել իր ընտանիքին: Նա իր կարի մեքենայով վերմակներ է կարում և փորձում վաճառել: Հայաստանից մեկնող միգրանտների մոտ 90 տոկոսը աշխատանքային միգրանտներ են, որոնք կամ ընդհանրապես աշխատանք չունեն, կամ չունեն բավարար վարձատրվող աշխատանք: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ 5 տարի առաջ մարդիկ գնում էին աշխատանք չունենալու պատճառով, իսկ համաձայն 3 տարի առաջ արված հետազոտության` մեկնողների մոտ կեսը արդեն գնում է ոչ բավարար վարձատրությամբ աշխատանք չունենալու պատճառով»,- «People in need» կազմակերպության անցկացրած սեմինարի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության Միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը: Իրինա Դավթյանը հավելում է, որ թյուր կարծիք է ձևավորել, թե միգրացիայի են դիմում անապահով խավերը: Իրականում միգրացիայի է դիմում ավելի շատ միջին խավը: Իսկ անվերադարձ կամ որոշ ժամանակահատվածով մեկնող միգրանտներն ասում են, որ մեկնում են, որովհետև Հայաստանում զարգացման հեռանկարներ չեն տեսնում: Գոհար Կարուֆանյանը 2008 թ.-ին նույնպես վերադարձել է Ֆրանսիայից: Նա իր ընտանիքի հետ մեկնել էր Լիոն և մոտ 3 տարի ապրել այնտեղ: Սակայն չի կարողացել հարմարվել և նորից վերադարձել է հայրենիք: Գոհարը մատնահարդար է, նաև դաջվածքներ է անում: Ասում է, որ Լիոնում էլ է նույն գործն արել, բայց շատ է կարոտել հարազատներին: 06_07-france-1«Սկզբից ամուսինս գնաց, հետո` 2005-ին, ես ու աղջիկս գնացինք: Լիոնում ապրեցինք 3 տարի, ծանոթներ կային, բայց ես չդիմացա: Որ ասեմ շատ հայրենասեր եմ, սուտ կլինի, բայց այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, քան օտարության մեջ: Ճիշտ է, ընկերներ կային, բայց հարազատներ` մամա, եղբայր, չկար»,- ասաց Գոհարը: Նա պատմում է, որ Լիոնում բնակարան են վարձել, ամուսինն աշխատում էր: Գոհարն  աշխատել է իր մասնագիտությամբ` եղունգներ, մազեր հարդարելով: Բայց դա արել է ոչ թե օրինական հաստատությունում աշխատելով, այլ գնացել է բնակարանները և նշված ծառայությունները մատուցել կանչերով: «Մի քիչ երևի կոպիտ հնչի, բայց իրենց` ֆրանսիացիներին ավելի ձեռք է տալիս օգնեն քեզ և մի 10 000 եվրո ծախսեն, որ ետ վերադառնաս, քան թե ամբողջ կյանքդ իրենց հաշվին դու ապրես»,-կարծում է Գոհարը: Միգրացիայի հոսքերի վերաբերյալ վիճակագրությունը լիարժեք պատկերը չի ներկայացնում, քանի որ տվյալները հավաքվում են 2 ձևով. սահմանապահները արձանագրում են գնացողների ու ժամանողների թիվը, որի հիման վրա ստանում են միգրացիայի սալդոն` գնացողների ու եկողների թվի տարբերությունը: Երկրորդ` Վիճակագրական ծառայությունը անձնագրային սեղանից ստանում է մշտական բնակություն հաստատածների թիվը: Ընթացիկ միգրացիոն իրավիճակի գնահատականը Հայաստանի սահմանային անցման կետերում տարվող ուղևորների հաշվառման տվյալների հիման վրա հետեւյալն է` հունվար-մարտ ամիսներին հանրապետությունից մեկնածների թիվը գերազանցում է հանրապետություն ժամանածների թվին (միգրացիայի բացասական սալդո), այսինքն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժամանողների թիվը պակասել է 25,6 հազարով կամ 79,7 %-ով: Մարտին գրանցվել է միգրացիայի դրական սալդո, որը կազմել է 1,2 հազար մարդ` նախորդ տարվա մարտի 15,6 հազար բացասական սալդոյի դիմաց: «Այս նվազումը, մեր կարծիքով, կարող է պայմանավորված լինել ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների թվի կրճատմամբ»,- ասված է միգրացիոն գործակալության հաշվետվության մեջ (http://www.backtoarmenia.am/?hcat=85&scat=86): ՀՀ դեսպանություններից և հյուպատոսյություններից 2008 թ.-ի ընթացքում 1874 անձանց վերաբերյալ հարցումներ են եղել ՀՀ վերադարձի վկայականներ տրամադրելու նպատակով: Այդ հարցումներից մոտ 1250 անձանց թույլատրվել է ՀՀ վերադարձի վկայական տրամադրել, մնացածներին մերժվել է` ՀՀ-ում անձնագրավորված, հաշվառված, հաշվառումից հանված չլինելու պատճառով: Մերժումները մեծ մասամբ վտարման ենթակա անձանց կողմից ներկայացված կեղծ տվյալներն են: Եվ, որպես կանոն, հայերը ներկայացնում են կեղծ տվյալներ, որպեսզի ապաստան ստանան: Արևմտաեվրոպական երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, մեծ թվով ՀՀ քաղաքացիներ գտնվում են անօրինական կարգավիճակում և ենթակա են վտարման տեղի իշխանությունների կողմից: «Այդ իսկ պատճառով, ՀՀ քաղաքացիները տեղի իշխանությունների միգրացիոն հարցերով զբաղվող իրավասու անձնաց հետ հարցազրույցների ժամանակ հաճախակի նշում են մտացածին անուն, ազգանուններ, ինչը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների ետընդունման գործընթացին»,- ասում է ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության Միգրացիայի բաժնի առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը: «Մարդիկ, իրենց ինքնասիրությունից ելնելով, գալիս ու այստեղ լեգենդներ են պատմում իրենց այնտեղի կյանքի մասին, բայց այդ մարդկանց բարոյահոգեբանական վիճակը շատ ծանր է»,- շարունակում է Իրինա Դավթյանը: Հայերի մեծ մասը լեգալ հատում է սահմանը, սահմանված ժամկետի լրանալուց հետո դիմում են ապաստանի համար: Գործը կազմվում է, փորձում են ճշտել անձի ինքնությունը, հիմքերը, որոնցով անձն ապաստան ստանալու հայտ է ներկայացրել: Հարցումներ են կատարվում Հայաստանի պատկան մարմիններ և վտարում, եթե պարզվում է, որ տվյալները սխալ են ներկայացվել: Բայց այդ որոշումը կարող է բողոքարկվել: Իսկ այդ ընթացքում հայցվորը տեղավորվում է հատուկ կացարանում, ինչպես տիկին Ջուլիետայի դեպքում, ստանում են որոշակի գումար, սնունդ: Դա ևս ձեռնտու է միգրանտին: «Եթե անկախության առաջին տարիներին եվրոպական 26 երկրներում մենք կայուն 20-յակի առաջին տեղերը զբաղեցնողներից էինք, ապա հետո կամաց-կամաց դուրս ենք եկել այդ սանդղակից»,- նշում է Իրինա Դավթյանը: Հայաստանը ներկայացնող միգրանտների մեծ մասն անօրինական են, որովհետև հիմնականում աշխատանքային միգրանտներ են: Այդ պատճառով վիճակագրություն չկա: Չկա վիճակագրություն նաև առանձին երկրներում գտնվող հայ միգրանտների հայրենադարձության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter