HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պաշտոնական Բաքուն ուղիներ է որոնում՝ արմատական փոփոխության ենթարկելու բանակցային գործընթացի ձեւաչափը»

«Լեռնային  Ղարաբաղի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրեց բարի կամքի դրսեւորում` համաձայնելով հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին` Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ եւ ԱՀ դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի առաջնորդությամբ, դրանով իսկ վերահաստատելով Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ իր սկզբունքային հավատարմությունը»,- նշվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ մեկնաբանվում են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների ստեղծագործական մտավորականության վերջին նախաձեռնության վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված ադրբեջանական կողմի, այդ թվում նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեկնաբանություններում եւ արտահայտած կարծիքներում խեղաթյուրված մեկնությունները: Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության այցի երթուղու եւ կազմի հետ կապված որոշ տարաձայնություններին, ըստ տեղեկատվական վարչության տեղեկատվության՝ Ղարաբաղյան կողմի պահանջով փոխվեց ոչ միայն երթուղին, այլեւ ընդգծված հակաղարաբաղյան եւ հակահայկական կեցվածքի պատճառով պատվիրակության կազմից հանվեցին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Խավվա Մամեդովան եւ պատվիրակության անդամ Չինգիզ Իսմաիլովը: «Նկատի ունենալով այս այցի հանդեպ ադրբեջանական կողմի շահագրգռվածությունը, դժվար չէ ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ուղիներ է որոնում՝ արմատական փոփոխության ենթարկելու բանակցային գործընթացի ձեւաչափը եւ առանց միջնորդների անմիջական բանակցություններ վարելու ԼՂՀ ղեկավարության հետ, ինչին այլընտրանք չկա: Հաշվի առնելով նման փոխադարձ այցերի ազդակները՝ միտված հակամարտության մեջ հայտնված հասարակություններում լարվածության թուլացմանը, միջոցառումն արժանի է ուշադրության: Սույն այցը ուշագրավ է նաեւ այն առումով, որ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները լինելով մեր երկրում՝ մի ավելորդ անգամ եւս  համոզվեցին, որ գործ ունեն կայացած պետության հետ, ուր անկախ հանրապետության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի, պարտադրված պատերազմի եւ շրջափակման հետեւանքով առաջացած դժվարություններն ու արգելքները, բոլոր ոլորտներում աննախադեպ ծավալով առաջընթաց է գրանցվել, որի արդյունքում լավագույն նախադրյալներ են ստեղծվել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացում»,- նշվում է մեկնաբանության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter