HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Սարգսյան. «Երեք զարգացում պետք է աչքի տակ ունենանք»

07_07-t_sargsyanԱյսօր մեկնարկեց «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG): Գիտաժողվին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա ուներ իր առանձնահատկությունները: Նախ` մեր բանկային և ֆինանսական համակարգը քանի որ փոքր է, համաշխարհային ճգնաժամի առաջին բացասական ալիքը Հայաստանի վրա այդքան էլ մեծ չէր: Վարչապետի խոսքով` ևս մի առավելությունն այն էր, որ ունեինք խիստ վերահսկողություն և՛ բանկային գործունեության վրա, և՛ այն իրավիճակը, որ Կենտրոնական բանկը հրապարակում էր իր հաշվետվություններում, վարչապետի խոսքով, ամբողջովին համապատասխանում էր իրականությանը: «Մենք ունեինք ամուր բանկային համակարգ` բարձր կապիտալիզացիայով, ու դա էլ հնարավորություն տվեց դիմակայել բացասական երևույթներին: Ճգնաժամի առաջին բացասական ազդեցությունը մենք զգացինք միայն համաշխարհային շուկայում հանքային ապրանքների գների կտրուկ նվազումից հետո: Հաջորդ գործոնը ճգնաժամի մասնավոր ներդրումների ու տրանսֆերտների կրճատումն էր, ինչը, հաշվի առնելով այն տնտեսական կառուցվածքը, որ մենք ունեինք, իր ազդեցությունը չէր կարող չունենալ: Ու առաջին հերթին այն իր ազդեցությունը թողեց մեր ֆինանսական համակարգի վրա, որովհետև մակրոտնտեսական միջավայրը սկսեց փոխվել, ու իր ազդեցությունը թողեց տնտեսական ցուցանիշների վրա»,- ասաց նա: Տ. Սարգսյանը նշեց, որ 2008-ից, երբ ճգնաժամն իրեն զգացնել տվեց, սկսեց նվազել մասնավոր ֆինանսական միջոցների ներհոսքը Հայաստան, ինչը չէր կարող իր  ազդեցությունը չթողնել նաև փոխարժեքի վրա: «Եվ մենք կանգնած էինք երկընտրանքի առջև` ինչպե՞ս անցում կատարել արժևորման փուլից արժեքազրկման փուլ` հաշվի առնելով անցումային տնտեսությունների առանձնահատկությունները»,- ասաց նա: Վարչապետի մատնանշած մյուս լուրջ խնդիրը, որն ի հայտ եկավ ճգնաժամի հետևանքով, շինարարության աճի տեմպերի դանդաղումն էր ու ցուցանիշների նվազումը այն դեպքում, երբ մեր տնտեսությունը լրջորեն կապված է շինարարական ոլորտի հետ: «Այս տարվա առաջին հինգ ամսվա արդյունքներն ամփոփելով` ունենք շուրջ 16 տոկոս տնտեսական անկում, որն առաջին հերթին պայմանավորված է շինարարական ոլորտում ծավալների կրճատմամբ, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ շինարարության ոլորտ եկող ֆինանսական հոսքերը կտրուկ նվազել են: Մոտակա ամիսների ընթացքում կանխատեսում ենք, որ այդ ցուցանիշներն էլ ավելի կվատանան»,- կանխատեսեց վարչապետը: Տ. Սարգսյանը նշեց, որ Ազգային ժողովում 940 միլիարդանոց բյուջե է հաստատվել: Ըստ նրա` այժմ նպատակահարմար չէ ծախսերի կրճատումը, իսկ դրա միակ ճանապարհը դեֆիցիտի ավելացումն է: «Ու մենք գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով` համագործակցելով Արժութային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի հետ, միջոցներ հայթայթելով, որպեսզի կարողանանք դիմակայել այս ճգնաժամին: Մենք ԱԺ ներկայացրինք օրենքի նախագիծ` թույլտվություն խնդրելով ավելացնել բյուջետային դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 7.5 տոկոս, որն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի տնտեսության համար, քանի որ վերջին տարիների ընթացքում մեր դեֆիցիտը չի գերազանցել 3 տոկոսը»,- ասաց նա: Վարչապետի հավաստմամբ`պետք է աչքի տակ ունենալ զարգացումների երեք սցենար` առաջին, որ 9.5 տոկոսանոց անկում կունենանք, երկրորդ`16 տոկոս, երրորդ` 20 տոկոսանոց անկում: Եվ այդ պարագայում, նրա խոսքով, բյուջեի ծախսային մասը պլանավորվում է 900 միլիարդ դրամի շրջանակներում: «Բյուջեի դեֆիցիտավորման հիմնական ֆինանսական միջոցները, որ մենք ստանում ենք Ասիական  բանկից` շուրջ 80 միլիոն դոլար, Համաշխարհային բանկից` 60 միլիոն դոլար, շուրջ 24 միլիարդ դրամ բյուջեի դիֆիցիտի ֆինանսավորման համար կօգտագործենք ռուսական վարկի հաշվին, և ներքին շուկայի շուրջ 24 միլիարդ դրամի ֆինանսավորում կուղղվի մեր դիֆիցիտի ֆինանսավորմանը: Եվ հիմնական ներդրումը կկատարենք Արժութային հիմնադրամի կողմից տրամադրվող շուրջ 150 միլիոն դոլարանոց վարկի շնորհիվ»,- ասաց նա: Տ. Սարգսյանը կարևորեց նաև 2010 թվականի բյուջեի կատարողականը, թե ինչպիսի՞ բյուջեի դեֆիցիտ է լինելու 2010-ին, դրա սպասարկման աղբյուրները որո՞նք են լինելու, և թե մեր արտաքին պարտքի տեսակարար կշիռն ինչպիսի՞ն է լինելու և ի վիճակի՞ ենք լինելու, արդյոք, սպասարկել մեր արտաքին պարտքը: «Այսօրվա կանխատեսումներից ելնելով` 2010 թ. բյուջեի նախագծի հիմքում, որ սկսել ենք քննարկել կառավարությունում, ընկած է մեկ տոկոսանոց համախառն ներքին արդյունքի տնտեսում 2010 թվականի համար: Սա, իհարկե, դեռ նախնական գնահատական է»,- ասաց նա: Գիտաժողովի մասնակիցներից Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն էլ նշեց, որ թեև Հայաստանը խուսափել է ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքից, սակայն շատ կարևոր է արագ արձագանքը ճգնաժամին` տարբեր միջոցառումներ մշակելով: «Փորձը ցույց է տալիս, որ իրավիճակն արագ փոխվում է, և անհրաժեշտ է միջոցառումներ մշակել: Ճգնաժամի մեկնաբանների մեծ մասը հակված է նրան, որ վերականգնումը կցկտուր կլինի, դանդաղ, ու ճգնաժամի ազդեցությունը դեռ երկար ժամանակ կզգացվի»,- ասաց նա: Նշենք, որ գիտաժողովը կշարունակվի նաև վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter