Կոմիի դատարանը բավարարել է Հայաստանի քաղաքացու բողոքը
Նախօրեին Կոմիի հանրապետության վերաքննիչ դատարանը ավարտել է քաղաքացիական գործի քննությունը, որի շրջանակներում Հայաստանի քաղաքացին բողոքարկում էր տեղի ոստիկանության աշխատակիցների գործողությունները: Ռուսաստանից վտարվելուն սպասելու 4 ամիսների ընթացքում` 2008-ի հունիսից նոյեմբեր, վերջինս գտնվել է Սիկտիվկար քաղաքի ոստիկանությունում:
Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ միգրանտին պահելու պայմանները խախտել են մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը, որն արգելում է կտտանքները: Դատարանը նաև ընդունել է, որ հայցվորը 2008-ի հունիսին երկու օր շարունակ անօրինական կերպով պահվել է մեկուսարանում:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` անցյալ տարվա հունիսի 24-ին դատարանը որոշել էր Աշոտ Կիրակոսյանին Հայաստան վտարելու մասին` վերջինիս` Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների կողմից կարգի խախտման համար: Երկու օր հետո դատարանի որոշմամբ` Կիրակոսյանը տեղավորվել էր հատուկ կացարանում` նախատեսված ադմինիստրատիվ կարգով ձերբակալված անձանց համար: Մոտավորապես երեք ամիս անց այդ լուրը պատահաբար հասել է միգրանտների պաշտպանության կոմիտեին:
Իրավապաշտպաններին վրդովեցրել է արտասահմանցուն ոստիկանությունում այդքան երկար պահելու փաստը, այն դեպքում, երբ նրան օրենքով միայն 15 օր պետք է պահեին այնտեղ: Կոմիտեին հաջողվել է հանդիպում կազմակերպել փաստաբանի ու ձերբակալվածի միջև: 2008թ. հոկտեմբերի 23-ին կոմիտեն դիմել է Մոսկվայում Հայաստանի հյուպատոս Հայկ Հակոբյանին:
Իրավապաշտպանները կարծիք էին հայտնել, որ Կիրակոսյանին պահելու պայմանները նվաստացնում է նրա մարդկային արժանապատվությունը, ինչով էլ խախտվում է մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածը:
Հյուպատոսին դիմելն արագացրել է Կիրակոսյանին արտաքսելու գործընթացը: Արդեն նոյեմբերի 8-ին նա Ռուսաստանից արտաքսվել է: Սիկտիվկարից իր մեկնելու նախօրեին ձերբակալված Կիրակոսյանը ստորագրել է դատարանի դիմում, որում կասկածի տակ է դրել այն պայմանների օրինականությունը, որոնց մեջ նա գտնվել է 4 ամիս:
Այս տարվա մարտի 4-ին Սիկտիվկարի քաղաքային դատարանը որոշում է ընդունել Կիրակոսյանի բողոքի հիման վրա: Ոստիկանությանը չի հաջողվել հերքել հայցվորի այն պնդումները, որ այդքան երկար ժամանակ չափացանզ վատ պայմաններ ունեցող հատուկ կացարանում մարդուն պահելը նվաստացնում է մարդկային արժանապատվույթունը:
Կոմիի Կանրապետության ներքին գործերի նախարարությունը բողոքարկել էր դատարանի քաղաքացիական որոշումը, սակայն երեկ վերաքննիչ դատարանը հիմքեր չի գտել` որոշումը վերանայելու համար:
«Կիրակոսյանի գործի շուրջ այս աղմուկի հետևանքով Սիկտիվկարում օտարերկրյա քաղաքացիներին պահելու համար դրամադրված հատուկ կացարանների պայմանները բարելավվել են: Ամեն դեպքում, մեր կոմիտեն պնդում է, որ ադմինիստրատիվ բանտը չպետք է գործածվի օտարերկրյա քաղաքացիներին պահելու համար, որոնք խախտել են Ռուսաստանում գտնվելու պայմանները: Այս տեսակետը կոմիտեի իրավաբանները մեկ այլ քաղաքացիական գործով են պաշտպանելու` Վրաստանի քաղաքացի Գոչի Գալոգրեի դիմումի հիման վրա, ով արդեն համարյա չորս ամիս է` սպասում է Ռուսաստանից վտարվելուն»,- «Ռեգնումի» փոխանցմամբ` ասել է միգրանտների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել