HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ես շուտով կնկարեմ իմ գլուխգործոցը…»

07_07-last-leafՕ`Հենրիի «Վերջին տերևը» նովելում են հնչում այս խոսքերը: Տարեց նկարիչ Բերմանը իր ողջ կյանքի ընթացքում երազում է գլուխգործոց նկարել, եւ դա նրան հաջողվում է միայն այն ժամանակ, երբ իմանում է, որ հարեւան երիտասարդ աղջիկը, երկար ժամանակ հիվանդանալուց հետո, կյանքի միակ հույսը կապում է կիսաչոր ծառի վերջին տերեւի հետ: «Երբ ընկնի վերջին տերեւը, այդ ժամանակ ես կմեռնեմ»,- ասում է աղջիկը: Վերջին տերեւն, անշուշտ, պոկվում է ծառից, բայց Բերմանը հասցնում է նրա համար նկարել այդ վերջին տերեւը, որի դիմաց տալիս է կյանքը: «Կյանք է հարկավոր ներդնել աշխատանքի մեջ, հակառակ դեպքում այն ուղղակի պարտականությունների կատարում է: Մենք նույնպես կյանք ենք դնում այս աշխատանքի մեջ, որ կատարում ենք սիրով»,- «Հետքի» հետ զրույցում ասաց երիտասարդ ռեժիսոր Արսեն Բարսեղյանը: Նա նախաձեռնել է Օ`Հենրիի «Վերջին տերեւը» նովելի հիման վրա խաղարկային ֆիլմի նկարահանման աշխատանքները: Աննախադեպ է երիտասարդ արվեստագետների նախաձեռնությունը, քանզի այսօր հեռուստաեթերում ողողված քրեական պատմությունները չունեն հակակշիռ: «Միացնում եմ հեռուստացույցն ու միայն կրակոցներ են հնչում եթերում, լավագույն դրամաներն էլ միայն ամերիկյան արտադրության են»,- ասում է Արսենը: Երիտասարդ ռեժիսորին չի հիասթափեցնում այն հանգամանքը, որ այսօր նման ֆիլմերի պահանջարկ չկա, ավելին` նա կարծում է, որ առաջարկն է բացակայում: «Եթե չեն նկարահանվում ու չեն ցուցադրվում դրամաներ, ապա ինչ պահանջարկի մասին է խոսքը: Կարծում եք մարդիկ պետք է մի օր միտինգ անեն ու բղավեն` ֆիլմ ենք ուզում: Եթե նույնիսկ ֆիլմը չհայտնվի էկրաններին, միեւնույնն է` այն արդեն իր նպատակին ծառայել է: Տեսնել է պետք այն բոլոր երիտասարդների ոգեւորությունը, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված են այս աշխատանքներում»,- ավելացրեց ռեժիսորը: Մեր այցելության պահին գլխավոր դերակատար Հարություն Հովսեփյանը փորձ էր անում: Մասնագիտությամբ երգիչ Հարությունը անսպասելի առաջարկ է ստացել նկարահանվել ֆիլմում: 07_07-last-leaf_film«Ես, իհարկե, ինձ երբեք չեմ պատկերացրել կինոյում, սակայն Արսենի առաջարկն ինձ շատ դուր եկավ, չնայած նա միանգամից չասաց, որ գլխավոր դերի մասին է խոսքը. հաստատ կմերժեի, եթե նախօրոք իմանայի, թե ինչ պտասխանատու գործ են ինձ վստահում»,- կատակով ասում է Բերմանին մարմնավորող Հարությունը: Բեմադրող նկարիչ Լևոն Պետրոսյանն էլ իր ասելիքն ուներ, բայց` նկարների տեսքով: Նկարներից բացի, Լևոնը մեկ միտք արտահայտեց. «Ես հիմա մտածում եմ հագուստի ձևավորման մասին»: Նա մեզ խոստացավ բարեհաջող ավարտից հետո ավելի ծավալուն խոսել բոլոր դժվարությունների ու անգամ արկածների մասին: «Ինչու հատկապես այս ստեղծագործությունը» հարցին ի պատասխան` ռեժիսորն ասաց. «Առաջին հերթին պատմությունն է շատ ազդեցիկ եւ ուշագրավ, բացի այդ, այն համեմատաբար քիչ ծախսեր է պահանջում: Երբ կարողանանք բարեհաջող տեղ հասցնել գրական բարձրարժեք ստեղծագործությունների իմաստը, ապա, համոզված եմ, որ ինքներս կդառնանք այդ բարձր արժեքների կրողն ու նոր արժեքներ ստեղծողը»: Միչեւ տարեվերջ: Սա ոչ թե խոստում է, այլ ցանկություն: «Մինչեւ տարեվերջն» այն ժամկետն է, երբ ստեղծագործական խումբը ցանկանում է ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքը: «Կան դժվարություններ, որոնց մասին խոսելն ավելորդ է, դրանք ուղղակի հաղթահարել է հարկավոր: Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարել ենք մեր միջոցներով, նկարահանման ամբողջ աշխատանքները նախատեսվում են կատարել Էջմիածնում: Ստեղծագործական խումբն ի սկզբանե երկու հոգուց է կազմված եղել` ռեժիսորն ու բեմադրող նկարիչը, ապա խմբին միացել են նաև մյուսները` դերակատարներն ու սպասարկող անձնակազմը: Դերակատարների ընտրության հարցում բավականաչափ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան, պատահական նրանք հայտնվեցին մեր ճանապարհին: Մենք հատուկ «քաստինգներ» չենք հայտարարել: Ինչպես բեմադրող նկարիչ Լևոն Պետրոսյանն էր ասում. «Նրանք իրենց ոտքով կգան ու կասեն` բարև ձեզ…»»,- պատմում է Արսեն Բարսեղյանը: Նշենք, որ ներկայումս խումբն ունի 15 անդամ: Նրանք մեծ պատրաստակամությամբ ու նույնիսկ անհամբերությամբ են սպասում նկարահանման աշխատանքներին: Շատերին հետաքրքրում է նկարահանման ընթացքը, այլ ոչ թե արդյունքը: Արսենի ասելով` ինքը երբեք չի լսել, որ իրենից հարցնեն, թե երբ ֆիլմը պատրաստ կլինի, բոլորին հետաքրքրում է ստեղծագործական աշխատանքը: «Նկարչուհի Անի Մանուկյանն է առաջին արձագանքողը եղել, նա իր վրա է վերցրել դիզայնի ատրիբուտների կատարման աշխատանքները: Գրող Հակոբ Մարտունին, ում հայտնում ենք մեր շնորհակալությունը, օգնել է տեքստերի խմբագրական աշխատանքներում, Էջմիածնի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Ամյանն ու դիմահարդար Գայանե Հովսեփյանը եւս անմասն չեն մնացել այս գործին: Թող ներեն խմբի այն անդամները, ում անունները չեմ տալիս, բայց ցանկանում եմ ասել, որ առանց այս մարդկանց օգնության եւ միջամտության` անհնար եմ համարում անգամ մտածել կինոյի մասին»,- վերջում ասաց Արսեն Բարսեղյանը: Խումբը հույս ունի, որ Մշակույթի նախարարությունը եւս իր մասնակցությունը կբերի ֆիլմի ստեղծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter