HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմում են Հայաստանի գործընկերներին

«ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը` International Alert կազմակերպության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պաշտոնական խաղաղարար գործընթացին աջակցելու նպատակով անցկացվող հասարակական ֆորումներում, համարում ենք ոչ նպատակային, քանի որ. -մինչեւ հիմա հրապարակված չեն այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվում է խաղաղարար գործընթացը: -կարգավորման սխեման, որը ԼՂՀ քաղաքացիական հասարակության առաջնորդներին ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ վերջերս էլ հրապարակայնորեն հաստատվել է Ադրբեջանի նախագահի կողմից` «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում, հակասում են Հայաստանի հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հիմնարար շահերին»,-այս մասին նշվում է Ստեփանակերտի Ռեսուրս կենտրոնի խորհուրդի, ԼՂՀ փորձագետների խորհուրդի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից այսօր ընդունված հայտարարության մեջ, որով դիմում են Հայաստանի հանրապետության քաղաքացիական հասարակության առաջնորդներին` կոչ անելով պաշտպանել արցախցի գործընկերների դիրքորոշումը: Նախաձեռնության մասնակիցները գտնում են, որ Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարող պաշտպանել այն գործընթացները, որոնք չեն նպաստում արդարացի խաղաղության ձեռքբերմանը, այլ ավելի շատ ուղղված են իրավիճակի անկայունությանը` ինչպես ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի երկրներում, այնպես էլ այդ երկրների միջեւ: Այս հայտարարությունն ընդունվել է այսօր վերոնշյալ կառույցների հերթական աշխատանքային հանդիպման արդյունքում, որտեղ քննարկվել է այն իրավիճակը, որը ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ձեւավորմանն ուղղված հասարակական գործընթացում: «Խաղաղարար բազմամյա գործընթացի վերջին իրադարձությունների եւ ընդհանուր պատկերի վերլուծությունը բերել է միանշանակ եզրակացության` հակամարտության մեջ ներգրավված` Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ հասարակությունների մակարդակով խաղաղարար գործընթացի զարգացումն ունի ակնհայտ բացասական դինամիկա»,-նշվում է նրանց կողմից տարածված տեղեկատվության մեջ: Իսկ եզրակացություններն, ըստ նրանց, արվել են` ելնելով մի շարք գործոններից. 1.Ադրբեջանի` ի դեմս նրա իշխանությունների, ջանքերով սկզբից բանակցային պաշտոնական, այնուհետեւ նաեւ հասարակական երկխոսության մակարդակում կրկին սկսվել է մտցվել «միջհամայնքային» հասկացությունը: Այսինքն, ակնհայտ է պաշտոնական Բաքվի` ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու, հակամարտության փաստորեն եռակողմ ձեւաչափը երկկողմանի դարձնելու, իսկ ղարաբաղյան հասարակության ներկայացուցիչներին Ղարաբաղի հայկական համայնք ներկայացնելու ինտենսիվ եւ հանգիստ չտվող փորձերը: 2.Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ հասարակական խաղաղարար հարթակն օգտագործում են որպես պաշտոնական Ադրբեջանի անհիմն քաղաքական ամբիցիաների բավարարման հրապարակ: Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից քաղաքական չափորոշիչների ներգրավումը հասարակական երկխոսություն` անմիջապես առաջացնում է ճիշտ հակառակ քաղաքական արձագանք` ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Այդ կերպ վստահության ձեւավորման գործընթացը վերածվում է քաղաքական դիրքորոշումների պաշտպանման: 3.Ադրբեջանի ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում են այդ հասարակական գործընթացները` նրանց տալով բացահայտ քաղաքական երանգով սուբյեկտիվ բացատրություն, եւ արդյունքում ողջ խաղաղարար ծրագիրը ձեռք է բերում ադրբեջանական քարոզչության ընդամենը եւս մեկ գործիքի բնույթ: Այդ կերպ, Ադրբեջանի կողմից խաղաղարար գործընթացի ակտիվ քաղաքականացումը եւ միջազգային միջնորդական կազմակերպությունների  եւ կառույցների` այդ տենդենցներին դիմադրելու անկարողությունը ստիպում է մտածել, թե որքանով է այդ գործընթացն ընդհանրապես խաղաղարար: Վերջին տարիների նախաձեռնությունների մեծամասնությունը բերել է իրավիճակի սրման, հասարակությունների ավելի մեծ դժգոհության եւ առավել մեծ անվստահության: Այդ արդյունքը ապացույցն է ոչ կառուցողական մոտեցման, ինչն ավելորդ անգամ ապացուցում է քաղաքական նպատակների քարոզչության համար երկխոսության օգտագործման անհնարինությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter