HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արծվիկ Մինասյանը դեմ է «Շանգրի լա»-ի քարոզչությանը

Ու՞ր մնացին Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման և Ադրբեջանից հայերի տեղահանման հիմնահարցերը Հայաստանի ներսում բազմաթիվ լուրջ խնդիրներ կան, որոնք կարող էին բանավեճի նյութ դառնալ: Մինչդեռ բուռն քննարկման նյութ դարձավ հենց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վերջին նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Գռեհկություն` քաղաքական բանավեճի փոխարեն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Ինձ շատ զարմացնում է, որ լուրջ բանավիճային խոսակցության թեմա չէ, թե ինչու՞ մեր արտաքին քաղաքականության օրակարգում մինչև հիմա չկա, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմած և որևէ արձագանք չստացած մեր Նախիջևանի հուշարձանների ոչնչացման փաստը: Եվ մամուլն էլ հանգիստ սա մարսեց, լռեցին-գնացին: Սա լուրջ դիսկուսիայի թեմա է: Ինչու՞ արտաքին քաղաքականության մեջ գործնականում չկա հայ փախստականների խնդրի շուրջ քննարկում»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Ըստ նրա` լրջագույն խնդիրների վերաբերյալ բանավեճի բացակայությունը երկու պատճառ ունի: Նախ, մինչև այժմ Հայաստանի բոլոր իշխանավորների պահվածքը թելադրել է մի մշակույթ, որ «Հայաստանում բանավեճ չկա: Կա իրենց ճիշտը ներկայացնելու և մարդկանց անվանարկելու ուղղակի ճանապարհ և միջոց»: «Եվ երկորդ` շատ հեշտ է մարդուն ասել «ինքը ազգի դավաճան է»` փոխանակ նստելուն, նյութերը նայելուն, քննարկելուն, մտածելուն, լուծումներ առաջարկելուն, այսինքն` վերլուծություն, հետևություն անելուն»: Հրանուշ Խառատյանի համոզմամբ` եթե կարողանայինք դատարանում այսպիսի խնդիրների վերաբերյալ իրավական և ոչ քաղաքական գնահատականներ և դրական լուծումներ ունենալ, ապա որոշ չափով մթնոլորտը կմեղմանար: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայնեց, որ երբ քաղաքական բանավեճի փոխարեն հնչում են միայն վիրավորանքներ, ինչպես եղավ Զարուհի Փոստանջյանի դեպքում, ապա հարցի լուծումը դատարանն է: «Բայց հաշվի առեք մի բան: Ի վերջո, եթե դատական իշխանության միջոցով մենք փորձենք լուծել այդ խնդիրը, դամոկլյան սուրը կկախվի ընդդիմադիրների վրա, որովհետև իշխանական որևէ գործիչ դատարանում պատասխան չի տա: Այ սա է հարցը: Փակ շրջան է, որի լուծումը (ես միշտ եմ դա ասում) անկախ դատական իշխանություն ստեղծելն է: Մեզ մոտ, բոլոր հարցումներով, դատարանների նկատմամբ վստահությունը 2 % է: Գոնե պետք է ունենանք, ասենք, 50 %-ի վստահություն, որ որևէ դատական որոշում` որևէ մեկի նկատմամբ, չընկալվի որպես իշխանությունների պատվեր, ընդդիմության խոսքի ազատության սահմանափակում»,- ասաց իրավապաշտպանը: Պարոնյան. «Հայհոյանքը փաստի սով է» Ավետիք Իշխանյանի խոսքերով` հատկապես 1995 թ. հետո Հայաստանում բանավեճեր չեն եղել, այլ եղել են միայն «երկկողմանի հայհոյանքներ»: Այսպես էր Խորհրդային Միության տարիներին, երբ, օրինակ, որևէ գիտական հարցի վերաբերյալ գիտականների տարակարծությունները վերածվում էին անձնական թշնամանքի, տարբեր խմբերի միջև պայքարի, ընդհուպ մինչև աշխատանքից հեռացնելը և հալածելը: «Քաղաքական այդ հակամշակույթը նաև այնպիսի դրևորումներ է ձեռք բերել, որ մեզ մոտ կառուցողական ընդդիմություն կընկալվի այն ընդդիմությունը, որը հայհոյախառն չի խոսում: Իսկ իսկական ընդդիմություն համարվում է նա, ով ավելի սուր, հայհոյական է խոսում»,- ասաց իրավապաշտպանը: Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի դեպքին` Ավետիք Իշխանյանը նշեց. «Առաջին հերթին այստեղ պատասխանատուն իշխանությունն է, որովհետև նա պետք է ունենա հանդուրժողական վերաբերմունք և պետք է զուսպ մնա որակումներից: Այդ որակումները, որ տալիս են, հասկանու՞մ եք, թե դրա տակ ինչ կա, որովհետև դրանք ահավոր որակումներ են: Կարելի է ամենախիստ ձևով քննադատել: Ես կողմնակից եմ ամենախիստ ձևով, փաստորով քննադատելուն, որովհետև, ինչպես Պարոնյանն է ասում. «Հայհոյանքը փաստի սով է»»: Քննարկման մասնակիցներից ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցավոք, խորհրդարանը այսօր չի դարձել այն վայրը, որտեղ քաղաքական խորքային քննարկումներ ծավալվեն: «Դրա փոխարեն մենք այլ բան ունենք` փողոցային քննարկումներ (փողոցային բառը այստեղ ես օգտագործում եմ պառլամենտից դուրս և ոչ հասարակական կազմակերպված սեկտորի քննարկումների իմաստով): Եվ կարծեք այստեղ հնչեցված ցանկացած խոսք, կարծիք, ցավոք, դառնում է տիրապետող հասարակության մեջ»,- նշեց պատգամավորը: Իսկ ԼՂՀ նախկին արտգործնախարար, «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, «Այբենգիր» հրատարակչատան հիմնադիր-տնօրեն Նաիրա Մելքումյանը ասաց, որ Զարուհի Փոստանջյանի դեմ սկսված արշավը «շատ վատ արտաքին քաղաքական հետևանքներ է ունենալու, որովհետև այդ եվրոպական կառույցները, որոնց հետ մենք համագործակցում ենք, որոնցից ինչ-որ բան սպասում ենք, շատ լավ տեղյակ են լինելու, թե ինչպիսի որակավորումներով վերջացավ նրա ինչ-որ նախաձեռնությունը: Ոչ մեկը չի հետաքրքրվելու, թե ինչու՞ այդպես եղավ: Հետևանքը լինելու է այն, որ «Հայաստանում հնարավոր է քաղաքական գործիչ կնոջ մասին նման արտահայտություն անել», և դա դառնալու է Հայաստանի համար արտաքին քաղաքական խնդիր»: Հրանուշ Խառատյանը նշեց, որ բանավեճերը կարող են սկսվել ընտրությունների ընթացքում: Ազգագրագետը չի հիշում մի ընտրություն, երբ «հակոտնյա քաղաքական ուժերը իրար հետ բանավեճ սկսած լինեն»: «Փոխարենը հիշում եմ իրար անվանարկելու բազմաթիվ դեպքեր: Եվ հասարակությունը կարող է լսել, թե «էս մեկը ինչ կեղտոտ մարդ է», «էն մեկը ինչ սրիկա մարդ է», «էս մեկը ինչ կրիմինալ է» և այլն, որ երևի իրականում իր ներսում ճշմարտություն ունի: Բայց սա չէ քննարկման խնդիրը: Եվ քաղաքական դիկուսիայի երևույթը զարմանալիորեն իսպառ բացակայում է նաև մամուլի մեջ: Մինչև մեր կարևորագույն կամ այդպիսի հայտ ներկայացնող քաղաքական ուժերը իրենք չվերլուծեն իրենց հակոտնյա խմբի հայացքները, կամ իրենց հայացքները վերլուծելով` չներկայացնեն, մենք չենք ունենալու այսպիսի մշակույթ»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Այս առթիվ «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթաց» ինստիտուտի տնօրեն Աղավնի Կարախանյանը նշեց, որ քաղաքական մշակույթը առաջին հերթին ձևավորում են շարքային մարդիկ` իրենց վարքագծով: «Այդ համակարգի մասնիկները մենք ենք: Իսկ ինչպիսի՞ն է մեր վարքագիծը` իբրև անձի, իբրև քաղաքական գործչի, իբրև հասարակական կազմակերպության ներկայացուցչի, այս իրավիճակում: Կարծում եմ, որ այստեղ մեղքը ավելի շատ ոչ թե պետությանն է, ոչ թե կազմակերպությանն է, այլ մերն է: Յուրաքանչյուրինս: Այդ բառերը հնչեցնելիս մենք մտածե՞լ ենք, թե կարո՞ղ ենք պատասխան տալ, թե ինչու մենք այդ ասացիք: Ես չեմ տեսնում մեր հասարակության մեջ, որ ցանկացած անձ իր հնչեցրած բառի համար պատասխանատվություն կրի»,- ասաց Աղավնի Կարախանյանը: Զանգվածային լրատվամիջոցներ Արծվիկ Մինասյանը նշեց, որ երբ քաղաքապետի վերջին ընտրությունների շրջանում ինքը հրապարակային բանավեճի էր հրավիրում մրցակիցներին, հկ-նեը ոչ միայն չմիացան իրեն` պահաջով, որ բոլորը նստեն քննարկումներ սեղանի շուրջ, այլև սկսեցին հայտարարել այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու մասին: Սա, պատգամավորի համոզմամբ, «քաղաքական հակամշակույթ է: Հասարակական կառույցը, որն ի սկզբանե, քաղաքական գործունեությամբ չպետք է զբաղվի, մտնում է քաղաքական ոլորտի մեջ»: Ըստ Արծվիկ Մինասյանի` առնվազն հեռուստաընկերությունները պետք է պարտավորված լինեն հրավիրել բանավեճեր, քաննարկումներ, ինչ շատ կարևոր է հատկապես նախընտրական և հետընտրական շրջանում: Այլ բան է, որ թեկնածուները կմերժեն բանավեճի հրավերը: «Հեռուստաընկերությունների առջև գուցե պետք է օրենսդրորեն պարտավորություն սահմանվի, որ նրանք այսպիսի սխեմաներ առաջարկեն: Այսօր մեր լրատվական դաշտը անպատասխանատու վերաբերմունք է ցույց տալիս հասարակական-քաղաքական կյանքի հանդեպ»,-ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ մամուլը ևս պետք է պատասխանատու լինի և հասկանա, որ «ոչ թե անձի որակը կամ սեռային պատկանելությունն է այստեղ գլխավորը դառնում, այլ այն հիմնական գաղափարը, թեման, որը նետվում է դաշտ` քննարկման համար»: Նաիրա Մելքումյանը նշեց, որ «հանդուրժողականությունը առաջին հերթին երկխոսություն է, որն այսօր բացակայում է»: «Մամուլը արտապատկերն է այն քաղաքական դաշտի, որը մենք ունենք այսօր: Մամուլում չէ, որ ման են գալիս թիկնազորով, իրար ծեծում են, քաղաքական մշակույթի վատ օրինակներ են տալիս: Մամուլը ընդամենը արտացելում է այդ բոլորը»,- քննարկման ժամանակ նշեց «Ազգ» օրաթերթի թղթակիցը: Նա հարց ուղղեց քննարկման բանախոսներին, թե ի վերջո, «արդյոք կարելի՞ էր դիմել թուրք և ադրբեջանցի պատգամավորներին», որոնք ներգրավված են հակահայ քարոզչության մեջ: Նաիրա Մելքումյան. «Հիշեք Քուչակին» Ի պատասխան` Նաիրա Մելքումյանն ասաց, որ եթե չլինեին Զարուհի Փոստանջյանի դեմ իրականացված արշավի հետևանքները, ապա ինքը կբանավիճեր պատգամավորի արած քայլի շուրջ: «Բայց այն, ինչ կատարվեց, որևէ քաղաքակիրթ երկրի համար, մանավանդ մեզ` հայերիս համար, որոնք միշտ պաշտել են կնոջը, ընդունելի չէ: Հիշեք Քուչակին և այլն: Ինչպե՞ս մենք կարող ենք թույլ տալ նման բառապաշարով խոսել կնոջ և մեկի մասին, որը երեք որդի ունի: Դա անթույլատրելի է»,- ասաց Նաիրա Մելքումյանը: Արծվիկ Միասյանն էլ նշեց, որ ինքը չէր դիմի ադրբեջանցի և թուրք պատգամավորիների, բայց սա չի նշանակում, որ այն, ինչ ձեռնարվում է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, արդարացի է: «Եթե մենք ունենք պատվիրակություն, որը ներկայացնում է Հայաստանը, և որը ղեկավարում է իշխող կուսակցության ներկայացուցիչը, կարծում եմ` առաջին ու հիմնական պատասխանատուն նա ինքը պիտի լիներ, պատասխանատու, որը պետք է կարողանար, առաջին հերթին, այդ տարաձայնությունները հարթել, և եթե չհաջողվեր, նոր հետագա գործողությունները աներ, այլ ոչ թե մի անգամից ուղղակի դատափետեր մի արարք, որի բովանդակության հետ կապված` պատվիրակության շատ անդամներ, իրենց խոսքերով, «խնդիր չունեն»: Ես ինքս ունեմ նաև բովանդակության հետ կապված խնդիր: Բայց եթե իրենք չունեին նման խնդիր, այդ դեպքում զարմանալի հարց է առաջանում. «Ինչու՞ չէիք ստորագրում: Ապահովեիք 5 ստորագրությունը, որ մարդը չգնար թուրքի կամ ադրբեջանցու մոտ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նշեց, որ Զարուհի Փոստանջյանը որևէ օրենք չի խախտել: «Ինքը իր իրավունքի շրջանակում է մնացել: Այլ խնդիր է, թե մեր ներսում ինչ բարոյական ցենզոր է դրված: Եթե մենք ունենք այդ զգայուն ցուցիչը, ապա հենց հիմա կարելի է խնդիր առաջադրել. ինչպե՞ս որոշեց մեր ներքին ցենզորը գնահատել մարտի 1-ի օրը և դրան հաջորդած իրադարձությունները: Իսկ իրավունքի իմաստով` Սահմանադրությունը երաշխավորում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու` արժանապատիվ ապրելու իրավունքը: Այս մի տողը բավական է, որ այս դեպքի առիթով Հայաստանի իրավապահ մարմինները ոչ թե երկրի պարզ քաղաքացու, այլ ազգի կողմից ընտրված պատգամավորի արժանապատիվ ապրելու իրավունքի շատ լուրջ խախտում տեսնեն»,- ասաց նա: Հանդուրժողականություն և հնազանդություն Հրանուշ Խառատյանի համոզմամբ` Հայաստանում հանդուրժողականություն բառը ունի հնազանդություն իմաստը: «Իշխանությունը իրականում իր հպատակներն ունի և հպատակությունից հնազանդություն է սպասում, որի անունը դնում ենք հանդուրժողականություն: Իսկ հանդուրժողականություն բառը գլոբալ իմաստով մեծ փիլիսոփայություն ունեց, որը նախ և առաջ, նշանակում է, որ ավելի լայնախոհ և ավելի մեծ հնարավորություն ունեցող մեկը պետք է հանդուրժողաբար քննարկի խնդիրը, և եթե ինքը սխալվում է, պետք է փորձի ընդունել իր սխալը և վերակառուցել իր մոտեցումը: Այս երևույթը գործնականում իսպառ բացակայում է մեր հասարակությունում»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Նաիրա Մելքումյանն էլ կարծում է, որ Հայաստանում մեծ թվով ակտիվ կանայք չեն մտնում քաղաքականություն, «որովհետև վախենում են այդ անհանդուրժողականությունից»: Աղջիկը չպետք է միայն տիկնիկով խաղա Միաժամանակ Նաիրա Մելքումյանը նշեց, որ «այսօր մեր պառլամենտում ավելի շատ նոր կին քաղաքական դեմքեր են հայտնի, քան տղամարդիկ»: Ըստ նրա` կանանց ներկայությունը քաղաքական կյանքում պետք է օրենսդրորեն քվոտավորվի: «Եթե արդեն այդ թիվը տոկոս կազմի, կանայք ներգրավված կլինեն նաև քաղաքականության մեջ: Կանանց ներկայությունը քաղաքականության մեջ թույլ չի տա նման խայտառակ դրսևորումներ»,- ասաց Նաիրա Մելքումյանը` ակնարկելով Զարուհի Փոստանջյանի միջադեպին: Քննարկման մեկ այլ մասնակից` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, նշեց, որ քաղաքականության մեջ կանանց իրացվածության ցուցանիշով Հայաստանը աշխարհի մոտ 125 խորհրդարանական երկրի մեջ ընդամենը 106-րդ տեղն է զբաղեցնում` աֆրիկյան զարգացող երկրների կողքին: Նրա համոզմամբ` Զարուհի Փոստանջյանի նկատմամբ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ «խնդիրները և պատճառները շատ ավելի խորքային են: Ցավոք սրտի, քաղաքական մշակույթի այն որակը, որ մենք ունենք, առողջ բանավեճը կարծես թե բացառում է, և հայտնվում ենք ծայրահեղությունների մի միջավայրում»: Արծվիկ Միասյանը խոսքերով` իրենք մշակել են օրենքի նախագիծ` կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների ապահովման պետական երաշխիքների մասին: Իսկ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` պետական կառավարման մեջ կանանց դերը չպետք է քվետայով կամ օրենսդրական կարգով սահմանվի: «Երբ Հրանուշ Խառատյանը տարբեր ամբիոններից իր համարձակ և կայուն կարծիքը հայտնում է, նա չի սպասում` ով թույլ կտա, ով թույլ չի տա: Կամ երբ Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում էր: Կանայք իրենք արդեն ունեն իրենց դերը: Մնում է` նույն ոճով շարունակեն: Սեռը չի որոշում: Որոշում են կոմպետենցիան, համարձակությունը, արժանապատվությունը և մնացած բոլոր հատկանիշները»,- ասաց Արմեն Պողոսյանը: Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ կա նաև կանանց` քաղաքականության մեջ ներգրավվելու «բացասական դեպք` երբ մեկ գիշերվա մեր կանանց կուսակցությունը մտավ խորհրդարան: Արդյունքում ձևավորեցինք «Շամիրամ» կոչված երևույթ, որը առ այսօր էլ իր վատ հետևանքները թողնում է, որովհետև ներքևից չծնվեց քաղաքական պահանջ, այլ վերևից թելադրվեց»: Նրա համոզմամբ` հասարակության մեջ կան կարծրատիպեր, որոնք սահմանափակում են կանանց դերակատարումը` սկսած մանկապարտեզից: Օրինակ` երբ աղջիկը խաղալիք ավտոմեքենա է վերցնում, դաստիարակները նրան անմիջապես հիշեցնում են, որ աղջիկ է և պետք է տիկնիկով խաղա: Հետագայում կարող է անհնար լինել նման կարծրատիպը հաղթահարելը: «Տղան անպայման պետք է ձեռքում ավտոմատ ունենա, ինչը շատ լավ է: Իհարկե, պետք է ունենա: Ես կարծում եմ` աղջիկն էլ պետք է ունենա ավտոմատ ձեռքին, որովհետև վերջին հաշվով երկուսն էլ հավասարաչափ պետք է պաշտպանեն երկիրը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի` պետք է կոտրել հենց վերոնշյալ կարծրատիպերը և ոչ թե «Շանգրի լա» խաղատան առաջարկած կարծրատիպերը: «Եթե մարդը «Շանգրի լա» չի այցելում` կազինո չի գնում, և դա կարծրատիպ է դիտվում, և «պետք է փշրել այդ կարծրատիպը, որպեսզի հասարակությանը խրախուսել կազինո գնալ», ուրեմն ես դեմ եմ այդպիսի քարոզչությանը: Սա՞ է մեր քարոզչությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter