Գործարար ընտանիքը պատրաստվում է լքել երկիրը
Արդեն մի քանի օր է` խոշոր հարկատուների ցուցակում հայտնված Գյումրիի «Սուպերմարկետ» ՍՊԸ-ին պատկանող շինանյութերի խանութների ցանցն ու ցինկապատ թիթեղի արտադրամասը հանվել են վաճառքի: Եվ քանի որ սրանով գործազրկության մեծ թիվ ունեցող Գյումրիում զգալի թվով աշխատատեղեր են փակվում, գյումրեցիների խոսակցության միակ թեման այն է, թե ո՞վ խփեց բարեխիղճ հարկատուի բիզնեսին:

ՍՊԸ-ի տնօրեն Մկրտիչ Հովհաննիսյանի ներկայացմամբ` խանութները վաճառքի հանելու պատճառները հարկայինի վերջերս «նկարած» այն ակտն է, համաձայն որի` իրենք տուգանվել են մոտ 43 մլն 860 հազար դրանով:
«Մեր ամբողջ կարողությունը վաճառում ենք, այլևս չենք ուզում ապրել այս երկրում: Պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ, ուզում ենք շնորհակալություն հայտնել և երկրի նախագահին, և կառավարությանը, և հարկայինի պետ պրն Մաշադյանին, որ մեզ հետ այսպես վարվեցին: Վաճառում ենք, որպեսզի հետդարձ ճանապարհ չունենանք:
10 տարի է` շինությունների բիզնեսով ենք զբաղվում, և այս գործազուրկ քաղաքում մեծ չարչարանքներով, մեր արդար քրտինքով աշխատատեղ ստեղծելուց ու մարդկություն անելուց բացի, վատ բան արած չկանք: Միշտ եղել ենք բարեխիղճ հարկատու` գնացեք և հարցրեք հարկայինի նախկին պետ Լիդա Նանյանին, «տանիք» չենք ունեցել...»
ՍՊԸ-ի մատակարար Խաչիկ Հովհաննիսյանի ասելով` «ըստ հարկայինի` մենք իբրև թե 80 մլն դրամի շրջանառություն ենք թաքցրել, սակայն մենք ամեն ամիս գերավճարներով ենք աշխատել...
Մենք հաշվետվությունները ներկայացրել ենք, այնտեղ նշված է, որ 87 մլն դրամի գործարքը կատարել ենք բանկային փոխանցումներով, թաքցնելն անհնար է: Պարզապես այս պետությանն աշխատող մարդիկ պետք չեն:
Բանկին 150 հազար վարկ ունենք պարտք, եթե 43 մլն գումար ունենայինք, վարկը կմարեինք...
Եթե պետությանը պետք է, որ ժողովուրդը սովի մատնվի, խնդիր չկա. մենք մեր հացը դրսում էլ կգտնենք, կոպիտ ասած` էշը լինի, վրան փալան դնող կգտնվի:
Փուչիկներ
Երեկ Երևանում մեկնարկած «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը ՀՀ-ի վրա» թեմայով գիտաժողովում ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը և չի բացառել, որ այս տարի մեր տնտեսությունը արձանագրի 20 տարի անկում:
«Մենք պետք է աչքի տակ ունենանք զարգացումների առնվազն երեք սցենար` այսօրվանից սկսած` 9.5, 16 և 20 տոկոսանոց անկում»,- ասել է նա:
Նշենք, որ մինչ օրս պաշտոնական ամենավատ սցենարը եղել է 5.8 տոկոս անկումը: Այսպիսով, իշխանությունը պաշտոնապես ավելի է վատթարացնում սպասումները, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ նախկինում գծված սցենարներն այլևս չեն գործում: Իսկ նոր սցենար, համենայն դեպս, հրապարակված, գոյություն չունի:
Եվ ընդհանրապես, Հայաստանի վարչապետի երեկվա ելույթը, որով նա, ըստ էության, անցած տարիների տնտեսական աճը պայմանավորել է հիմնականում արտաքին գործոններով և ըստ էության` անվանել «փուչիկ», թերևս` սպասվող տխուր ցուցանիշների պատասխանատվությունից խուսափելու փորձ է:
Կալանավայրում վարակվել է ՍՊԻԴ-ով
26-ամյա Գագիկ Վասիլյանը, որ 10 տարի է` կալանավայրում է, երկրորդ անգամ դատապարտվել է 9 տարի ազատազրկման, «Դաատապարտյալների հիվանդանոցում» ՍՊԻԴ-ով է վարակվել: Նա դրանում մեղադրում է բժիշկներին, որոնց անփութության պատճառով է հիվանդ կալանավորից անբուժելի հիվնադություն ստացել:
« ...Ես նարկոման չեմ, դա բոլորը գիտեն: 10 տարվա կալանավոր եմ, եթե օգտվել եմ կալանավայրում սեռական ծառայություններ մատուցող դատապարտյալներից, թող բերեն մեկին, որ սպիդով հիվանդ է, ես էլ համոզվեմ, որ նրանից եմ վարակվել: Բացի կնոջիցս, ուրիշ կնոջ հետ չեմ եղել»,-պատմել է Գագիկը:
Նրա կինը ստուգվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, վարակված չէ: Գագիկի մայրը հիվանդ է քաղցկեղով: «Պիտի պատասխան տան, իմ կյանքը նվեր չեմ տալու ոչ ոքի»,-ասում է հիվանդը:
Բժիշկներին հայտնի չէ վարակի աղբյուրը. ինչ ասես կարող է եղած լինել` դատապարտյալը մի քանի կալանավայրում է եղել, ինքնավտանգման հակում ունի: Ի վերջո հիվանդությունը 5-7 տարի գաղտնի շրջան ունի, ինչու՞ մեղքը վերցնեն իրենց վրա: Գագիկի հիվանդության պատճառը պարզելու համար ՔԿՀ վարչությունը ծառայողական քննություն է նշանակել, որն արդեն 3 ամիս է` չեն ամփոփում, համենայդեպս, նրան ոչինչ չեն հայտնել:
«Ծառայողական քննության արդյունքներն ամփոփել են, և դատապարտյալը ստրագրել է, որ ծանոթացել է դրանց»,-ասաց ՔԿՀ մամուլի պատասխանատուն:
Գագիկն ասում է, թե նման բան չկա. մոտ երկու ամիս առաջ մի թուղթ են բերել ստորագրելու, որ լրատվամիջոցներին չի դիմի, մինչև քննությունն ավարտվի: Ինքն էլ ստորագրել ու հիմա սպասում է ՔԿՀ վարչության պետի պատասխանին:
«Իրենք ներկայացնում են, թե ես ուզում եմ ազատվել: 10 տարի էլ կնստեմ, մենակ թող ինձ բուժեն: Թող գտնեն պատճառը ու մեղավորներին պատժեն: Գիտեմ, որ կալանքի ընթացքում եմ վարակվել: Ես ոչ մեկից չեմ վախենում, սրանից էլ կողմ ի՞նչ պիտի անեն»,-հարցում է Գագիկը:
Հարաբերությունները լարված են
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում «լեզու գտնել» իրար հետ և ընդհանուր գործ անել:
«ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ բանն այնտեղ է հասել, որ Սեյրան Օհանյանը սկսել է խուսափել ուղղակի հրահանգներ կամ հանձնարարականներ տալ Յուրի Խաչատուրովին: Նա աշխատում է նվազագույնի հասցնել իր շփումները հայոց բանակի ամենաբարձրաստիճան զինվորական Յուրի Խաչատուրովի հետ: Թե ինչն է երկու զինվորականների հակամարտության կոնկրետ պատճառը, ստույգ որևէ մեկը ասել չի կարող: Բայց խնդիրն այն է, որ նրանք մարդկային տեսակով տարբեր են: Յուրի Խաչատուրովը գերադասում է զվարճանքը, խրախճանքներն ու խաղատները, իսկ Օհանյանը, նրա համեմատությամբ, ավելի հանգիստ կենցաղը նախընտրող մարդ է: Իսկ թե ինչով կավարտվի երկու զինվորականների առճակատումը, առայժմ դժվար է կռահել: Միայն նշենք, որ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ հավանական է` Խաչատուրովը հրաժեշտ տա իր պաշտոնին:
Պատճառն այն է, որ Սեյրան Օհանյանից ավելի լավ կադր` որպես պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանի շրջապատում ու վստահելիների թիմում ուղղակի չկա: Դրա համար էլ նա կգերադասի Խաչատուրովին տեղափոխել զինվորական գծով այլ պաշտոնի` գուցե բանակից դուրս, իսկ Օհանյանին պահել նույն` նախարարի պաշտոնում:
Տխուր, բայց գեղեցիկ տեսարան
Գոյություն ունի պատերազմական ռազմավարության մի անխախտ օրենք, ավելի լավ է գործել վատ ծրագրով, քան ընդհանրապես առանց ծրագրի: Այս կանոնն արդարադված է գործունեության ամեն մի ոլորտում:
Հավանաբար դրա համար էլ Հայ ազգային կոնգրեսը ստեղծեց այլընտրանքային կառավարությանը համարժեք կառույց, որն ունի տարբեր ոլորտներին առնչվող հանձնաժողովներ: Դրանց մեջ ընդգրկված ակտիվիստները ներկայումս աշխատում են կազմել օրինագծեր «Հա, բա ի՞նչ պիտի անենք, կամ մինչև արտահերթ ընտրությունները Ազգային ժողովին, կամ` հետո: Միշտ պետք կգա դա: Այն ժամանակ, երբ որ մենք վերցնենք մեծամասնությունն Ազգային ժողովում, ժամանակ չենք կորցնի նախագծեր մշակելու վրա»,- հայտարարել է այս կապակցությամբ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Փոքր-ինչ խրթին է ասված, բայց, թերևս, վերջին մտքից` այն մասին, թե խորհրդարանում մեծամասնությունը վերցնելով, նեոբոլշևիկները մտադիր չեն ժամանակ վատնել օրինագծեր մշակելու վրա: Սա աննախադեպ հայտարարություն է համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ, քանզի մինչ օրս համարվում էր, որ օրենսդիր մարմնի հիմնական առաքելությունը հենց օրենքներ կազմելն ու ընդունելն է:
Դեմետրիս Խրիստոֆիաս. «Թուրքիայի համար պետք է հստակ լինի, որ ...»
Կիպրոսի նախագահը կողմ է Մելգոնյան վարժարանի գոյության շարունակմանը և հույս ունի այդ հարցը լուծել հօգուտ հայության
Երկօրյա պետական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը երեկ իր ժամանակավոր կացարանում` «Գոլդեն Փելես» հյուրանոցում բացառիկ հարցազրույց է շնորհել «Ազգ» օրաթերթին:
- ...Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որ սեփականատերն է Մելգոնյան վարժարանի տարածքի, փակել է դպրոցն ու ցանկանում է վաճառել տարածքը: Մյուս կողմից` հայության մեծամասնությունը ցանկանում է վերաբացված տեսնել վարժարանը: Փաստորեն, կողմերից մեկը չի կարողանում վաճառել, մյուսը` վերաբացել: Ո՞րն է Կիպրոսի կառավարության դիրքորոշումը:
- ...Կիպրոսի հայերի համար, եթե կուզեք, դա արժանապատվության հարց է: Եվ մենք հասկանում ենք մեր հայրենակից կիպրացի հայերի զգացմունքները, քանի որ մենք շատ մտերիմ ենք Կիպրոսի հայերի հետ:
Մենք կողմ ենք Մելգոնյան վարժարանի գոյության շարունակմանը: Սա է մեր դիրքորոշումը: Սա է մեր զգացածը: Մյուս կողմից` մենք սեփականատերը չենք: Սեփականատերը Միացյալ Նահանգներում է, և մենք չենք կարող նրանց ստիպել կամ մենք չենք կարող բռնագրավել իրենց սեփականությունը: Մենք չենք կարող հայերի միջև բախումների վիճակում հայտնվել:
Սեփականատեր ընկերության ներկայացուցիչները Միացյալ Նահանգներից եկել էին, ես ընդունել եմ նրանց, լսել, բայց միայն լսել: Ես ոչինչ չեմ խոստացել, քանի որ մենք ինչ որոշում էլ կայացնենք, պետք է մեծապես համապատասխանի հայ հասարակության ցանկությանը, որ միասնական են, միակարծիք:
Կիպրոսի հայերը միասնական են, ինչպես և Կիպրոսի հույները...
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել