HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նրանք ութ տարի ապրում էին գետնախորշում

 Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները Աշտարակ քաղաքի բնակչուհի Աիդա Պապոյանի եւ քաղաքի թիվ 1 հատուկ գիշերօթիկ դպրոցի մանկավարժների ահազանգի հիման վրա բացահայտել են գետնափորում ապրող Հակոբ Հարությունյանի եւ նրա կացարանում ապաստանած երկու կանանց` իրենց անչափահաս 2 երեխաներով: Կանայք եւ երեխաները  Հակոբ Հարությունյանի հետ որեւէ ազգակցական կապ չեն ունեցել:

Armine_8.07.09 Կանանցից մեկի անունը Արմինե է, իսկ մյուսինը` Անժելա: Մարզպետարանի աշխատակիցներն այցելել են նշված գետնափորը: Տեսարանը, որին ականատես եղանք, դժավար է նկարագրել: 2 քմ գետնափոր տարածքում բնակվում են 3 չափահասներ եւ 2 երեխաներ, որոնցից մեկը` 1.4, մյուսը` 5 տարեկան: Այստեղ գտնվողներից եւ ոչ մեկը չունի անձը հաստատող փաստաթուղթ:  Դժվար է պատկերացնել, որ տարիների ընթացքում այս ընտանիքի մասին չգիտեին ոչ Աշտարակի քաղաքապետը, ոչ ոստիկանները ոչ էլ Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Հիմա, երբ հայտնաբերվել են այդ մարդիկ, բոլոր կառույցներից արդարանում են, թե այդ մասին չգիտեին` հակառակ դեպքում կօգնեին նրանց: Սակայն մարզպետարանի աշխատակիցների փոխանցմամբ, նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ծանոթ է եղել Հակոբի ու նրա մոր սոցիալական պայմաններին, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկել: Hakob_8.07.09Հակոբ Հարությունյանը միանգամից չի հայտնվել գետնախորշում: Ունեցել է երկհարկանի առանձնատուն, այն վաճառել ու մոր հետ տեղափոխվել է ավելի փոքր տուն, սակայն հետագայում դա էլ է վաճառել ու իրենց սեփական հողամասի մի անկյունում հողը փորել են, մի քանի քար շարել ու արդեն 8 տարի ապրում են այդտեղ: Արցախի փողոցի 51 հասցեն, որտեղ գտնվել է գետնախորշ կացարանը, Աշտարակի վարչական տարածքում է եւ միամիտ կլինեն այն մարդիկ, եթե հավատան, որ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի չի իմացել, որ իր համայնքում  հինգ մարդ ապրում է գետնախորշում: Հակոբն ունի բարձրագույն կրթություն, մոր հետ մանկավարժ է աշխատել Աշտարակի դպրոցներից մեկում: Անկարող լինելով հաղթահարել կյանքի փորձությունները, այսօր նա հայտնվել է ծայրաստիճան անօգնական վիճակում: Այս տարի գարնանը գետնափորում մահացել է Հակոբի մայրը: soc

Հարեւանները «Հետքին» պատմեցին, որ Հակոբի մայրը` Խանում Հարությունյանը, 3  օր մահացած է եղել ու այդ մասին, բացի որդուց, ոչ ոք չի իմացել: Իրենք գլխի են ընկել այն ժամանակ, երբ տարածքում տհաճ հոտ է տարածվել: Կասկածելի հոտի հետքերը հարեւաններին տարել է գետնափոր  ու պարզվել իրականությունը: soc2 Երբ նրանք հարցրել են Հակոբին, թե ինչու ոչ մեկին տեղյակ չի պահել մոր մահվան մասին, Հակոբը պատասխանել է, որ մորը թաղելու հնարավորություն չի ունեցել այդ իսկ պատճառով ձայն չի հանել: Հարեւանները գտել են Հակոբի մոր ազգականներին, որոնք ապրում են Ուջան գյուղում, նրանց տեղյակ են պահել ազգակցուհու մահվան մասին եւ նրա թաղումը կազմակերպել Ուջան գյուղում: Քանի որ Հակոբը ոչ մի փաստաթուղթ չունի, նա զրկված է եղել պետական բոլոր աջակցություններից, մինչ հիմա նույնիսկ չի ստացել 80-ամյա մոր թաղման միանվագ գումարը: Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սարգիս Սահակյանը վերջերս է իմացել այդ ընտանիքի մասին եւ անմիջապես նրանց տեղավորել է հանրակացարանում ժամանակավոր հատկացված սենյակներից մեկում: «Այս դեպքը ամոթալի է համայնքի եւ հասարակության համար: Մարդն ինչպե՞ս կարող է  8 տարի ապրել այդ պայմաններում ու այդ մասին պատկան մարմինները չիմանան»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանը: Անմիջապես մի քանի կազմակերպություններ գույք են հատկացրել, հագուստներ նվիրել Հակոբին ու իր հետ ապրող կանանց: Իսկ մարզպետի հատկացրած գումարով ձեռք են բերել առաջին անհրաժեշտության իրեր: Աշտարակում գործող ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանի պատասխանատու աշխատակցի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 5 անձի համար ամենօրյա սնունդ հատկացվի: Այժմ կարգավորվում է փաստաթղթերի ձեռքբերման հարցը: Մարզպետը  հավաստիացրեց, որ կվճարի այս ընտանիքի էլեկտրաէներգիայի գումարը եւս, մինչեւ Հակոբին տեղավորի աշխատանքի: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզը չունի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող  երեխաների խնամքի գիշերօթիկ կամ ցերեկային խնամքի կենտրոններ, մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ահազանգի  հիման վրա Հակոբի հետ ապրող Անժելայի դստերը` 2004 թվականին ծնված Արմինե Կարապետյանին, տեղափոխել են Երեւանի «Երեխաների աջակցության կենտրոն»: Այնտեղ նա ստանում է սոցիալ-հոգեբանական, բժշկական աջակցություն, որից հետո երեխային հնարավոր կլինի տեղավորել համապատասխան ուսումնական հաստատություններից մեկում: Անժելան Հակոբի հետ արդեն տեղափոխվել է մարզպետի տրամադրած հանրակացարանի սենյակը, իսկ Արմինեին իր 1.4 տարեկան երեխայի հետ գտանք գետնափորում` կողպված վիճակում: Երբ մոտեցանք կացարանին երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը բղավեց. «Արմինե ես եմ` չվախենաս»: Պարզվում է, այս ընտանիքին նեղություն են տվել մի քանի հարբեցողներ եւ կանայք վախեցած են: Հակոբն էր դուռը կողպել Արմինեի ու երեխայի վրա, այդպես նրանց պաշտպանելով հարբեցողներից: Արմինեի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ չէր խոսում: Տիկին Դանիելյանի ու Արմինեի մի քանր րոպեանոց զրույցից պարզվեց, որ Արմինեն վախենում է գետնափոր տնից դուրս գալ: Դրան նպաստել է նաեւ հարեւանների այն խոսքերը, թե տարածքից դուրս գալով հողը կխլեն ձեռքներից: Արմինեն այդպես էլ հանրակացարան չեկավ: Սենյակում հանգիստ տեղավորված Անժելայից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է հայտնվել այդ գետնափոր տնակում: «Իմ մաման գիտի, որ Հակոբանց հետ եմ ապրում: Ես Կիրովականից եմ, ստեղից չեմ: Ես էլ անձնագիր չունեմ ու ոչ մի թուղթ չունեմ: Երեւանից եմ Հակոբին գտել ու Գումի բազառում եմ հետը ծանոթացել: Ես գնացել էի մեր տուն, մերս ուղարկեց հետ, ասեց գնա Հակոբի հետ ապրի, մենակ տղա ա, ոչ մի բան չունի: Ես էլ իրա հետ մնացել եմ ստեղ ու մինչեւ վերջ իրա հետ եմ մնալու»,-ասաց  27-ամյա Անժելան: Հակոբի հետ զրուցել չհաջողվեց, նա վախենում էր ձայնագրիչից: Երկարատեւ համոզելուց հետո նա խոսեց մեզ հետ, սակայն չցանկացավ որեւէ բան պատմել իր մասին: Anjela-marzpet_8.07.09

Երեկ Արագածոտնի մարզպետն անձամբ էր եկել հանրակացարան` համոզվելու համար, որ Հակոբն ու իր հետ ապրող կանայք լավ են զգում: Նա խոստացավ հեռուստացույց նվիրել հանրակացարանի նոր բնակիչներին: Հակոբն էլ իր հերթին խոստացավ հանրակացարան բերել Արմինեին ու նրա երեխային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter