HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Գրիգորյան. «Գիտելիքային տնտեսության արդյունքում ակնկալում ենք մրցակցության ուժեղացում»

Այսօր «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովի վերջին օրն էր: Գիտաժողովի վերջին` չորրորդ նիստն ուղղված էր Հայաստանի հակաճգնաժամային քաղաքականությանը: Բանախոսներից էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը ներկայացրեց, թե ինչպիսին են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը: Նա նշեց, որ 1990-ականների սկզբի տնտեսական խորը անկումից հետո Հայաստանի տնտեսությունը սկսեց անընդհատ աճել, և 2001 թ.-ից ի վեր երկնիշ տեմպերով աճ կար: Դրա արդյունքում երկիրն ունեցավ տնտեսական խոշոր և փոքր ճյուղեր: Խոշորներից մեկը շինարարությունն էր, որն ապահովում է ՀՆԱ-ի 27 տոկոսը: Այդպիսին էր իրավիճակը նախքան տնտեսական ճգնաժամը: «Հայաստանի տնտեսությունը բավական խոցելի է և էապես կախված է որոշակի արտաքին գործոններից. դրանք են` սփյուռքը, ԱՊՀ անշարժ գույքի շուկաները, շինարարության նկատմամբ արտաքին հետաքրքրությունները և այլն: Եվ ճգնաժամն, ըստ էության, առաջ բերեց և պարզորոշեց այս բոլոր խնդիրները: Ճգնաժամի արդյունքում մենք 2008-ից արդեն տնտեսական անկում ունեցանք»,- ասաց նա: Անդրադառնալով հակաճգնաժամային քաղաքականությանը` Մ. Թումասյանը նշեց, որ նախարարության հիմնական նպատակն է կասեցնել անկումն ու հիմքեր ստեղծել արդյունավետ զարգացման համար, մասնավորապես` ապահովել զբաղվածությունը, աղքատության ու սոցիալական ռիսկերը կարգավորել, և ամենակարևորը` հետճգնաժամային փուլում արդյունավետ աճ ապահովել: «Հակաճգնաժամային քաղաքականության փաթեթն առանձին խմբերի կարելի է դասել, որոնց մեջ մտնում են` տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցությունը, գործարարության և առանձին ոլորտների աջակցությունը, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, սոցիալական ռիսկերի կառավարումը և հետճգնաժամային փուլում աճը և զարգացումը»,- ասաց նա: Համաշխարհային բանկի տնտեսագետ Կարեն Գրիգորյանն էլ անդրադարձավ մրցունակության բարձրացմանն ուղղված քաղաքականությանն ու ռազմավարությանը: «Գլոբալ տնտեսական ճգնաժամի վիրուսը հասավ նաև Հայաստան, չնայած նրան, որ կառավարությունը հայտարարեց կարանտին` իմունային համակարգն ապահովելու համար բոլոր միջոցները փորձեցին կիրառել: Ցավոք, դա չեղավ: Մինչև հիմա մշակվել են մի շարք քաղաքական ուղղություններ, և Համաշխարհային բանկն էլ, որպես կառավարության գործընկեր, նույնպես մշակել է օգնության ռազմավարություն»,- ասաց նա: Տնտեսագետի կարծիքով` շատ կարևոր է մրցունակության զարգացումը, որն էլ իր մեջ երկու ուղղություն է պարունակում. առաջինը` մրցակցության և կառավարման համակարգի ուժեղացումն է, և երկրորդը` գիտելիքահեն տնտեսության, ինչպես նաև` կարգավորման և ենթակառուցվածքների ձևավորումը: «Ծրագրի իրականացման արդյունքում հետևյալ արդյունքներն ենք ակնկալում` նախ կառավարման համակարգի ուժեղացումը, որի  արդյունքում կունենանք պետական հատվածի ավելի արդյունավետ աշխատանք, և երկրորդը` գիտելիքային տնտեսության հիմնադրումը Հայաստանում, որի արդյունքում էլ ակնկալում ենք մրցակցության ուժեղացում: Իսկ դա առաջին հերթին շահերի բախման վերացումն է: Միևնույն ժամանակ, կարևոր է հակամենաշնորհային հանձնաժողովի աշխատանքը: Կառավարության խնդրանքով վերջերս ավարտեցինք մի ուսումնասիրություն` բացահայտելու, թե որոնք են օրենսդրական բացերը, և որոնք են այն խնդիրները, որ կան հենց հանձնաժողովի ներսում»,- ասաց նա` հավելելով, որ կատարվել են տարբեր ուսումնասիրություններ Համաշխարհային բանկի կողմից և մշակվել են մի շարք բարեփոխումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն տարբեր ոլորտների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter