HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու ավագանին բոլոր որոշումներն ընդունում է միաձայն

«Ձեզ ասեմ, որ բոլոր հրապարակումներում եղած ահազանգերը ես պահում եմ իմ հսկողության տակ, իսկ Ալավերդու գերեզմանոցի հետ կապված հրապարակումից հետո ես անձամբ եղել եմ գերեզմանոցում` տեղում տեսնելու իրավիճակը: Գերեզմանոցի գործը փակված չի»:

Կարեն Շահբազյան, Լոռու մարզի դատախազ

08_07-alaverdiԱլավերդու գերեզմանոցի վիճակը տեղում տեսնելուց հետո Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2008 թ.-ին` ահազանգի հրապարակման օրերին, մարզի իրավապահ մարմինների ղեկավարների ընդլայնված խորհրդակցությունում, որին ներկա է եղել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, անձամբ հայտարարել է Ալավերդու գերեզմանոցի բարեկարգման համար պետբյուջեից 42 մլն դրամի հատկացման անարդյունավետ ծախսումների մասին: Սակայն, արդեն ոչ մեկ անգամ, համոզվում ենք, որ կոռուպցիոն ռիսկերի մասին մամուլի հրապարակումները մարզի դատախազի ուշադրության կենտրոնում մնում են մինչև դրանց հասարակական հնչեղության մարումը: Ալավերդի քաղաքում նոր գերեզմանատեղիի բարեկարգման համար 2007 թ.-ին պետբյուջեից համայնքի բյուջեին տրամադրված 42 մլն դրամն իրացնելուց հետո Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ունեցել է նաև Ալավերդի համայնքի մահվան արարողակարգային բիզնեսն իր ձեռքը վերցնելու նպատակ: Պետբյուջեի միջոցներից քաղաքապետը նույնիսկ իր փափագած բիզնեսի համար գերեզմանոցի մուտքի մոտ շենք է կառուցել, որի աշխատանքները դադարեցվել են գերեզմանոցի բարեկարգման տխուր վիճակի մասին հրապարակումից և դրա նկատմամբ Լոռու մարզային դատախազության հետաքրքրությունից հետո: Այդուհանդերձ, պարզվում է, որ դատախազությունը գերեզմանոցի գործը փակել է, իսկ Ալավերդի համայնքի ավագանին 25.05. 2009 թ. նիստում լսել է Ալավերդի համայնքում հուղարկավորության կազմակերպման մասին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի զեկուցումը և, ղեկավարվելով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի բյուջեի հնարավորությունը և նպատակահարմարությունը` որոշել է համայնքի ղեկավար Արթուր Նալբանդյանին թույլատրել իրականացնելու քաղաքի հուղարկավորության կազմակերպումը, գերեզմանատների տրամադրումը, պահպանումն ու շահագործումը: Ըստ ավագանու այդ որոշման` քաղաքապետը շահավետ բիզնեսն իրականացնելու է համայնքի բյուջեի միջոցներով: Թե դրանից ավագանին ֆինանսական ինչ հոսքեր է կանխատեսում համայնքի բյուջե, որոշման մեջ չի ասվում: Ահա թե ուր է հասնում Ալավերդու ավագանու հնազանդությունը: Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածը համայնքի ղեկավարի համար ավելի ծանրակշիռ լիազորություններ է սահմանում քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան հողերի գոտիավորման և օգտագործման, քաղաքաշինության, կառուցապատման և այլ կենսական ոլորտներում: Ալավերդիում դրանք գտնվում են անմխիթար և անվերահսկելի վիճակում, սակայն իրավիճակը շտկելու համար ավագանին իր որևէ որոշմամբ քաղաքապետին այդ ամենով լրջորեն զբաղվելու «թույլտվություն» չի տվել: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ սեփական բիզնեսը ծաղկեցնելու վերոնշյալ դեպքը եզակի չէ: Նա համայնքի բյուջեից միայն 2009 թ.-ին նախատեսել է 50 մլն դրամի գնումներ կատարել (եւ կատարում է) իր սեփական «Կատա» խանութների ցանցից: Վերջերս շահագործվեց քաղաքապետի Ալավերդի-Շնող ճանապարհահատվածում տեղավորված քարի արտադրամասը: Իսկ ուշագրավն այն է, որ Ալավերդի համայնքի ավագանին իր բոլոր նախկին և ներկա որոշումները, կարելի է, թե չի կարելի, հաստատում է միաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter