HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Եհովայի վկաներ» եկեղեցին պատրաստվում է բողոքարկել գրանցումը մերժելու որոշումը

Ղարաբաղում տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից շարունակվում է շատերի որակմամբ հոգեորսություն ասվածը. մարդիկ, հատկապես «Եհովայի վկաներ»-ի անդամները, որոնք Ղարաբաղում արտաքնապես տարբերվում են իրենց միատեսակ պայուսակներով, շարունակում են այցելել մարդկանց տներ, նույնիսկ գրասենյակներ` բաժանելով իրենց գրքույկները եւ զրույց ծավալելով բնակիչների հետ: Թե որքանով դա կարելի է հոգեորսություն որակել` անհասկանալի է, ամեն դեպքում ոլորտի մասնագետները հավաստիացնում են, որ հենց դա է հոգեորսությունը, ինչն արգելվում է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածով: Եթե այդ «քարոզիչների» զրուցակիցն ավելի միամիտ է գտնվում եւ տրվում է նրանց ամեն մի ասածին ու սկսում հավատալ` այդ դեպքում հաստատ «որսը» հաջողվում է, եւ կարելի է արձանագրել հոգեորսություն ասվածը: Եւ դա տեղի է ունենում ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաեւ հանրապետության շրջաններում: Այս եւ նման երեւույթները կանխելու նպատակով է թերեւս Ղարաբաղում սկսվել կրոնական կազմակերպությունների գրանցման գործընթացը: Հանրապետությունում ընդհանուր առմամբ գործում է 11 կրոնական կազմակերպություն` Հայ առաքելական եկեղեցին, Արցախի հայ ավետարանական եկեղեցին(150-200 անդամով), Հայ կաթողիկե եկեղեցին (250 անդամով), «Արթնության կրակ» եկեղեցին (350 անդամով), «Ավետարանական քրիստոնյա բաբտիստներ»-ը (100), Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցությունը (250), «Եհովայի վկաներ» եկեղեցին (240 հիմնական անդամներով), Արցախի ռուս ուղղափառ եկեղեցին (150), «7-րդ օրվա ադվենտիստներ»-ը, «Ռեմա» եւ «Ագապե» եկեղեցիները (վերջին երեքի անդամների ընդհանուր թիվը 50-ից ցածր է): ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը Հետքի հետ զրույցում, խոսելով կազմակերպությունների գրանցման ընթացքի մասին, տեղեկացրել է, կրոնական կազմակերպություններից այս պահին պետական գրանցում են ստացել Արցախի հայ կաթողիկե եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցությունը, Արցախի Հայ ավետարանական եկեղեցին եւ Արցախի ռուս ուղղափառ եկեղեցին: «Պետական ռեգիստրի կողմից մերժվել է Արթնության կրակ» եւ «Եհովայի վկաներ» եկեղեցու գրանցումը` հիմք ընդունելով փորձագիտական բացասական եզրակացությունը»,-տեղեկացրել է Աշոտ Սարգսյանը: Նա նաեւ ավելացրեց, որ «Եհովայի վկաներ» եկեղեցին պատրաստվում է դատական կարգով բողոքարկել գրանցումը մերժելու որոշումը: Գրանցման ենթակա չէ միայն Հայ առաքելական եկեղեցին, որովհետեւ ԼՂՀ Սահմանադրության 10-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից եւ ԼՂՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունն արցախահայության հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Արցախում այժմ գործող կրոնական մյուս կազմակերպություններն այսօրվա դրությամբ դեռ բաժին չեն դիմել, այնինչ նրանք օրենքի 25-րդ հոդվածի համաձայն պարտավոր են գրանցվել կամ վերագրանցվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, որը լրանում է վաղը` հուլիսի 9-ին: Հակառակ դեպքում նրանց արգելվելու է գործունեություն ծավալել` հոգեւոր արարողություններ եւ ծիսակարգեր իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter