HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոսկերչյանը մեկ խնդրանք ունի դատարանից

g-voskerchyan_8.07.09Այսօր ավարտվեց «7-ի գործից» մնացած վերջին դատավարությունը: Աբովյանի նախկին քաղաքապետ, նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած Գրիգոր Ոսկերչյանի գործով վճիռը կհրապարակի հուլիս 10-ին, ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ Ոսկերչյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «խմբակային զանգվածային անկարգությունների կազմակերպում»: Այսօր Գրիգոր Ոսկերչյանն իր վերջին խոսքում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանից խնդրեց մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում չարտասանել հանուն Հայաստանի Հանրապետության խոսքերը: «Որովհետեւ այս արտահայտությունն ինձ համար բարձր արժեք է եւ վեհ է: Ես չէի ցանկանա այն լսել անարդար վճռին կցված»,- հայտարարեց Ոսկերչյանը: Իսկ պաշտպանական ճառում բանտարկյալը նշեց, որ դատարանն ու մեղադրողը համագործակցել են դատաքննության ողջ ընթացքում: Մասնավորապես` պաշտպանական կողմը միջնորդել էր որպես վկա դատարան հրավիրել 2 տասնյակ քաղաքացիներին: Այդ մարդկանց անունները հանձնել են դատավոր Գագիկ Պողոսյանին, որն էլ, ըստ Ոսկերչյանի, վկաների անունները հանձնել է իրավապահներին, որպեսզի մինչեւ դատարան ներկայանալը «մշակեն» այդ վկաներին: Ոսկերչյանը հայտարարեց, որ մեղադրող դատախազին չհաջողվեց ներկայացնել իր մեղքն ապացուցող գոնե մեկ փաստ, ավելին` իրեն մեղսագրվող հանցագործությունը երբեք չի անհատականացվել, այլ ներկայացվել է իբրեւ խմբակային արարք: Ոսկերչյանը մեղադրող կողմ է համարում ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ իշխանությանը` Հանրային հեռուստատեսության հետ համատեղ: Մեղադրող Աշոտ Նադոյանն էլ ռեպլիկի իրավունքով «02» հաղորդաշարին բնորոշ առողգանությամբ հայտարարեց, թե Ոսկերչյանի մեղադրանքը լիովին ապացուցված է, ինչին պաշտպան Մուշեղ Շուշանյանը հակադարձեց, թե դատախազի ելույթը անբովանդակ էր: «Ես համոզված եմ, որ մեղադրողն այժմ էլ չի կարող ներկայացնել գեթ մեկ ապացույց, որով կապացուցվի Ոսկերչյանին մեղսագրվող հանցագործությունը»,- ասաց Մ.Շուշանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter