Համանախագահներին չի հաջողվում Ադրբեջանի ղեկավարներին համոզել դիպուկահարներին հեռացնել շփման գծից
Իսկ այն, որ «Ադրբեջանը թույլ է տալիս, որ ղարաբաղցիներն իրենց հողում անվտանգ բնակվեն և չի սպառնում սպանել նրանց», արդեն առաջընթաց է համարվում
«Մեծ ձեռքբերու՞մ է, որ Ալիևը խոսում է այն մասին, որ հայերը Ղարաբաղում կարող են անվտանգ զգալ, և Ադրբեջանը թույլ է տալիս, որ ղարաբաղցիներն իրենց հողում անվտանգ բնակվեն և չի սպառնում սպանել»: Այս հարցը հնչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր Երևանում հրավիրած ասուլիսի ժամանակ այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզան ու Բեռնար Ֆասիեն հայտարարեցին, որ դրական է այն, որ Ալիևը մի քանի շաբաթ առաջ ասել է, թե Ղարաբաղի բնակիչներն իրենց պետք է անվտանգ ու հանգիստ զգան, և որ Ղարաբաղում պետք է հնարավոր լինի նորմալ ապրել:
Բեռնար Ֆասիեն պատասխանեց. «Դուք ի՞նչ կնախընտրեք. երբ որոշ ադրբեջանական դեմքեր ասում էին, որ անհրաժեշտ է Ղարաբաղը և տարածքներն ուժով հետ վերցնել, թե՞ երբ Ադրբեջանի նախագահն ասում է, որ անհրաժեշտ է, որ Ղարաբաղում մարդիկ հանգիստ, անվտանգ ապրեն: Ինձ թվում է` դա պարզ է»:
Բեռնար Ֆասիեի խոսքերով` սա, իհարկե, «առաջընթացի վերջը չէ», բայց զգալի քայլ է առաջ: Ըստ նրա` իրենք խնդրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց հասարակություններին պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի:
Ըստ Մեթյու Բրայզայի` Ալիևի այն հայտարարությունը, որ գործընթացի այս փուլում քաղաքական երաշխիքներն ավելի կարևոր են, քան ռազմականը, հուսադրող է:
«Դուք հիմա փորձում եք դրական ներկայացնել այն, ինչ Ադրբեջանի նախագահն ասում է միայն Ադրբեջանին ձեռնտու լինելու տեսանկյունից: Այդ դեպքում ասեք, որ նախագահ Սարգսյանի հայտարարություններում ևս դրական շատ մեծ բան կա, երբ վերջինս խոսում է այն մասին, որ ամեն ինչ պետք է հիմնվի ինքնորոշման սկզբունքի վրա» լրագրողի դիտարկմանը Յուրի Մերզլյակովը պատասխանեց. «Ախր, Դուք մեզ այդ մասին հարցեր չեք տալիս»:
Իսկ Բեռնար Ֆասիեն ասաց, որ հակամարտությունը հնարավոր չէ լուծել միայն այս կամ այն սկզբունքի վրա, և միակ ելքը 3 սկզբունքները` ազգերի ինքնորոշումը, ուժի չկիրառումը և տարածքային ամբողջականությունը, համադրելն է:
«Հնարավո՞ր է` ուժի չկիրառման մասին որևէ համաձայնագիր ստորագրվի» հարցին Մեթյու Բրայզան պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է: Ուժի չկիրառման սկզբունքը կենտրոնական տեղ է զբաղեցնում այն ամենում, ինչ մենք անում ենք` որպես համանախագահներ: Եվ բանակցային գործընթացում մենք աշխատում ենք, որ կարողանանք այդ խոսքերը կյանքի կոչելու ձևը գտնել»:
Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշեց, որ իրենց չի հաջողվել համոզել Ադրբեջանի ղեկավարությանը, որ այդ քայլը նպատակահարմար է: Մինչդեռ դիպուկահարներին հեռացնելու համանախագահների առաջարկը Հայաստանում և Արցախում ընդունվել է:
Նույն խնդրի վերաբերյալ Բեռնար Ֆասիեն ասաց. «Մեզ դեռևս չի հաջողվել հավանություն ստանալ Բաքվում: Բայց ինչպես ասում են մեր բրիտանացի ընկերները` «Երբեք մի ասա` երբեք»: Սա նշանակում է, որ մենք մեծ հույս ունենք, որ եթե բանակցությունների շուրջ ընդհանուր մթնոլորտն ամրապնդվի, շարունակի լավանալ, գուցե մի օր մենք կկարողանանք ստանալ հավանություն, քանի որ դա շատ իմաստուն առաջարկ է, որը կարող էր խնայել որոշ երիտասարդ մարդկանց կյանքեր»:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր մասն է ճիշտ Ալիևի այն խոսքերից, թե իբր «իրենք Ադրբեջանը չեն տեսնում առանց Ղարաբաղի» և արդյոք կարելի՞ է ամեն ինչ դիտարկել միայն Ադբեջանին ձեռնտու տեսանկյունից` Յուրի Մերզլյակովն ասաց. «Համաձայնեք` միամիտ կլիներ հույս ունենալ, որ Ադրբեջանի նախագահն իր ելույթում կասեր, թե երազում է, որ Ղարաբաղն անկախանա: Նա ասում է այն, ինչին հույս ունի հասնել կարգավորման արդյունքում` որպես Ադրբեջանի նախագահ: Նա ասում էր, որ դա վերջնական իրավական կարգավիճակի հարց է: Հարցն այսօր չի լուծվելու, ոչ էլ վաղը, այլ` ավելի ուշ: Թե ինչքան ուշ` դեռ պետք է համաձայնության գալ: Այդ հայտարարությունից ես տեսնում եմ, որ նախագահ Ալիևը հույս ունի, որ ինքնորոշման հարցով քվեարկության արդյունքում Ղարաբաղի բնակչությունը կարտահայտվի նրա օգտին, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Խանգարել նրան դրա հույսն ունենալ` ոչ ոք չի կարող»:
Ճիշտ նույն կերպ, ըստ ռուսաստանցի համանախագահի, Ղարաբաղում և Հայաստանում ցանկությունները բոլորովին այլ են, և տարօրինակ կլիներ պահանջել Ղարաբաղի և Հայաստանի հայերից համաձայնել նրան, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում:
«Պետք է պատրաստվել նրան, որ այդ խաղաղ համակեցության արդյունքում իր` Ղարաբաղի ժողովրդի կողմից, ազատ, իրական կամարտահայտության ճանապարհով, կընդունվի որոշում, որն ինքնուրույն կորոշի Ղարաբաղի բնակչության ճակատագիրը»,- ասաց Յուրի Մերզլյակովը:
Բեռնար Ֆասիեն էլ այս նույն հարցի առթիվ նշեց, որ «հրապարակային հայտարարությունները ոչ միշտ են համընկնում իրական բանակցությունների հետ: Մենք միջնորդներ ենք ոչ թե հայտարարությունների, այլ նախագահների միջև: Դա լրիվ ուրիշ բան է»:
Մեկնաբանելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` Երևանում մի քանի օր առաջ արած այն հայտարարությունը, որ առանց բանակցություններում Արցախի իրական ներգրավման առաջընթաց չի կարող լինել` Բեռնար Ֆասիեն կրկնեց, որ իրենք «նախագահների հայտարարությունների միջնորդներ չեն: Առավել ևս մենք միջնորդները չենք այլ անձանց հայտարարությունների»:
Իսկ Յուրի Մերզլյակովը նշեց, որ համանախագահները համարում են, որ «այդպիսի մասնակցություն պետք է տեղի ունենա: Մենք շատ մեծ հույս ունենք, որ կարգավորման բազային սկզբունքների համաձայնեցումից հետո, երբ այդ հիմքի վրա սկսվի համաձայնության տեքստի մշակումը, Ղարաբաղի ներկայացուցիչները կմասնակցեն այդ գործընթացին այն ձևով, որով կհամաձայնեն կողմերը»:
Անդրադառնալով Մադրիդյան առաջարկներին` Բեռնար Ֆասիեն նշեց, որ դրանք մոտ 15 գլխավոր սկզբունքներ են: Նրա խոսքերով` պետք է խորությամբ բանակցել դրանցից յուրաքանչյուրի բովանդակության շուրջ: «Մադրիդյան փաստաթղթում կան սկզբունքներ, որոնք արդեն բավականին լավ զարգացած են, ինչպես նաև այնպիսիք, որոնք պետք է մշակվեն»,- ասաց Բեռնար Ֆասիեն` հավելելով, որ 2-3 դժվար կետերի շուրջ իրենք մինչ այժմ քննարկումներ էին վարում, որոնք ավարտելուց հետո հնարավոր կլինի սկսել մյուս կետերի քննարկումները, որոնց վերաբերյալ մինչ այժմ միայն ընդհանրական քննարկումներ են եղել:
Այն հարցին, թե 2-3 սկբունքները, որոնց վերաբերյալ կարծես թե արդեն համաձայնություն է ձեռք բերվել, հենց այն նու՞յն սկզբունքներ են, որոնց մասին Վարդան Օսկանյանը նշում էր` որպես 2-3 չլուծված, սկզբունքային հարց` ֆրանսիացի համանախագահը պատասխանեց. «Բանակցությունները շարունակվում են այսօր: Վարդան Օսկանյանն այլևս արտգործնախարար չէ: Մենք բանակցում ենք ներկայիս նախարարի հետ»:
Ինչպես հայտնեց Բեռնար Ֆասիեն, Մինսկի խմբի համանախագահները երեկ երեկոյան և այսօր առավոտյան հանդիպել են Հայաստանի Արտգործնախարարի հետ: Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում է տեղի ունենալու նաև այսօր երեկոյան:
Այսօր համանախագահները հանդիպել են նաև նախագահ Սերժ Սարգսյանին: Վաղը Մինսկի խումբը մեկնում է Բաքու: Իսկ ահա Ստեփանակերտ այցը, որը աշխատանքային ժամանակացույցով պետք է տեղի ունենար երեկ, չի կայացել «օդերևութաբանական պայմանների պատճառով»:
«Եղանակային պայմանները չներեցին, որ մեր ինքնաթիռն այնտեղ վայրէջք կատարեր: Ես նկատում եմ, որ ձեզնից ոմանք ծիծաղում են, բայց ավելացնեմ, որ սխալվում են` ծիծաղելով: Բայց ես, ամեն դեպքում, կոչ եմ անում ձեզ բոլորիդ, մանավանդ նրանց, ովքեր ծիծաղեցին, զանգել պրն Սահակյանին ու նրան հարցնել այն խոսակցության մասին, որը մենք ունեցել ենք իր հետ: Այնտեղ գնալու և այնտեղից վերադառնալու համար 1 օրվանից ավելի երկար ժամանակ է պահանջվում: Իսկ միակ տարբերակը նմանատիպ անհաջող դրսևորումից խուսափելու համար երևի թե հաջորդ անգամ ավելի երկար ժամանակ նախատեսելն է, որը մեզ հնարավորություն կընձեռի ցամաքային ճանապարհով գնալ Ղարաբաղ և հետ գալ»,- ասաց Բեռնար Ֆասիեն:
Ինչպես նշեցին համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունիսի 17-ին Մոսկվայում: Սակայն Յուրի Մերզլյակովն ասաց, որ դեռևս պետք չէ մոսկովյան հանդիպման մասին խոսել` որպես 100%-ով որոշվածի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել