ՀՀ-ն ու ԼՂՀ-ն աշխարհի կենտրոնը չեն
«Չեմ կարծում, թե Օբաման ու Մեդվեդևը խոսել են ԼՂ հարցի մասին, նրանք բազմաթիվ այլ կարևոր բաներ ունեն քննարկելու»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայաստանն ու ԼՂՀ-ն աշխարհի կենտրոնը չեն:

Եվ Հայաստանից այն ակնկալիքները, որ եթե Օբաման ու Մեդվեդևը հանդիպել են, ուրեմն` պետք է քննարկեն իրենց այնպիսի քիչ հետաքրքրություն ներկայացնող ու առաջիկայում լուծման ոչ մի հեռանկար չունեցող հարց, ինչպիսին ԼՂ հարցն է, այդ սպասումները, մեղմ ասած` տեղին չեն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ես չգիտեմ, նրանք այդ մասին խոսե՞լ են, թե՞ ոչ: Բայց մյուս կողմից էլ, եթե աշխարհի գերտերությունների ղեկավարներն առավոտից իրիկուն քննարկեին մեզ վերաբերող հարցեր, մեզ համար շատ դժվար կլիներ ապրել. այս տարածաշրջանում ամեն ինչ նրանք կորոշեին: Փառք աստծո, դա այդպես չէ»,- ասել է նա:
Խափանման միջոցը պետք է կասեցվի
Անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ընդհատակից դուրս գալու դեպքում սպառնում է կալանավորում` այն դեպքում, երբ ԱԺ-ն հանձնարարություն էր տվել նրան կալանավորելու ՔՕ 300 հոդվածով եւ 225-ի 3-րդ մասով, իսկ այժմ նրան առաջադրված է 225-ի առաջին մասը` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը մասնագիտությամբ նաեւ իրավագետ է, ասաց. «Սա մեր օրենսդրության թերություններից է: Գլխավոր դատախազը կարող է պատգամավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնել մի մեղադրանքով, բայց ընթացքում փոփոխության ենթարկել` առանց հաշվի առնելու, որ ԱԺ-ում զեկույց է ներկայացրել այլ որակմամբ, այլ ձեւով կամ այլ փաստերի հիման վրա...»:
Արծվիկ Մինասյանը հավելեց. «Ես կհորդորեի կամ կոչ կանեի, որ կասեցվի բոլոր այն անձանց խափանման միջոցը, ովքեր այս գործով գտնվում են հետախուզման մեջ: ԱԺ-ն ընդունած համանմերմամբ սահմանել է ժամկետ` ներկայանալու եւ դրան համապատասխան քրեաիրավական գործողությունները շարունակելու համար: Այդ դեպքում անտրամաբանական է դառնում, եթե պահպանված է խափանման միջոցը` անձն ի՞նչ երաշխիքով կամ վստահությամբ պետք է ներկայանա»:
Առաջադրանքը կատարված է
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այս տարի ավելի շատ մտավորականներ են դիմում սոցիալական ծառայությունների` նպաստ ստանալու խնդրանքով, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, թե «այնքան լավն են մեր տրամադրած նյութական փաթեթները, որ անգամ մտավորականներն են ձգտում ստանալ այդ նպաստը»:
«ՉԻ» - Մինչեւ հիմա կատարյալ անմեղսունակության այսպիսի անհերքելի ապացույցներ նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր կարողացել ներկայացնել:
Դա նույնն է, թե աֆրիկյան որեւէ երկրի առողջապահության նախարարը հայտարարի, որ երկրում ոչ մի համաճարակ էլ չկա, պարզապես ժանտախտի դեղերն այնքան համով են, որ բոլորը հաճույքով հերթ են կանգնում այդ դեղահաբերը ստանալու համար:
Կամ էլ բացատրի, որ մարդիկ աղբարկղերը քչփորում եւ ուտելիք են փնտրում ոչ թե սովից, այլ ընդամենը այն պատճառով, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանում է, ժողովուրդը հարստանում է եւ արդյուքնում` շատ ճոխ աղբարկղեր ունենք:
Ամեն դեպքում Ներսես Երիցյանին կարելի է շնորհավորել: Եթե նա իր առջեւ խնդիր էր դրել ապացուցել, որ Կառավարության կազմում ամենաանուղեղ մարդը վարչապետը չէ, նա լիովին կատարեց առաջադրանքը:
Բոյկոտում են
ԼՂՀ մի շարք հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ իրենք այլեւս աննպատակահարմար են գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո «International Alert» կազմակերպության կողմից անցկացվող ֆորումներին մասնակցելը:
Իրենց այս քայլը Ղարաբաղի հ/կ-ների ներկայացուցիչները բացատրել են նրանով, որ նախ` մինչեւ հիմա չեն քողազերծվել «Մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները:
«Երկրորդ պատճառն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից համանախագահների կողմից ներկայացված կարգավորման սխեման, որը ներկայացվել է ԼՂՀ քաղաքացիական հասարակության ղեկավարներին, եւ որը վերջերս հրապարակավ հաստատվեց նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից` «Ռոսիա» ալիքի եթերում, հակասում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի արմատական շահերին:
Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարող օժանդակել այն գործընթացներին, որոնք չեն կարող նպաստել արդարացի խաղաղության հաստատմանը, այլ ավելի շատ ուղղված են իրավիճակի ապակայունացմանը` ինչպես ԼՂ հակամարտության տարածաշրջանի երկրների, այդպես էլ` այդ երկրների միջև»,- հայտարարել են ԼՂՀ հ/կ-ների ներկայացուցիչները:
Վերջիններս դիմել են նաեւ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին` այդ հարցում աջակցել իրենց արցախյան գործընկերներին:
Հայ համայնքը նոսրանում է Սուդանում
Սուդանում մնացած մի բուռ /մոտ 50 հոգի/ հայերը կիրակի օրերը երեկոյան եկեղեցի են այցելում, քանի որ հիմնականում մահմեդական բնակչությամբ այդ երկրում կիրակին աշխատանքային օր է:
Պատարագից հետո նրանք ՍԲ Գրիգոր հայկական եկեղեցու բակում սուրճ են ըմպում եւ վերհիշում են հին օրերը, երբ հայկական համայնքն ավելի մեծ էր:
Հայերը որպես փախստական Սուդան են եկել Թուրքիայից, 1915-ի զանգվածային սպանությունների հետեւանքով:
Ներգաղթողների երկրորդ ալիքը 1950-ական թվերին է տեղփոխվել: Սբ Գրիգոր եկեղեցին իր դռներն է բացել 1957-ին: Իր ամենաբարգավաճ ժամանակահատվածում համայնքը հաշվել է 2000 հոգի:
Մայրաքաղաքային տրանսպորտը հոգեվարքի մեջ է
Շատ բան է վկայում այն մասին, որ «Երեւանի վերգետնյա հասարակական տրանսպորտ» կոչվող ոլորտում լուրջ պրոբլեմներ կան: Թեպետ ավելի ազնիվ կլինի ասել, որ Երեւանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտը, դրանում ներգրաված շուրջ 60 ընկերություններով հանդերձ ուղղակի հոգեվարքի մեջ են:
Մայրաքաղաքային տրանսպորտի հոգեվարքային վիճակի վկայությունն է թեկուզ հենց այն, որ երևանյան երթուղիները շահագործող 55-60 ընկերություններից, ավելի մատչելի` «գծատերերից» 10-12-ը այժմ դատական քաշքշուկների մեջ են տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունների չկատարման կամ հարկային տույժ-տուգանքների գործերով:
Հատկանշական է, որ դրանք հիմնականում ավտոբուսային երթուղիներ շահագործող-սպասարկողներն են: Իսկ միկրոավտոբուսային «գծատերերն» էլ սնանկացման «կանգառում» են: Խորտակումը մոտ է, եթե իհարկե մայրաքաղաքի նորընծա ղեկավարությունն ու կառավորությունը շուտափույթ քայլեր չձեռնարկի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել