HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Օր առաջ ազատ արձակեք Հացպանյանին

20_04-s_hatspanyanԱյսօր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն եւ մի քանի ազատամարտիկներ ասուլիս էին հրավիրել, որպեսզի Արդարադատության նախարարությանը կոչ անեն օր առաջ ազատ արձակել ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին: Հիշեցնենք, որ վերջինս 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել սուտ մատնության համար: Ըստ Ազգային ժողովի ընդունած Համաներման մասին օրենքի` մինչեւ 5 տարի ազատազրկման դատապարտվածները կարող են ազատ արձակվել, եթե մասնակցել են Արցախյան ազատամարտին: Այսօրվա բանախոսները փաստեր ներկայացրին, որոնցով հաստատվում է Հացպանյանի մասնակցությունը Արցախյան ազատամարտին: Նույն փաստաթղթերը նրանք ուղարկել են նաեւ Արդարադատության նախարարություն: Թեեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարություններում բացակայում են Սարգիս Հացպանյանին վերաբերող փաստաթղթերը, սակայն նրա զինակիցները, ինչպես նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահն արդեն հաստատել են, որ Սարգիսը մասնակցել է պատերազմին: ishxanyan-revazyanԸստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի` մյուս ազատամարտիկների վկայություններն արդեն իսկ բավարար հիմք են` Հացպանյանին ազատ արձակելու համար: Բացի այդ, Հացպանյանը միակ ազատամարտիկը չէ, որի վերաբերյալ փաստաթղթեր գոյություն չունեն Պաշտպանության նախարարությունում: Ասուլիսին ներկա Հացպանյանի զինակիցները հատուկ շեշտեցին, որ պատերազմի ծանր տարիներին, երբ շատերը լքում էին հայրենիքը, Հացպանյանը թողեց իր բարեկեցիկ կյանքը եւ Փարիզից եկավ Հայաստան: Հացպանյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ սուտ մատնության համար 3.5 տարի ազատազրկումն աննախադեպ երեւույթ է: Բանախոսների կարծիքով` Սարգիս Հացպանյանից վրեժխնդիր են լինում իր ազատ լեզվի համար: Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը մի քանի անգամ քննադատական ելույթներ է ունեցել նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության հանրահավաքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter