HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Արզումանյան. «Հայ-թուրքական հարաբերություններն օգտագործվել են Թուրքիայի կողմից»

«Ապրիլի 23-ին ստորագրված «Ճանապարհային քարտեզն» ընդամենը բլեֆ է, հայ-թուրքական հարաբերությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի այդ պահին Թուրքիայի իշխանություններին ձեռնտու է եղել ստեղծել պատրանք, թե կա դիալոգ, որ հարաբերություններն արդեն հասել են հանգուցալուծման, և երկուստեք պատրաստակամություն կա` մի շարք հարցերի խաղաղ կարգավորման համար»,- այսօր նման հայտարարություն արեց նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինիս խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման մոտեցումը` առանց որևէ նախապայմանի: Սակայն, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, վերջին 10 տարիների ընթացքում երկու կողմից էլ եղել են նախապայմաններ, ընդ որում` շատ հաճախ իրար հակասող, անընդունելի, և միշտ նախապայմանների վրա հիմնվելով են փորձել հարաբերություններ բարելավել: «Թուրքիան իր առջև դրած խնդիրը լուծեց, ու նաև վերջերս Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասվեց, որ, փաստորեն, թուրքերը նախապայման են դնում ու կապում են Ղարաբաղի հարցի կարգավորման հետ: Դա միշտ եղել է անընդունելի մոտեցում: Հայաստանի իշխանությունները, 1991 թ. սկսած, մշտապես ասել են, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող պայմանավորվել ԼՂՀ հակամարտությամբ, դրանք տարբեր հարթություններ են: Եվ դա Հայաստանը մշտապես անընդունելի նախապայման է համարել»,- ասաց նա: Թեև խոսվում էր առանց նախապայմանների սահմաններ բացելու, խնդիրներ լուծելու մասին, սակայն, ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, գաղտնազերծվեց, որ կան մի շարք նախապայմաններ` հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ԼՂՀ հակամարտության կարգավորումը և այլն: «Սա գալիս է ապացուցելու, որ հայ-թուրքական հարաբերություններն օգտագործվել են Թուրքիայի կողմից` ընդամենը իր առջև դրած կոնկրետ մի խնդիր լուծելու համար: Հայ-թուրքական հարաբերություններն այսօր զրո են: Բոլորը փորձում են հայ-թուրքական հարաբերություններն անդրադարձել ԼՂ հարցի կարգավորման վրա: Բայց դա կլինի հայկական արտաքին քաղաքականության մեծագույն կորուստներից մեկը, եթե մենք ԼՂ հարցի կարգավորումը պայմանավորենք Թուրքիայի հետ հարաբերություններով: Դա անընդունելի մոտեցում է Հայաստանի համար: Դա հետևանք է այն բանի, որ այսօր Հայաստանի իշխանություններն այնքան թույլ են ու ոչ լեգիտիմ, որ իրենց լեգիտիմությունը ապահովելու համար պատրաստ են ցանկացած զիջման գնալու»,- ասաց նա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին` Ա. Արզումանյանը մտահոգություն հայտնեց, որ վերջին օրերին միջազգային մամուլն ամբողջովին հեղեղված է ադրբեջանցի շատ բարձր պաշտոնյաների հայտարարություններով, որոնք որևէ արձագանք չեն ստացել Հայաստանի կողմից: «Հայաստանը լռում է, միջնորդներն ընդհանուր ֆրազներ են ասում` հնարավորության պատուհան և այլն, Ադրբեջանը տալիս է ողջ իր պատկերացրած լուծման եղանակները, ԼՂՀ-ն էլ` տպավորություն է, թե խոսքը գնում է Կիպրոսի հանրապետության մասին: Չգիտենք նույնիսկ` Ղարաբաղում հետևո՞ւմ են այս ամենին, թե ոչ»: Ա. Արզումանյանին մտահոգում է նաև ինչ-ինչ պատճառաբանությամբ Մինսկի խմբի համանախագահների` ԼՂՀ չայցելելը: «Անհասկանալի պատճառներով սա միակ տարին է, որ ասում են` եղանակը բարենպաստ չի եղել Ղարաբաղ գնալու համար: Տարօրինակ զուգադիպություն է`այսքան տարիների ընթացքում մի՞թե միշտ եղանակը բարենպաստ է եղել»,- ասաց նա: Շատ էր խոսվում, որ վերջին տարիներին ԼՂՀ-ն դուրս է մնացել բոլոր բանակցային գործընթացներից: Սակայն այսօր, Ա. Արզումանյանի խոսքով, Հայաստանն էլ է դուրս մնացել բանակցային գործընթացներից, մենք սուսուփուս սպասում ենք: «Այսօր ոչ կա ԼՂՀ-ի կողմ, որին փոխարիներ Հայաստանի Հանրապետությունը, ոչ էլ ՀՀ-ի տեսակետների հետ որևէ մեկը հաշվի է նստում: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններն այն մասին, թե ինչ է այսօր բանակցային սեղանին դրված, շատ մտահոգիչ ու անընդունելի է»,- ասաց նա` հավելելով, որ իր պատկերացմամբ`այսօր Հայաստանին պարտադրելու ծրագիր կա: Իսկ եթե դա ինչ-ինչ պատճառներով չստացվի, ապա չպետք է բացառել նաև ռազմական եղանակով հարցը լուծելը, ինչը Ադրբեջանը չի էլ թաքցնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter