HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերը

09_08-sargsyan-skapiniՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ  նրա գործունեության տարիները հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսակետից արդյունավետ կլինեն: Ընդգծելով Իտալիայի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը` Նախագահ Սարգսյանը դրա համար լավ հիմք է դիտել փոխադարձ ցանկությունը, պատմական ընդհանություններն ու այն արժեքները, որոնց դավանում են երկու երկրները: Նրա խոսքով` հայ-իտալական գործակցությունը  զարգացման լավ հեռանկար ունի նաեւ բազմակողմ ձեւաչափերում: Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, ասել է, որ կանի առավելագույնն ամրապնդելու առկա համագործակցությունն ու ստեղծելու նոր հնարավորություններ: Որպես իր գործունեության առաջնային ուղղություններ  նա նախանշել է առետրատնտեսական հարաբերությունների խթանումը, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Նախագահ Սարգսյանը ողջունել է Իտալիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի վճռականությունը` նշելով,որ դրա համար կան բոլոր հնարավորություններ: Դեսպան Սկապինին նշել է, որ  Իտալիան մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին: Հաջողություն մաղթելով նորանշանակ դեպանին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ նա իր գործունեությունը սկսում է մի երկրում, որը չունի հարուստ բնական պաշարներ, սակայն ունի պատմական ու մշակութային մեծ ժառանգություն, եվրոպական չափանիշներով ապրելու ձգտում եւ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու բարի կամք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter