HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է հացադուլ հայտարարած Տիգրան Առաքելյանին

Արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններին՝ այն մասին, որ ձերբակալված Տիգրան Առաքելյանը հացադուլ է հայտարարել, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը  08.07.2009 թվականին այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր (ՁԱՊՎ)՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ հանդիպման նպատակով: Ինչպես հաղորդում են Պաշտպանի գրասենյակից, նրա ներկայացուցիչները ՁԱՊՎ-ում հանդիպել և առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ: Վերջինս հայտնել է, որ 2009 թվականի հուլիսի 6-ին, ժամը տասից հայտարարել է հացադուլ, քանի որ նախաքննական մարմինը բացարձակ անհիմն կերպով իրեն կասկածում է հանցագործության կատարման մեջ: Հայտնել է նաև, 2009 թվականի հուլիսի 7-ի երեկոյան իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն այցելել է ՁԱՊՎ-ի բուժակը, որից հետո ՁԱՊՎ-ի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապ օգնության անձնակազմ: Շտապ օգնության բժշկի կողմից իրեն կատարվել է ներարկում: Պաշտպանի ներկայացուցիչները պարզելով, որ այցելության պահին Տիգրան Առաքելյանին դեռևս մեղադրանք առաջադրված չէ, և նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում, բացատրել են նրա որպես կասկածյալ և ձերբակալված անձ օրենքով սահմանված  իրավունքները, այդ թվում նաև պաշտպան ունենալու իրավունքը: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ ձերբակալման պահից ունի պաշտպան և գոհ է նրա մատուցած ծառայություններից: Ինչպես Տիգրան Առաքելյանը, այնպես էլ այցելության պահին ՁԱՊՎ-ում պահվող մյուս անձինք, որոնց հետ նույնպես հանդիպել և առանձնազրույց են ունեցել Պաշտպանի ներկայացուցիչները, ՁԱՊՎ- ի աշխատակիցների կամ իրենց պահման պայմանների վերաբերյալ որևէ բողոք չեն հայտնել: Այնուհետև խմբի կողմից ուսումնասիրվել է ՁԱՊՎ-ում պահվող անձանց հաշվառման թիվ 12 մատյանը, որից պարզվել է, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133 հոդվածի (ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում) պահանջի հնարավոր խախտում, քանի որ համաձայն նշված մատյանի N 95, 96, 97, 99, 100, 101, 102, 105, 115, 131, 135, 136, 147, 151, 152, 166, 168, 177, 182, 183, 203, 216, 217, 220, 223, 227, 245, 246, 263, 277, 281, 287, 288, 295, 298, 307, 314, 315, 316, 357, 383, 416, 438, 447, 454, 467, 468, 469, 477, 478, 488, 489, 498, 517, 523, 526, 527 համարների գրառման՝ թվով 57 ձարբակալված անձինք ձերբակալվելուց հետո  քսան ժամ և ավելի պահվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում, որից հետո միայն տեղափոխվել ձերբակալված անձանց պահելու վայր: Պաշտպանը նշված հնարավոր խախտումների պատճառ հանդիսացած հանգամանքների բացահայտման և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով գրությամբ դիմելու է ՀՀ ոստիկանապետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter