HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Հայաստանն իրավունք չունի պահպանել Լեռնային Ղարաբաղի անունից բանակցություններ վարելու մոնոպոլիան»

Այս մասին այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում անցկացված` «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ»թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Նա միաժամանակ նկատել է, որ բավականին համարձակ կլինի ենթադրել, որ Հայաստանի շահերն ամեն ինչում համապատասխանում են Ղարաբաղի շահերին: Նրա խոսքերով, Ղարաբաղը պետք է ճանաչվի հակամարտության լիիրավ կողմ, քանի որ այն ունի ժողովրդավարական սկզբունքներով ընտրված իշխանություն, որը պետք է հավասար ներկայություն ունենա բանակցություններում: Շարունակելով թեման Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում Ղարաբաղի նշանակությունը տարածաշրջանում ավելի է մեծացել: Հենց Ղարաբաղի ռազմավարությունից է կախված տարածաշրջանի կայունությունը, նրանից է կախված, թե 10-12 տարի հետո ինչպիսինն է լինելու տարածաշրջանը: Այն որոշումը, որը պետք է հիմա կայացվի` հետագա սերունդների համար կլինի, այս միտքն է արտահայտել ամերիկահայ վելուծաբանը` ավելացնելով, որ այսօրվա իշխանությունները պետք է լուրջ մտածեն, թե ինչ Ղարաբաղ եւ Հայաստան են ժառանգություն թողնելու սերունդներին: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումների եւ Ադրբեջանի, ըստ նրա, ոչ ռացիոնալ քայլերի մասին, Ռ.Կիրակոսյանը հայտնել է այն կարծիքը, որ Հայաստանի եւ Ղարաբաղի առավելությունը կայանում է նրանում, որ այստեղ պաշտպանվելու կամքն ուժեղ է, այն դեպքում, երբ ադրբեջանցիներն էլ պատրաստ չեն հարձակման: «Ռազմահայրենասիրական ոգին շատ ավելի կարեւոր է, քան քանակը»-շեշտել է նա` հավելելով, որ Ղարաբաղի ուժեղ եւ կայուն բանակն է հենց պատերազմի կանխարգելման հիմնական գործիքը եւ տարածաշրջանի կայունության երաշխիքը: Նա միաժամանակ շեշտել է, որ Ղարաբաղի համար շատ կարեւոր է, թե նա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությա±ն ասպարեզ կդառնա, թե մրցակցությա±ն: «Իմ կարծիքով, եւ ԱՄՆ-ին, եւ Ռուսաստանին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, եւ ամենեւին էլ անկեղծ չեն հայտարարությունները` հակամարտության շուտափույթ կարգավորման մասին»,-հավելել է նա: Ըստ վերլուծաբանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սկզբունքային տարբերություններից մեկն էլ այն է, որ Ղարաբաղը` Հայաստանի հետ միասին, չեն պատրաստվում տարածքներ զավթել, այլ պաշտպանական դիրք են գրավել, իսկ Ադրբեջանն իր ներկայիս պահվածքով մնում է պոտենցիալ ագրեսոր: Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում, ըստ քաղաքագետի, գոյություն չունի: Դա ցույց է տվել Վրաստանի օգոստոսյան պատերազմը, որից ստացված դասերից մեկն էլ եղել է այն, որ ռազմական լուծումը խոսում է երկրի թուլության մասին, եւ նրան կարող է բերել ավերիչ պարտության, չնայած օրեցօր աճող ռազմական բյուջեի: Այդ ամենին դիմադրելու եւ նման զարգացումները կանխելու նպատակով, Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանում եւ Ղարաբաղում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, հատկապես ռազմական բարեփոխումներ, որոնց արդյունքում եւ ՀՀ-ն, եւ ԼՂՀ-ն պետք է ամրապնդեն իրենց ինքնաբավությունը: Տեղեկացնենք, որ կոնֆերանսը նախաձեռնել է Հայաստանի Կովկասյան ինստիտուտը` «Հենրիխ Բյոլի» գերմանական հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին հիմնականում Ղարաբաղի եւ Հայաստանի փորձագետներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter